Նախիջևանի միացումը Հայաստանին՝ 1919. ինչպես է դա եղել

3287
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018 թվականի ամռանը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Իններորդ գլուխ

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

նախորդ մասը կարդալ այստեղ

Ալեքսանրապոլից անցա Դիլիջան-Քարվանսարայի շրջանը, որտեղ բնակչությունը զուտ հայկական է և ընդունելությունն էլ, բնականաբար, ավելի խանդավառ ու հանդիսավոր: Դիլիջանցի գնացի Կարակոյունլուի ձորը, որը բնակեցված էր թաթարներով: Նրանք էլ հանդիսավոր ընդունելույթուն արեցին՝ 51 վերստ ընդառաջ գալով:

Այցելեցի նաև Նախիջևանի և Շարուրի շրջանը:

Նախիջևանը երեք կարևորություն ուներ Հայաստանի համար: Առաջին՝ երկաթուղագիծը Երևանից դեպի Ջուլֆա, այսինքն՝ Պարսկաստան, անցնում է Նախիջևանով: Երկրորդ՝ Նախիջևանը Զանգեզուրի թիկունքն է, ուստի ունենալով այն, ավելի կարելի է պահել Զանգեզուրը: Երրորդ՝ Նախիջևանը հարմարագույն ճանապարհն է դեպի Ագուլիս ու Մեղրի, որոնք շատ կարևոր հայկական կենտրոններ են:

Նախիջևանի մահմեդական բնակչությունը, սակայն, իրենց բեկերի իրենց բեկերի՝  Քելպալի խանի, Ռահիմ խանի ու Ղուլի խանի դրդումով, կատաղի կերպով հակառակվում էին Հայաստանի Հանրապետության իշխանության տարածմանը Նախիջևանի վրա: Նրանք անգամ հարաբերության մեջ մտան պարսից կառավարության հետ՝ խնդրելով միացնել Նախիջևանը Պարսկաստանին, բայց մերժում ստացան:

Ադրբեջանի կառավարությունը ձգտում էր իր հովանու տակ առնել Նախիջևանը, իսկ անգլիական կառավարությունը, նկատի ունենալով Ադրբեջանի բուն հավակնությունները և Նախիջևանի մահմեդական բնակչության տրամադրությունները, չէր շտապում օր առաջ Նախիջևանը հանձնել իր բնական և օրինական տիրոջը՝ Հայաստանին:

Այս խնդրի համար ես ստիպված էի երկու անգամ Թիֆլիս մեկնել և բանակցել անգլիացիների հետ: Իմ այցելության ժամանակ երկար խոսակցություններ ունեցա անգլիական զորավար Բիչի հետ, որ շատ իրազեկ անձնավորություն էր և լավ ծանոթ էր կովկասյան ազգերից յուրաքանչյուրի վիճակին ու պատմությանը: Անգլիական կառավարությունը նրան էր հանձնել գծել Հայաստանի սահմանները Փարիզի խորհրդաժողովի համար: Եվ զորավար Բիչը Հայաստանի սահմանների մեջ մտցրել էր գրեթե բոլոր այն վայրերը, որ ապագայում մտցրեց նախագահ Ուիլսոնը: Նրա ծրագրի համաձայն՝ Զանգեզուրը պետք է մնար Հայաստանի, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում:

Պետք է ասել, որ անգլիացիները Անդրկովկասում սահմանները գծելու ժամանակ ղեկավարվում էին երկու նկատումով. առաջին՝ իբրև մահմեդական հանրապետություն ուզում էին ունենալ զորավոր Ադրբեջան (այսպես էին խորհում զորավար Թոմսոնը և գնդապետ Շաթըվորթը), երկրորդ՝ պահանջում էին, որ մենք զիջող լինենք Կովկասում, քանի որ շատ հողեր պիտի ստանանք Թուրքիայից:

