Ռուսնե՛րը պարտադրեցին զինադադար

4379

Եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994-ի մայիսին արցախյան ուժերը ընդամենը օրերի ընթացքում կգրավեին մի շարք ադրբեջանական շրջաններ, և, հավանական է, դուրս գային ընդհուպ մինչև Քուռ-Արաքսյան միջագետք։ Ճիշտ է, այսօր ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է, թե իբր Ադրբեջանը ոչ Արցախի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ էր կռվում և հայերն ընդամենը գործիք էին ռուսների ձեռքում ընդդեմ ադրբեջանցիների, իրականությունն այն է, որ հենց ռուսների հորդորով ու պահանջով հայկական ուժերը դադարեցրին ռազմական արշավը դեպի Ադրբեջանի խորքեր և Մոսկվայի պարտադրանքով էր, որ անժամկետ զինադադար կնքվեց 1994-ի մայիսին։

Ի՞նչպես այդ ամենը եղավ։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա հրավիրեց իր հայ և ադրբեջանցի գործընկերներՍերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Հենց այդ արձանագրության հիմքով հնարավոր եղավ հասնել մայիսյան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը, ընդունվում է կրակը դադարեցնելու հայտարարություն:

Մայիսի 4-5-ը Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին  արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում ընդդեմ Գերմանիայի:

Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Կիրգիզիան (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով,  որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարում է Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիչը մերժում է, Կազիմիրովը Բիշքեկից շտապում է Բաքու:

Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորում է ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի  մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ.փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև` Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:

Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատվում: Մայիսյան զինադադարը հիշելով` Մամեդովն ասել է. «Մենք մարտական գործողություններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանության, հակառակորդը որոշեց, որ մենք անզոր ենք գրոհելու և կարող է հակագրոհի անցել: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:

2001թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի խորհրդարանի ելույթում Հեյդար Ալիևը, անդրադառնալով 1994-ի մայիսյան իրադարձություններին, ասել է. «Ես նորից եմ կրկնում, որ մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, եւ դրան մենք գնացինք գիտակցելով: Չնայած դեռ խնդիրը չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ: Դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը»:

Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:

Ահա այսպես է հաստատվել զինադադար, որը, թեև խախտումներով ու Ապրիլյան քառօրյա պատերազմով, դիպուկահարների կրակոցներով ու դիվերսիոն գործողություններով, պահպանվում է 1994-ի մայիսից ի վեր:

Թաթուլ Հակոբյան

4 մայիս, 2017