Թաթուլ Հակոբյանը Արցախի թեմայով՝ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» հյուր

895

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» և նրա անդամներից Ռուբեն Հովսեփյանի հրավերով այսօր, մարտի 5-ին, ՍիվիլՆեթի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը երկժամյա դասախոսություն է կարդացել Արցախյան հարցի՝ պատմության, հակամարտության, պատերազմի և կարգավորման գործընթացի մասին:

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» միավորում է ավելի քան 150 զբոսավար:

Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բավականին հետարքրված են լինում Արցախի հարցով և հատկապես, երբ նրանք Հայաստան են հասնում Ադրբեջանից Վրաստանի տարածքով, հայ զբոսավարներին տալիս են զգայուն և բարդ հարցեր: Հայ զբոսավարները, փայլուն կերպով լեզուների տիրապետելուց ու Հայաստանի տեսարժան, պատմական վայրերին մասին գիտելիքներ ունենալուց զատ կարիք են ունենում մասնագիտական տեղեկություններ ունենալ Արցախյան խնդրի և հակամարտության որոշ կոնկրետ դրվագների վերաբերյալ:

Երկժամյա դասախոսության ընթացքում Թաթուլ Հակոբյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության պատմությունը 1918-ից մինչև մեր օրերը, մասնավորապես կանգ առնելով 1918-1923 և 1988-2016 թվականներն ընդգրկող ժամանակահատվածի վրա:

Դասախոսության ավարտին հանդիպմանը ներկա շուրջ հինգ տասնյակ զբոսավարները Հակոբյանին բազմաթիվ հարցեր են տվել, այդ թվում՝ կարգավորման տարբերակներից, ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից, ինչպես ներկայացնել 1992 թվականի Խոջալուի դեպքերը արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Ավելի քան երկու ժամ տևած դասախոսության ավարտին ներկաները ձեռք են բերել Թաթուլ Հակոբյանի հեղինակած երկու գրքերը՝ «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն