Ստեփանակերտը պատրաստ է հանդիպման, բայց`ոչ Բաքվում և ոչ Ադրբեջանի օրակարգով. Արցախի ԱԳՆ

2502

Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես 2023թ մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման, ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում, ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարություն էր տարածել՝ Բաքու հրավիրելով Ստեփանակերտի իշխանություններին:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում»,- ասվում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: