Ես պետք է հանգիստ լինեմ իմ խղճի հետ և հավատարիմ մնամ լրագրության այբուբենին

1048

Վաշինգտոնում բնակվող իմ բարեկամներից, լրագրող Էմիլ Սանամյանը մի քանի օր առաջ ինձ էր ուղարկել, ավելի ճիշտ ինձ հետ կապել (tag անել) մի տեղեկատվություն, համաձայն որի առնվազն 2013-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երիտասարդ ժամանակների լուսանկարով ֆոտոշոփ է արվել կոմերիտական տոմս, ըստ որի Սերժ Սարգսյանը աշխատել է Աղդամի քաղկոմում:

2016-ի ապրիլի 18-ին, ապա ևս երկու այլ առիթներով, ես, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ տարիներին ընթացքում արված փոփոխություններին, սրբագրումներին ու վերագրումներին, օգտագործել եմ այդ ֆոտոշոփով լուսանկարը նույնպես: Բնականաբար, ես չեմ մտածել և անգամ կասկածել, որ դա ֆոտոշոփ է:

Հիմա, հավատալով, որ դա ֆոտոշոփ է, ես իմ երեք հրապարակումներում այդ հատվածները և ֆոտոշոփ կոմերիտական տոմսը հեռացրել եմ հոդվածներից:

Արդեն 25 տարի ես ամենօրյա լրագրության մեջ եմ, իսկ ամենօրյա լրագրությունը ենթադրում է նաև ոչ կանխամտածված ապատեղեկատվություն և ծուղակներ, փաստական պարզ սխալներ ու չճշտված վերագրումներ:

Ամեն օր կամ գրեթե ամեն օր գրող լրագրողները և ընդհանրապես օրաթերթերում ու ուղիղ եթերներում աշխատող լրագրողները միշտ էլ կարող են փաստական սխալներ թույլ տալ: Եվ այստեղ կարևոր չէ, դու, որպես լրագրող, սխալ տեղեկատվություն ես տարածել օրվա թիվ մեկ պաշտոնյայի, թե սովորական քաղաքացու հասցեին: Կարևոր է ընդունել սխալը, հայցել ներողամտություն, ինչն անում եմ այսօր և հրապարակավ, տվյալ դեպքում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, բայց առաջին հերթին այն բազմահազար լսարանից, որը հետևում և հավատում է քեզ ու քո տարածած տեղեկատվությանը:

Տարիներ առաջ, կրկին ոչ կանխամտածված, ես ապատեղեկատվություն եմ տարածել Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մասին: Անցել են տարիներ, և ես իմացել եմ, որ դա եղել է փաստական սխալ, որը նաև վիրավորանք է եղել Արարքցյանի հասցեին: Անմիջապես տարածել եմ կարճ հաղորդագրություն և իմ ներողամտությունն ու ցավը հայտնել տեղի ունեցած սխալի համար:

Նույնը անում եմ նաև այսօր Սերժ Սարգսյանի դեպքում: Ես կարող եմ տասնյակ, հարյուրավոր քննադատական հոդվածներ գրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, սակայն, եթե թույլ եմ տվել փաստական սխալներ, որոնք եղել են իմ կամքից անկախ, բայց իմ գրիչով, պարտավոր եմ հարգել իմ լսարանին և ներողամտություն հայցել:

Ոչ Բաբկեն Արարքցյանը, ոչ Սերժ Սարգսյանը կամ նրանց շրջապատը չի խնդրել ինձ, ստիպել կամ էլ՝ սպառնացել:

Ես պետք է հանգիստ լինեմ իմ խղճի հետ և հավատարիմ մնամ լրագրության այբուբենին:

Թաթուլ Հակոբյան 

Հ. Գ. Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մասին իմ հրապարակումները կարդալ հետևյալ հղումներով՝

Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ՝ անճշտություններ

Սերժ Սարգսյանի օրինակով. ինչպես է սրբագրվում ինքնակենսագրությունը

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունը շարունակում են խեղաթյուրել