Ադրբեջանական սողացող անեքսիա. ի՞նչ անել՝ New Armenia

1490

Վերջին շրջանում Հայաստանն ու աշխարհը ականատես եղան, թե ինչպես են 44-օրյա պատերազմից հետո հնչեցրած մի շարք, երբեմն` ամենահոռետեսական և անհավանական կանխատեսումներն իրականանում։ Հայկական կողմի պարտությունից և ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի կնքումից հետո հնչում էին կարծիքներ, որ «դուխ» առած Իլհամ Ալիևը որպես հաջորդ թիրախ ընտրելու հայկական Սյունիքը, այն է` բուն Հայաստանի սուվերեն տարածքը։ Արցախյան առաջին պատերազմը հիշող մարդկանց շրջանում կարծիքներ են հնչում, որ Ալիևը փորձում է անել նույնը, ինչ իբրև թե արել է հայկական կողմն այն ժամանակ։ Ինչևիցե, ադրբեջանական ուժերի կողմից մի շարք տարածքային ոտնձգություններ տեղի ունեցան հենց Հայաստանի նկատմամբ` Հայաստանի և Ադրբեջանի, նախկինում հայկական վերահսկողության տակ գտնվող, տարածքների միջև սահմանի երկայնքով:

Ադրբեջանն այս ամենը բացատրում է սահմանազատման գործընթացով՝ իր ձեռքի տակ եղած քարտեզների հիման վրա: Խնդիրը ստացավ միջազգային արձագանք, մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Իրանը Ադրբեջանին հետ քաշվելու կոչեր արեցին։ Հայաստանը լայնամասշտաբ բախումից խուսափելու համար դիմեց ՀԱՊԿ-ին: Ըստ որոշ տեղեկությունների, Գյումրիի բազայից ռուսական զորքեր են տեղակայվել այդ տարածքներում:

Ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները ներքին խորհրդային սահմաններ էին և անկախությունից ի վեր, հայտնի պատճառներով, երբևէ չեն սահմանազատվել: Իսկ վերջին օրերին, պարզ դարձավ, որ խնդիրներ կան նույնիսկ այնտեղ, որտեղ վերջին 25 տարիների ընթացքում հայկական և ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին խոսք էլ չկար, օրինակ՝ Տավուշում, որտեղ կան այսպես կոչված «անկլավային» տարածքներ:

Դատելով ադրբեջանա-վրացական սահմանի հետ կապված խնդիրներից, կարելի է ասել, որ սահմանների սահմանազատումը կարող է մարտահրավեր դառնալ նույնիսկ բարեկամ պետությունների միջև, ինչպիսիք են Ադրբեջանն ուՎրաստանը։ Ի դեպ, հայ-վրացական սահմանը նույնպես մինչ օրս վերջնականապես սահմանազատված չէ։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա ականատես ենք դառնում, թե ինչպես պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունների սպասվելիք կարգավորման համապարփակ գործընթացը քննարկելու փոխարեն, հայ-ադրբեջանական միջազգային սահմանն այժմ հարկադրաբար «սահմանազատվում» է ադրբեջանական զինոուժի տեղաշարժերի միջոցով:

Այս երևույթը միջազգային պրակտիկայում նոր չէ և միջազգային բառապաշարում արդեն իսկ տեղ գտած, այսպես կոչված` «borderization»-ի (սահմանապատում) դասական օրինակ է, երբ փորձ է արվում գետնի վրա իրական վերահսկողության գիծը վերածել միջազգային սահմանի։ Դրա հայտնի օրինակներ են տարիների ընթացքում Իսրայելի կողմից իրականացված գործողությունները Գազայի հատվածում և Հորդանանի Արևմտյան ափում, Ուկրաինայում՝ Դոնբասի շրջանում և Վրաստանում՝ Հարավային Օսիայի սահմանին: Փաստացի, այս գործընթացը այսպես կոչված «սողացող աննեքսիայի» դրսևորում է։

