Ստամբուլի հանդիպումը՝ Արցախում բռնի տեղահանությունից երկու օր առաջ. ինչի՞ մասին էր այն

1179

Արցախից 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, որոնցից մեկը Ստամբուլում կայացած խորհրդապահական հանդիպման փաստն է:

Խոսքը 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Միացյալ Նահանգներ-Եվրոպական Միություն-Ռուսաստան եռակողմ շփումների մասին է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից երկու օր առաջ:

Կազմակերպիչները հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չէին տարածել, իսկ երբ միջազգային մամուլում գրվեց այդ մասին, միայն դրանից հետո կողմերը ընդունեցին, որ շփումներ եղել են, բայց ոչ գաղտնի:

Ստամբուլյան հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, Եվրոպական Միության՝ Հարավային Կովկասի հարցով ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանի ու Ադրբեջանի գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։

Նախքան Ստամբուլի հանդիպումը Լուիս Բոնոն այցելել էր Երևան և Բաքու: Սեպտեմբերի 14-ին Երևանում նա հանդիպել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ապա Բաքվում, սեպտեմբերի 16-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բաքվից ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը մեկնել էր Ստամբուլ, որտեղ և տեղի էր ունցել խորհրդապահական  եռակողմ հանդիպումը:

Երբ ամերիկյն Politico պարբերականը առաջինը գրեց գաղտնի հանդիպման մասին, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներից Վեդանտ Պատելը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ստամբուլում հավաքվել էին կոնկրետ հրատապ հումանիտար խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն տրամադրելու հարցով։

Երբ լրագրողը հիշեցրել էր, որ հանդիպումից ընդամենը երկու օր անց «դոմինոն սկսեց քանդվել», Պատելը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, սա մի իրավիճակ է, որը մեզ շարունակում է խորապես մտահոգել։ Մենք, իհարկե, մտահոգված ենք վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակով, և դա հանգեցրել է ավելի քան 100 հազար հայերի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան փախչելուն, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին գետնի վրա։ Իհարկե, մենք առաջվա նման անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր լինել հումանիտար հետևանքներին։ Ահա և պատճառներից մեկն այդ հանդիպման»։

Ապա Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ եռակողմ հանդիպում տեղի է ունեցել, իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։

«Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը»,- ասել է Զախարովան:

2022 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը շրջափակման ենթարկեց Արցախը, իսկ 2023 թվականի ամռանը հրաժարվեց Բրատիսլավայում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, արդեն պարզ էր դառնում, որ Բաքվի նպատակը արցախահայության բռնի տեղահանությունն է:

Արդյոք Բաքվի այս ծրագրի հետ հաշտվել էին Երևանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Վերջինս նաև խաղաղապահ առաքելություն էր իրականացնում և, փաստացի, լուռ հետևում էր Արցախի իննամսյա շրջափակմանը, ապա նաև՝ տեղահանությանը:

Թաթուլ Հակոբյան

19-ը սեպտեմբերի, 2026թ

ԱՆԻ կենտրոն