Ֆայիք Ալի (Օզանսոյ). 1915-ին նա հրաժարվեց կատարել Թալեաթի կարգադրությունը

2357

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։

Ֆայիք Ալի (Օզանսոյ) բեյը Քյոթահիայի կառավարիչն էր: Նա եւս հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած կարգադրությունները: Հակառակը՝ հրամայեց լավ վերաբերվել այլ շրջաններից Քյոթահիա ապաստանած հայերին: Նրան շուտով Ստամբուլ կանչեցին՝ բացատրություններ տալու եւ հասկանալու, որ պարտավոր է ենթարկվել կարգադրություններին:

Իր բացակայությունից օգտվելով Քյոթահիայի ոստիկանապետ Քեմալ բեյը սպառնաց հայերին, ասելով, որ տեղահանությունից ազատվելու համար նրանք պետք է կրոնափոխ լինեն: Հայերը համաձայնեցին մահմեդական դառնալ:

Երբ Ֆայիք Ալի բեյը վերադարձավ, զայրացավ եւ ոստիկանապետին ազատեց պաշտոնից: Ապա հայերին ասաց, որ ազատ են կրկին դավանափոխ լինելու: Բացի մեկ հոգուց՝ հայերը որոշեցին քրիստոնյա մնալ:

Ֆայիք Ալի բեյի եղբայրը՝ Սուլեյման Նազիֆ բեյը, ազդեցիկ անձնավորություն եւ ճանաչված պոետ էր: Նա եղբորը խորհուրդ էր տվել չմասնակցել բարբարոսությանը եւ չարատավորել ընտանիքի անունը: Զարմանալիորեն Ֆայիք Ալիին չհեռացրին իր պաշտոնիցՙ հակառակ իր ներկայացրած հրաժարականներին: Նա շարունակեց պաշտպանել հայերին, բացի այն մեկը, որ նախընտրել էր մահմեդական դառնալ: Նրան աքսորեցին:

Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ “Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, https://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրը, https://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/), Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը (տե՛ս՝ Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին, https://www.aniarc.am/2015/05/26/hasan-mazhar-vali-of-ankara-1915/)։