Հայաստանի Հոլոդոմորը

4449

2008թ. աշնանը հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ ավազակային հարձակում է կատարվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոյի բնակարանի վրա: Հավանաբար որևէ մեկը կասկած չուներ, որ դա պարզ հանցագործություն էր և չէր կարող դիվանագիտական կամ քաղաքական աստառ ունենալ:

Սակայն Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը բացահայտում է բոլորովին այլ իրողություն:

«Խորհրդապահական» դասակարգումը կրող փաստաթուղը 2008թ. նոյեմբերի 3-ին պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան (2008-2011) Մարի Յովանովիչը:

Այսպես, Հայաստանում Ուկրաինայի այդ օրերի դեսպան Օլեքսանդր Բոժկոն Յովանովիչի հետ զրույցում մանրամասնել է կիրակի, 2008թ. հոկտեմբերի 19-ի՝ իր կեցավայրի վրա հարձակումը: Բոժկոն հավատացած է, որ դա կապ ունի Հոլոդոմորի [1932թ. Ուկրաինայի ծրագրված զանգվածային սովամահությունը, որ հաճախ անվանվում է ցեղասպանություն] հիշատակության օրվա հետ:

Երևանում Հոլոդոմորի օրը Ուկրաինայի դեսպանությունը պետք է նշեր հոկտեմբերի 20-ին: Հենց նույն օրը Երևան պետական այցով պետք է ժամաներ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարություն է հրավիրվում Ուկրաինայի դեսպանը, որտեղ նրան հորդորում են չեղյալ հայտարարել Հոլոդոմորի միջոցառումը: Բոժկոն հրաժարվում է:

Հոկտեմբերի 19-ին, երբ նա կեցավայրում չէր, ջարդվում է բնակարանի դուռը, տակնուվրա ու ջարդուփշուր են արվում նրա անձնական իրերը, սակայն շատ քիչ բան է գողացվում:

Բոժկոն Յովանովիչին ասել է, որ այդ հարձակումը նպատակ ուներ վախեցնել իրեն: Հոլոդոմորի միջոցառումը չեղյալ չի հայտարարվում, իսկ Հայաստանի կառավարության որևէ անդամ չի մասնակցում Հոլոդոմրի հիշատակի արարողությանը:

Ավելին, ըստ Բոժկոյի, Հանրային հեռուստաընկերությունը այդ միջոցառումը լուսաբանում է «սարսափելի» ձևով՝ ծաղրուծանակի ենթարկելով այն:

Ահա այսպիսի հեռագրեր են ուղարկվել ԱՄՆ պետքարտուղարություն: Մենք ուզում ենք հավատալ, որ դեսպան Բոժկոյի կեցավայրի վրա հարձակումը Հայաստանի իշխանությունների հետ կապ չունի: Սակայն մեր ցանկությունը ոչինչ է: Միայն այն իրողությունը, որ Հայաստանից նման հեռագրեր են ուղարկվում պետքարտուղարություն, արդեն իսկ վատ է, շատ վատ: Ոչ միայն այն պատճառով, թե ինչպես է Հայաստան պետությունը ընկալվում աշխարհի ամենահզոր տերության մայրաքաղաքում, այլ որովհետև Հոլոդոմորից ավելի մեծ ողբերգության՝ Ցեղասպանության է ենթարկվել հայ ժողովուրդը:

Ցեղասպանություն ապրած ժողովրդին, անգամ այդ ժողովրդի լրատվամիջոցներից մեկին, վայել չէ ծաղրել Հոլոդոմորը, Հոլոքոստը կամ որևէ այլ ժողովրդի զանգվածային բնաջնջում:

Մարի Յովանովիչի հեռագրի անգլերեն տեքստը.

Ukraine’s Ambassador to Armenia recently shared with the Ambassador that his apartment was broken into on Sunday, October 19. He believed the crime was related to his defying the GOAM’s heavy-handed attempts to persuade him to cancel the Holodomyr remembrance event (the 1932 famine that Ukrainians believe was genocide) which he held on Monday, October 20 — the same day that Russian President Dmitriy Medvedev arrived for his first state visit to Armenia. On the preceding Saturday, the Ministry of Foreign Affairs had called in the Ukrainian Ambassador where he was told in no uncertain terms that the event had to be cancelled. He refused. On October 19, while he was out, his apartment was broken into, and his personal possessions smashed, and very little was stolen. It took the police over an hour and a half to respond. He told the Ambassador that he believed the crime was an effort to intimidate him before the remembrance event. No GOAM official attended the event and Armenia’s Public Television (Channel H1) described the memorial event in its evening coverage as “terrible” and “only fit for a circus.”

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 17 փետրվար, 2016թ