Ռուսաստանի պատասխանը Հայաստանին՝ միայնա՛կ չեք որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. մայիս, 2016թ

9270

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար:

Լավրովը այս մասին ասել է, նախքան մայիսի 5-ի որոշումը, որով հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը:

«Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ [ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի – խմբ.] հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը. «Թերևս կրքերը պետք է հանդարտվեն, դա պարզ է: Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն: Եվ կան հայտնի գաղափարներ, որոնք քննարկվել են կողմերի հետ: Ես նախկինի նման համոզված եմ, որ բարդ է, բայց հնարավոր է դրանք ամրագրել փաստաթղթերում, որոնք բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն»:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ 2012թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես էին եկել շփման գծում միջադեպերի հետաքննության, վստահության վերականգնման մեխանիզմի ստեղծման օգտին, և ԵԱՀԿ-ին հանձնարարել էին դրանով զբաղվել, ԵԱՀԿ ներկայացուցիչները այդ նախագծի տարբեր տարբերակներ էին մշակել: «Սակայն, ցավոք, այն ժամանակ՝ 2012թ., գործը առաջ չշարժվեց: Այժմ մենք ցանկանում ենք, որ կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել, և մենք խրախուսում ենք դա»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ ներկայում ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է և հրադադարի նոր խախտումներ թույլ չտալը, որի համար հարկավոր է մշակել գործուն քայլեր, գործուն մեխանիզմներ:

Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ «սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին»:

«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Միաժամանակ և հետևապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:

Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Այս գրությունը ԱՆԻ կենտրոնի կայքում հրապարակվել է 2016թ մայիսի 5-ին