Արծվաշեն (Ադրբեջանի կողմից 1992թ. օգոստոսի 8-ին գրավված) գյուղի բնակչությունը 1873-1931 թթ

14493

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից գտնվում է Ադրբեջանի գրավման տակ: Դա Հայաստանի Հանրապետության միակ բնակավայրն է, որ շարունակում է Ադրբեջանի գրավման տակ մնալ:

Նախքան Ճամբարակի՝ նախկինում՝ Կրասնոսելսկի շրջանի ձևավորումը, Արծվաշենը եղել է Դիլիջանի շրջանի կազմում:

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականից հետո (այդ թվականին անցկացված մարդահամարի կամ հաշվառման ժամանակ Արծվաշենը չի հիշատակվում), գյուղը հիշատակվում է 1873-ի հաշվառման ժամանակ՝ 1015 հոգի, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել է 1831-ի և 1873-ի միջև ընկած ժամանակահատվածում, հավանաբար՝ 19-րդ դարի կեսերին:

Նախքան Արծվաշեն անվանվելը գյուղն ունեցել է Բաշ գյուղ, Բաշքենդ անունները:

Գյուղը, որպես Ղազախի գավառի մաս, եղել է 1867-ին ձևավորված Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմում: 1920-ին Կարմիր բանակը չկարողացավ ուժով խորհրդայնացնել Արծվաշենը, սակայն բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները ստանձնեցին գյուղի վերահսկողությունը: Արծվաշենը Հյուսիսային Արցախի միակ բնակավայրն էր, որ մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

1921-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում Արծվաշենը դարձավ Իջևանի գավառի մաս, որը 1922-ին կոչվեց Դիլիջանի գավառ: 1937 թվականին Արծվաշենը դարձավ նոր ձևավորված Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի (ներկայում՝ Ճամբարակ) շրջանի մաս:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Արծվաշենի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 1.015 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1.430 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.847 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 2.687 հոգի,

1914 թվական – 3.079 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1916 թվական – 2.836 հոգի,

1919 թվական – 3.482 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 3.475 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2.728 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2727-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 3.435 հոգի, բոլորը՝ հայ:

1926-1928 թվականների խորհրդային քարտեզներում Արծվաշենը սահման ունի Խորհրդային Հայաստանի Դիլիջանի գավառի հետ:

1939 թվականի քարտեզում Արծվաշենը կտրված էր Հայաստանից և վերածվել էր անկլավի:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2018/08/26/dilijan-region-1831-korkotian/