Զորավար Բիչը անգլիական այն դպրոցին էր պատկանում, որ զարգացել էր Հնդկաստանում, այսինքն՝ ռուսատյաց էր և ավելի շատ մահմեդական կողմնորոշում ուներ: Ու դա չէր էլ ծածկում: Մի անգամ ինձ անկեղծորեն խոստովանեց, որ մերժել էր ընդունել ռուս տիկնոջ առաջարկած նախաճաշը այն մտայնությամբ, որ ներշնչված էր փոքր հասակից՝ «անգլիացի սպան Արևելքում պետք է ինքն իրեն հեռու պահի ռուս տիկիններից, որոնք աննկատելիորեն կարող են ազդել նրա քաղաքական հայացքների վրա»:

Այսուհանդերձ, զորավար Բիչը կողմնակից էր, որ Նախիջևանը Շարուրի հետ մտնի Հայաստանի սահմանների մեջ:

Անգլիացիները ունեին որոշակի մեկ այլ ծրագիր, որ առաջ չտարան: Այդ ծրագիրը հետևյալն էր. Արաքսի հոսանքով Նախիջևանը նեղ շերտով միացնել Ադրբեջանին և դրանով հնարավորություն տալ մահմեդական Պարսկաստանին և Թուրքիային հարաբերվել Ադրբեջանի հետ:

Համաձայն անգլիական կառավարության հրահանգի՝ Կովկասում անգլիական գերագույն հանձնակատարը զորավար Դեյվիին առաջարկեց Հայաստանի կառավարության հետ միասին կազմել գործնական ծրագիր, որով հայկական իշխանությունը պետք է հաստատվեր Նախիջևանում: Մեր կողմից այդ ծրագրի մշակմանը մասնակցում էին. ես, որպես արտաքին գործերի նախարար, զորավար Հախվերդյանը, որպես զինվորական նախարար, Նախիջևանը գրավելու կոչված զորամասի հրամանատար Դրոն և խորհրդարանի անդամ Գևորգ Վարշամյանը որպես նախիջևանի ապագա նահանգապետ:

Մենք շտապում էինք Նախիջևանը գրավել օր առաջ՝ վախենալով, որ անգլիական զորքերի տրամադրությունը կարող է փոխվել: Միայն Դրոն էր, որ անհրաժեշտ էր համարում նախ մեր զինվորական ուժերով գրավել բոլոր մահմեդական գյուղերը, որոնք գտնվում էին Նախիջևանի ճանապարհի վրա՝ սկսած Դավալուից և Գայլի Դրունքից: Բայց այդ եղանակը երկար ժամանակ էր պահանջում: Կառավարությունը, խնդիրը բազմակողմանի քննության ենթարկելուց հետո գերադասեց Նախիջևանին տեր դառնալ նախ քաղաքացիական միջոցներով, օգտվելով անգլիական հովանավորությունից, և հետո միայն աստիճանաբար մտցնել մեր զորամասերը: Մեր նպատակն էր Նախիջևանի մահմեդական բնակչությանը ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ ձգտումներ ունի:

Որոշված էր մայիսի 18-ին արտակարգ գնացքով Երևանից Նախիջևան գնալ: Գնացքում էին անգլիական ներկայացուցիչ զորավար Դեյվին երկու անգլիացի սպաներով, ես Գևորգ Վարշամյանի ու իմ երկու քարտուղարների հետ: Դուրս եկանք երեկոյան և առավոտյան հասանք Նախիջևանի կայարանը, որ կատարելապես ամայի էր: Մեզ դիմավորեց միայն մի մարդ՝ Քելբալի խան Նախիջևանսկին՝ ռուսական նախկին սպա, որ Նախիջևանի  մահմեդական զորամասերի կազմակերպիչն ու հրամանատարն էր ընդդեմ հայերի:

Մենք մնացինք մեր վագոնում, իսկ Քելբալի խանը կանգնած էր դրսում: Վերջապես, ես ու զորավարր Դեյվին որոշեցինք իմ քարտուղար Թորոսյանին ուղարկել խանի մոտ և նրան կանչել մեր վագոնը:

Շարունակելի