Վրաստանի դեպքում borderization-ի այս գործընթացը բաղկացած է երկու իրար հետ կապված հարցերից. մեկը`գետնի վրա նախկինում տեսական սահմանի «նյութականացումն» է` սահմանային նշանների, փշալարերի և սահմանային պարեկների ներկայության տեսքով, իսկ երկրորդն այն է, որ այդ «նյութականացումը» հաճախակի հանգեցնում է վրաց-հարավօսական սահմանային գծի առաջխաղացմանը՝ դեպի վրացական կողմից վերահսկվող տարածքներ: Borderization-ի այս գործընթացին սկսվեց ուշադրություն դարձվել 2013-ի ընթացքում, երբ Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաները օտարերկրյա դիվանագետներին և միջազգային կազմակերպություններին տեղեկացրեցին «ռուսական զորքերի կողմից ցանկապատերի տեղադրման» մասին և հրավիրեցին նրանց տեսնել այդ գործունեությունը Դիցի, Դիդի Խուրվալեթի և Գուգուտիանկարի գյուղերի մոտակայքում: Հետագայում սահմանի նման «նյութականացումը» որոշ գյուղերի բնակիչներին զրկեց իրենց ոռոգման ջրի աղբյուրից, ոմանց` իրենց գյուղատնտեսական հողերից, ոմանց՝ իրենց գյուղի եկեղեցուց։ «Նյութականացման»-ը հետ զուգահեռ աճեցին սահմանի երկայնքով անգամ տեղացի վրացիների ձերբակալման դեպքերը, իբր «սահմանի խախտման» պատճառով:

Եվ ահա, այժմ borderization-ի է ենթարկվում Հայաստանը, ինչը դառնում է հայ-ադրբեջանական հակամարտության ևս մեկ, շատ կարևոր և չափազանց վտանգավոր ասպեկտ: Նման պահվածք Ադրբեջանի կողմից կարելի էր սպասել ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ադրբեջանի համար սա կարծես թե Հայաստանի վրա առավելագույն ճնշումը պահպանելու, այլ հարցերում զիջումներ կորզելու համար է: Սակայն, պետք է ընդունենք նաև, որ երբևիցե չսահմանազատված սահմանները այդ պահի դրությամբ ուժեղ կողմին միշտ թույլ են տալու հին կամ երկիմաստ քարտեզները վերածել գետնի վրա ավելի լավ դիրքերի: Դժվար չէ կռահել, որ հայ-ադրբեջանական սահմանին նման «ավելի լավ դիրքերի» վերածելու դեռ շատ հատվածներ կան և նման միջադեպեր դեռ շատ են լինելու: Եվ եթե այս կամ այն ձևով սկսված այս գործընթացը չկանգնեցվի, մենք կանգնելու ենք նորանոր  նման առաջխաղացումների փաստի առջև, ինչի «ռեվերսը» չափազանց դժվար է լինելու, եթե ոչ անհնարին:

Խնդիրն ունի նաև մեկ այլ կողմ։ Հայաստանում շուտով տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և, անշուշտ, Ադրրբեջանը քաջ գիտակցում է, որ նախընտրական համատեքստում, երկրի սահմանները պաշտպանելու ՀՀ իշխանությունների անկարողության բացահայտումը կարող է միայն թուլացնել Փաշինյանի դիրքերը։ Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. Բաքվի համար միևնույն է, թե ով է լինելու ՀՀ ղեկին, քանի որ Հայաստանն այժմ այնքան թուլացած է, որ այլևս դա նշանակություն չունի։ Կամ, ինչպես ոմանք պնդում են, Ադրբեջանը շտապում է և փորձում է հասցնել անել այն, ինչն անելը կդժվարանա ընտրություններից հետո։ Այսինքն, Ալիևը վստահ չէ, որ Ն. Փաշինյանը հաղթելու է կամ էլ վստահ չէ, թե հաղթանակից հետո Ն. Փաշինյանն ինչ կեցվածք կընդունի։ Վերլուծել կարելի է անվերջ։ Սակայն, եկեք տեսնենք, թե ո՞րն է Ալիևի շտապելու խնդրո առարկան։

