Սարգիս Կասյան (Տեր-Կասպարյան). Հայհեղկոմի նախագահը

974

Սարգիս Կասյանը (Տեր-Կասպարյան) եղել է Բաքվում ձևավորված Հայհեղկոմի նախագահը:

Ծնվել է 1876թ. հունվարին, Շուշիում:

Հայրը՝ ուսուցիչ և առևտրական Հովհաննես Տեր-Կասպարյանը, բազմանդամ ընտանիքով տեղափոխվում է Բաքու:

Մինչև 1900 թվականը Սարգիս Կասյանը սովորում է Բաքվում, ապա ուսումը շարունակում Եվրոպայում: Ավարտում է Լայպցիգի առևտրական ինստիտուտը և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:

1904 թվականին վերադառնում է Բաքու: Սկզբնական շրջանում հարում է Հնչակյան կուսակցության ձախ թևին։

1905-1906 թթ. մասնակցում է ՌՍԴԲԿ Բաքվի կոմունայի հայկական ենթաբաժնի ստեղծմանը:

1906-ին Կասյանը Լյուդվիգ Կնունյանցի և Պետրոս Մնացականյանի հետ հիմնադրում է «Բանվորի ձայնը» հայերեն առաջին բոլշևիկյան թերթը։

Գերմաներենից հայերեն է թարգմանում Մարքսի ու Էնգելսի ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստը՚ և Էնգելսի ՙԿոմունիզմի սկզբունքները՚ գրությունները:

Թիֆլիսում Ստեփան Շահումյանի նախաձեռնությամբ հրատարակում է «Կայծ», «Նոր խոսք» թերթերը։ Սպենդարյանի հետ մասնակցում է «Լիստոկ-կոպեյկա» ռուսերեն պարբերականի հրատարակմանը: 1914-ին Բորյանի, այլ բոլշևիկների հետ Թիֆլիսում հրատարակում է «Մեր խոսքը» շաբաթաթերթը։

1914-1917-ին անց է կացրել ռուսական աքսորավայրերում։

1917-1920-ին եղել է՝ ՌԿ(բ)կ Կովկասյան երկրկոմի անդամ, 1919- 1920-ին՝ քարտուղար։

Մասնակցում է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան անլեգալ խորհրդակցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920 թվականի հունվար), ընտրվում Արմենկոմի նախագահ, 1920 թվականիի նոյեմբերին՝ Հայհեղկոմի նախագահ։

Նա Խորհրդային Հայաստանի առաջնորդ եղավ ընդամենը մի քանի ամիս: Այս ընթացքում էր՝ 1921-ի փետրվարին, որ տեղի ունեցավ մի քանի տասնյակ հայ գործիչների և զինվորականների կացնահարումը Երևանի բանտում:

1920-30-ական թթ. բարձր պաշտոններ է զբաղեցրել Անդրֆեդերացիայի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, 1922-1936) կազմում:

Սպանվում է 1937-ին՝ դառնալով Ստալինյան տեռորի զոհերից:

Գրող Բախշի Իշխանյանը Կասյանի մասին գրել է.

«[1920թ. դեկտեմբերի 4-ին մեր լսած նորությունն այն էր, որ հեղկոմի նախագահ Կասյանը և զինվորական կոմիսար Ավիս Նուրիջանյանը Դիլիջանից եկել են Երևան:

Կասյանը նախկին հնչակյան էր` վաղուց անցած բոլշևիկների շարքերը: Նա բնավորությամբ բարի ու չափավոր, Հայաստանի առանձնահատկություններն ըմբռնող ու գնահատող մարդ էր: Բայց ի՞նչ նշանակություն ունեին այդ բարեմասնությունները, եթե նա չափազանց կամազուրկ, մտավախ ու թուլամորթ էր, բացարձակապես զուրկ որևէ ազդեցությունից սեփական ընկերների շարքերում, ուր «հայր սարկավագ» ծաղրական մականունն էր վաստակել: Կարծես նրան կառավարության գլուխ էին նշանակել` ավելի շուտ հարգելով տարիքը, քան շնորհքն ու ընդունակությունը:

Այլ տիպ էր Ավիսը: Նա Հայաստանի Հերոստրատն էր: Մշտաբորբոք ուղեղի ազդեցության տակ գործող մի հիվանդ դեմք երիտասարդ ուսանող, կատարյալ սադիստ ու դեգեներատ, մինչև 1918 թ. կեսերը դեռևս մոլեռանդ դաշնակցական, իսկ հետո, … աշխատում էր ամեն մի լպիրշ ու ստորաքարշ արարքով իր ծնող ռուսներին ցույց տալ, որ ինքը ուղղափառից էլ ավելի մոլեռանդ ու հավատարիմ անդամ է: Ավիսները կառավարեցին Հայաստանը ու կանխորոշեցին նրա քաղաքական բախտը, այլ ոչ կասյանները: Եվ ավիսների նման տիպերն էին խրախուսանքի ու գովքի արժանանում կենտրոնից, որովհետև ինքը` բոլշևիկյան վարչակարգը, որպես տիրող համակարգ, հիմնվել և առաջ էր ընթանում ավիսների միջոցով»:

Այս տեքստը գրվել է ինտերնետի բաց աղբյուրներից

Լուսանկարում՝ Սարգիս Կասյանի անունը հավերժացնող գիր Երևանի Աբովյան փողոցում

Կարդալ նաև՝

Բաքվում ձևավորված Հայհեղկոմը 1920թ. նոյեմբերի 29-ին մտնում է Հայաստան