Նոր Կյանքի գյուղապետը վարչապետ Կարապետյանի մասին. «Իշխանության մեջ սեզոնային ընդդիմություն է խաղում»

1890

Վարչապետ Կարեն Կարապետյանը «սեզոնային ընդդիմություն է խաղում իշխանության մեջ», Ազատություն TV-ի եթերում հայտարարել է Արարատի մարզի Նոր Կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը:

«Հիմա վարչապետը չի ներկայացնում ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ ինչ-որ այլ իշխանական կուսակցություն, ընդամենը սեզոնային ընդդիմություն է խաղում իշխանության մեջ, եկել է և իշխանության ներկայացուցիչներին մատ է թափ տալիս, իրենց տեղն է ցույց տալիս՝ «ա՛յ դուք էստեղ այս խախտումն եք կատարել, այս չարաշահումներն եք արել, էսպես չի կարող շարունակվել», նշել է Սարգսյանը:

«Ես կցանկանայի վարչապետին իր բիզնես ոլորտում և իր բիզնեսում հաջողություններ մաղթել: Թող վարչապետը ինչքան հնարավոր է քաղաքականությունից հեռու զբաղվեր իր բիզնեսով, իսկ քաղաքականությամբ զբաղվեին քաղաքական գործիչները, քաղաքական ուժեր ներկայացնող անձնավորությունները», ասել է Նոր Կյանքի գյուղապետը:

«Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները «սեզոնային ընդդիմություն» են, որ ընտրություններից առաջ փորձում են ընդդիմադիր երևալ, իսկ ընտրվելուց հետո իշխանությունների հետ են միավորվում, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է գյուղապետ Սարգսյանը։