Արդեն գաղտնիք չէ, որ սեղանին դրված է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու և գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Եվ հիմա հարց է, թե ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ։ Պե՞տք է ստորագրել այդ հայտարարությունը և համաձայնել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, թե՞ ոչ։

Ինչո՞վ է դա հղի: Ցանկացած գործընթաց ենթադրում է տրամաբանական ավարտ, որին հաջորդելու է արդյունքների ֆիքսում։ Այս դեպքում, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի ավարտին կողմերը կազմելու և ստորագրելու են Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր։ Միջնադարում այս բնույթի պայմանագրերը կոչվում էին «Հավերժ խաղաղության» պայմանագրեր, և միայն 20-րդ դարում նրանք ձեռք բերեցին իրենց ժամանակակից ձևը և «Սահմանի մասին պայմանագիր» անվանումը: Պայմանագրի ստանդարտ տեքստը պարունակում է նախաբան, որը սահմանում է կողմերի հավատարմությունը միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին։ Պայմանագիրը ստորագրելուց հետո, կողմերի օրենսդրությանը համապատասխան, այն ենթակա է վավերացման։ ՄԱԿ-ում միջազգային պայմանագրի գրանցումն ավարտում է դրա ձևավորումը, այն գրանցվում է նաև ՄԱԿ-ի քարտուղարությունում:

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ արդյունքում (դա կարող է տևել տարիներ) մենք ճանաչելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, դրանով իսկ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչ մասին արդեն իսկ բարձրաձայնում է Ալիևը։

Իհարկե, սա շատ վատ սցենար է: Սակայն, մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ընտրությունը վատի և շատ ավելի վատի միջև է: Մի կողմ ենք դնում այն հարցը, թե ինչու այսպես ստացվեց, ինչու ադրբեջանցիները հանգիստ ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց մի բան այս պահի դրությամբ ակնհայտ է՝ մեր կողմից միջազգային ասպարեզում արդեն ձեռնարկված քայլերից, բարձրացված աղմուկից և միջազգային արձագանքից հետո, մենք այլևս չենք կարող հենց այնպես հրաժարվել սահմանների հարցի վերջնական լուծումից կամ, առնվազն, գործընթացը սկսելուց, այն է՝ դելիմիտացիայից և դեմարկացիայից: Հակառակ դեպքում աշխարհը, ներառյալ մեզ աջակցողները, մեզ չեն հասկանա: Նույնիսկ եթե իշխանությունները գնում են այդ քայլին, քանզի շահագրգռված են ադրբեջանական զորքերի դուրսբերման մեջ՝ զուտ հանուն առաջիկա ընտրությունների, մենք այլևս չենք կարող խուսափել այդ գործընթացի մեջ մտնելուց։

Եթե ​​մենք այս պահին կարող ենք ադրբեջանցիներին մեր տարածքից անմիջապես դուրս վռնդել, դա այլ հարց է։ Բայց եթե մենք հիմա ի վիճակի չենք դա անել, պետք է գնանք ցանկացած գործընթացի, որի շրջանակներում կկարողանանք ազերիներին դուրս հանել մեր ինքնիշխան տարածքից։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև, մեր թույլ լինելու պատճառով սահմանների երկայնքով տեղի է ունենում այդ չարաբաստիկ borderization-ը և հարկավոր է ամեն գնով դա կանգնեցնել, քանի որ ինչպես արդեն նշել էինք, նրանք դա փորձելու են անել սահմանի ամբողջ երկայնքով։ Հարկավոր է կանգնեցնել այդ գործընթացը, ցանկացած գնով։ Բայց դա անելու համար մենք պետք է արագ ուշքի գանք և բոլոր միջոցները դնենք սահմանը պաշտպանելու համար, որպեսզի հաջորդ անգամ ադրբեջանցի զինվորներին դիմավորեն ոչ թե հովիվները, այլ մեր կանոնավոր բանակը:

Մյուս վտանգը դա այսպես կոչված «անկլավային» տարածքների փոխանակումն է, որը նույնպես չի կարելի թույլ տալ։ Եվ հավատացեք, դրա համար կան բավական հիմքեր և հնարավորություններ։ Սահմանի դելիմիտացիայի գործընթացը դա տարբեր փորձագետների համատեղ աշխատանքի, քաղաքական թիմերի բանակցությունների գործընթաց է՝ փաստարկներով, հիմնավորումներով, դեմոգրաֆիկ, տնտեսական և այլ նպատակահարմարություններով և համապատասխան հիմնավորումներով։ Միջազգային պրակտիկայում բազմաթիվ են օրինակները փոխշահավետ լուծումների։ Բայց դրա համար գործընթացը պիտի ընթանա հավասարը հավասարի միջև, ինչի համար մեզ ժամանակ է պետք շահել՝ ուժերը և վստահությունը վերականգնվելու համար։

Ուստի, այս փուլում պետք է ապահովել, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկի հետ կապված նախնական փաստաթղթերում ոչ մի դեպքում չլինի բանակցությունների վերջնական արդյունքները կանխորոշող որևէ դրույթ կամ  սահմանների նախնական ճանաչում: Սահմանի փոխադարձ ճանաչումը կարող է տեղի ունենալ միայն ամբողջ գործընթացի ավարտից հետո, միայն սահմանային բոլոր գծերի համաձայնեցումից հետո: Իսկ դա տեղի կունենա տարիներ, նույնիսկ տասնամյակներ հետո։ Իսկ այս ընթացքում մենք պետք է բարեփոխենք և ուժեղացնենք բանակը, վերականգնենք մեր պետությունը: Անհրաժեշտ է ամրապնդել սահմանը: Հիմա ամեն գնով պետք է ժամանակ շահենք, բնականաբար այն պայմանով, որ դելիմիտացիայի գործընթացին համաձայնություն տալու արդյունքում մենք մեր տարածքը մաքրել ենք ադրբեջանցիների զինվորներից:

Ներկա փուլում մենք պետք է ցուցաբերենք առավելագույն կառուցողականություն, ինչը կամրապնդի միջազգային աջակցությունը մեզ համար: Իզուր չէ, որ Ալիևը, ի պատասխան միջազգային հանրության բավականին բացասական արձագանքի, սկսեց խոսել խաղաղության, հարևանության մասին: Նա խաղում է հանդիսատեսի առջև, այդ հարցում նրանք միշտ բավականին խելացի խաղ են տարել: Այս դեպքում, մենք նույնպես պետք է խաղանք խաղաղության և հարևանության այդ խաղը։ Ի դեպ, այս համատեքստում, ընդիմության խրոխտ ելույթները խորհրդարանում, բողոքի ցույցերը Երևանի փողոցներում և այլն շատ ճիշտ և իշխանություններին օգտակար դրսևորումներ են, և դա պետք է լինի մեր խաղի մի մասը: Այդ ամենի միջոցով միջազգային հանրությանը ցույց են տրվում մեր կարմիր գծերը:

Ի վերջո, ի՞նչ են իրականում նշանակում սահմանները: Սահմաններ են նրանք, որոնք ճանաչվում են հարակից երկրի կողմից: Մենք չենք ճանաչել Ադրբեջանի սահմանները, բայց, ի վերջո, նրանք էլ չեն ճանաչել մեր սահմանները: Տրամաբանորեն, ստացվում է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը փոխադարձ չի ճանաչվել, այն վիճելի է:

Այն տարածքները, որտեղ ձևավորվել է պետություն, չեն կարող ամորֆ լինել և պետք է ձևակերպվեն հարակից պետությունների միջև պետական ​​սահմանի մասին համաձայնագրերով: Փաստորեն, եթե մենք չենք ճանաչել միմյանց սահմանները, ապա սահմաններ որպես այդպիսին չկան: Բայց պետական սահմանը ինքնիշխան պետության պարտադիր հատկանիշ: Միջազգային պրակտիկայում այս խնդիրը լուծելու համար հաճախ օգտագործվում է դեռ հին Հռոմում կիրառվող «uti possidetis ita possideatis» սկզբունքը, ինչը նշանակում է. «Տնօրինեք այն, ինչ տնօրնում եք»: Եվ հենց այդ սկզբունքից ելնելով է, որ Ադրբեջանը կփորձի հաստատել իր սահմանը borderization-ի մեթոդով:

Պետք հասկանալ մի բան, որ այս գործընթացն է սկիզբ դնելու ՀՀ սահմանը ֆիքսելուն և այն ֆիքսվելու է էնպես, ինչպես կկարողանանք ֆիքսել բանակցությունների արդյունքում։ Ելնելով դրանից, ամենևին էլ պարտադիր չէ, որ արդյունքում Տավուշի գյուղերը պետք է փոխանցվեն Ադրբեջանին։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի նորմալ գործընթացը նախատեսում է, որ պիտի հաշվի առնվեն մի շարք, այդ թվում` բնակչություն, ենթակառուցվածքներ, մշակութային և այլն, գործոններ։ Իսկ այդ դեպքում, Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը բոլոր պարամետրերով պիտի մնան ՀՀ տարածքում։

Եվ ուրեմն, այս պահի դրությամբ մեզ պետք է ամեն գնով թույլ չտալ, որպեսզի մեր հանդեպ տեղի ունենա borderization։ Եվ դա կանգնեցնելու և վերացնելու համար պետք է թղթի վրա համաձայնել ցանկացած գործընթացի, մանավանդ, որ դա է ակնկալում նաև միջազգային հանրությունը։ Մենք պատրաստ ենք լծվել կառուցողական աշխատանքի, միևնույն ժամանակ հասկացնելով, որ միակ բանը, որ մենք պատրաստ ենք քննարկել աշխատանքները սկսելուց առաջ, ադրբեջանական զինվորների դուրսբերումն է իրենց նախնական ելման դիրքեր։

Այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելը Ռուսաստանի նախաձեռնությունն է և իրականացվելու է ՌԴ միջնորդությամբ: Իհարկե, նման, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ ունեցող երկրների դեպքում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը չի կարող անցնել առանց միջնորդի՝ կլինի դա առանձին պետություն, թե միջազգային կազմակերպություն։ Եվ թերևս այս հանգամանքն է, որ հույս է տալիս, որ հայկական կողմից ՌԴ նախաձեռնության ընդունման դեպքում ռուսական կողմը կերաշխավորի, որ ադրբեջանական զինվորները կվերադառնան իրենց ելման դիրքեր: Չի բացառվում և անգամ ցանկալի է, որ բացի ՌԴ-ից ներգրավվեն նաև այլ միջնորդներ՝ ի դեմս ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի:

Ի դեպ, պետք է նաև հաշվի առնել, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի արդյունքը պետք է լինի երկրների միջև ստորագրված սահմանի մասին պայմանագիր, որը գրանցվելու է ՄԱԿ-ի քարտուղարությունում և ունենալու է միջազգային պայմանագրի կարգավիճակ։ Իսկ միջազգային պայմանագրի կարգավիճակը նշանակում է, որ այդ պայմանագիրը պետք է վավերացվի կողմերի խորհրդարանների կողմից: Գործընթաց, որը նույնպես կարող է տարիներ տևել և վերահսկվել ՀՀ խորհրդարանի կողմից։

Եզրափակելով, նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո շատ է խոսվում, որ եթե մենք, 88-ից ի վեր, կարգավորման որևէ առաջարկ ընդունած լինեինք, կրկնակի անգամ շահեկան վիճակում կլինենք, քան այսօր ենք։ Ինչպես ոմանք ասում են, «այն վիճակը, որում հայտնվել ենք, մեր պատմության համար նորություն չէ» և բազմիցս են եղել առաջարկներ կամ իրավիճակներ, երբ մենք մերժել ենք դրանք, այնուհետև խնդրել ենք այն, ինչ մեզ երեկ էին առաջարկում, բայց, ավաղ, միշտ արդեն ուշ է եղել, լինի դա անցած դարի սկզբում` առաջին Հանրապետության ժամանակ, թե 94-ի զինադադարից հետո միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկների դեպքում։ Չկրկնենք մեր նույն՝ արդեն հավերժ դարձած սխալները:

Գարիկ Չիլինգարյան

newarmenia.am