ՀՅԴ-ն չի եղել 1921թ. փետրվարյան ապստամբության նախաձեռնողը, այլ ժողովուրդը. Ջամալյան

2938

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

Միակ դեպքը, որտեղ Դաշնակցությունը նախաձեռնող չի եղել ժողովրդական շարժման, այլ գնացել է զանգվածների տրամադրության ետևից, եղել է Փետրվարյան ապստամբությունը: «Դաշնակցությունը,- ինչպես իրավամբ նկատում է Քաջազնունին,- ոչ միայն չի կազմակերպել, ոչ միայն չի ցանկացել, այլև հակառակ է եղել ապստամբությանը»: Դաշնակցությունը չէր ցանկանում այդ շարժումը, հակառակ էր նրան ոչ թե այն պատճառով, որ նրա սիրտը չէր մորմոքվում ի տես բոլշևիկյան վայրագությունների և հայ ժողովրդի անլուր տառապանքների, այլ որովհետև այն ժամանակվա պայմաններում նա այդ շարժումը վտանգավոր էր համարում հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար իսկ: Եվ եթե նա, ժողովրդական ապստամբության բռնկումից հետո, անցավ նրա գլուխը, դրա պատճառն այն  չէր, որ նա «տարվեց մասսայական հոսանքից», ինչպես հավաստիացնում է Քաջազնունին, մեր կուսակցության փառավոր գործը այստեղ ևս նսեմացնելու ակներև դիտավորությամբ, այլ որովհետև պարզ տեսնում և գիտակցում էր, որ իր ձեռնպահությունից կամ հակառակությունից ավելի՛ ևս մեծ չարիքներ պիտի առաջանան անգլուխ մնացած հայ ժողովրդի համար, քան թե նրա հուսահատական ապստամբությունից:

Սական, հակառակ իրականության փաստերին, ենթադրենք մի րոպէ, որ ոչ միայն Փետրվարյան ապստամբության դեպքում, այլև մնացած բոլոր դեպքերում Դաշնակցությունը ոչ թե առաջ է բերել ժողովրդական շարժում, այլ գնացել է շարժման հետևից: Մի՞թե սա մեր կուսակցության արժեքը նսեմացնող մի բացառիկ երևույթ պիտի նկատվեր: Մի՞թե ուրիշ կուսակցությունների կյանքում հազվագյուտ են նման դեպքերը: Քաջազնունին, անշուշտ ինձնից լավ գիտի, որ ոչ:

Համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե բոլոր ընկերվարական կուսակցությունները, հակառակ Ինտերնացիոնալի և իրենց համագումարների որոշումներին, դրական քվե տվին պատերազմական բյուջեին, չհամարձակվելով դեմ գնալ ժողովրդական զանգվածների ռազմատենչ տրամադրություններին: 1917թ. Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում Ս. Ռ.-ներն [սոցիալիստ հեղափոխականներ] ու Ս. Դ.-ները [սոցիալ դեմոկրատներ] չառաջացրին, նրանք այդպիսի մի հեղափոխություն երազել անգամ չէին կարող, այլ՝ ժողովրդական զանգվածները: Հեղափոխականներին մնում էր միայն գնալ զանգվածների հետևից: Նույն 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ բոլշևիկները չթելադրեցին մասսաներին «հողը անմիջապես գյուղացուն», «գործարանը անմիջապես գործավորին» և այլ այսպիսի նշանաբաններ (լոզունգներ), որովհետև նրանք բավականաչափ խելք ունեին այս «անմիջապես»ների հիմարությունը հասկանալու համար, այլ ամբոխը թելադրեց նրանց իր կամքը և նրանք գնացին ամբոխի հետևից: Նման դեպքերով լիքն է հեղափոխությունների և կուսակցությունների պատմությունը. ի՞նչ մի տարօրինակ բան կլիներ, եթե Հ. Յ. Դաշնակցությունը ևս գնար ժողովրդական շարժումների հետևից, մանավանդ որ մեր ժողովրդական շարժումները ոչ միայն որևէ անհարազատություն չեն ներկայացնում Դաշնակցության համար այլև նրա գաղափարների անմիջական ծնունդն են:

– Սական ինչո՞ւ ես այդ հարցը տալիս,- կարող է ինձ ասել Քաջազնունին. մի՞թե ես մեղադրում եմ Դաշնակցությանը, որ նա գնում է ժողովրդական շարժումների հետևից:

Ձևականորեն, իրավացի կլինի Քաջազնունին իմ հարցն անդրադարձնելով, բայց, ըստ էության՝ երբեք: Ճիշտ է, նա տողերի մեջ երբեք չի ասում իր j’accuse-ը (ես մեղադրում եմ), սակյան տողերի արանքում ամենայն հստակությամբ կարդացվում է նրա մեղադրանքը Դաշնակցության դեմ, կամ լավ ասած՝ նրա ճիգը նսեմացնելու մեր կուսակցության քաղաքական արժեքը: Նա գիտի, որ ժողովրդական զանգվածների տրամադրության հետևից գնալը արտասովոր բան չէ ո՛չ մի զանգվածային կուսակցության կյանքում: Բայց նրա պատմական տեսությունից այն տպավորությունն է ստացվում, թե միայն Դաշնակցությունն է, որ վարակվում է զանգվածային տրամադրություններից և տարվում տարերային հոսանքով, թե միայն նա է, որ անընդունակ է «հակառակել հոսանքին ու իր սեփական գիծը տանել»:

Վերևում ես մի քանի օրինակով ցույց տվ[եց]ի, թե ինչպես մինչև անգամ ամենաազդեցիկ, ամենահեղինակավոր քաղաքական կուսակցությունները հաճախ քարշ են գալիս ժողովրդական զանգվածների հետևից: Այդ դեպքերն անկասկած անծանոթ չեն Քաջազնունուն, սակայն կարո՞ղ է նա համարձակություն վերցնել իր վրա պնդելու թե, օրինակ, գերմանական Սոցիալ Դեմոկրատիան, Սոցիալիստ Հեղափոխականների կուսակցությունը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, Անիշխանական կազմակերպությունները և այլն, և այլն, ամենքն էլ գիտակցության պակասության հետևանքով են այդպես վարվում: Կասկածում եմ: Սակյան Դաշնակցությունը, նրա բանն ուրիշ է, Դաշնակցությունը չի կարող դեմ գնալ մասսաների տրամադրությանը, որովհետև «նա ինքը մասսա է, բնազդներով՝ ուժեղ, բայց գիտակցությամբ՝ թույլ»:

Այսպես է գրում և լուսաբանում Քաջազնունին պատմությունը …

Եթե անցյալում Դաշնակցության թերությունը, ըստ Քաջազնունու, նրանում է, որ նա չի կարողացել իր սեփական քաղաքական գիծը տանել Հանրապետության շրջանում, հակառակը, մեր կուսակցությունը մեղավոր է հենց այն պատճառով, որ նա, ըստ ամենայնի, աշխատել է իր գիծը տանել: Տեսնենք, թե ինչ է ասում այս մասին Քաջազնունին:

Ձևականի մեջ, ասում է նա, Հայաստանը Ռամկավար Հանրապետություն էր իր բոլոր հատկանիշներով, իսկ գործնականում՝ «մեր կուսակցությունը ձգտում էր իրեն ենթարկել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը», որով ստացվում էր մի տեսակ «կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձևերի տակ քողարկված»:

Ի՞նչ կցանկանար Քաջազնունին. այն, որ Դաշնակցությունը մի կողմ քաշվեր և թողներ, որ երկիրը կառավարվի «նորմալ» պառլամենտական կարգերով: Դեռ ավելին, նա ոչ միայն կցանկանար, որ Դաշնակցությունը մի կողմ քաշվեր կառավարական գործերից, այլև որ նա Հայաստանում իր պատմական առաքելությունը վերջացած նկատեր և կազմալուծվեր: «Եվ ի՜նչ գեղեցիկ վախճան կլիներ դա՝ մեր քառորդ դարյան կյանքին, մեր երկար ու դժվար աշխատանքին, արյունալի պայքարին ու ահռելի զոհաբերություններին վերջակետ դնելու համար»,-  բացականչում է Քաջազնունին փոքր-ինչ պաթետիկ ձևով:

Սական Դաշնակցությունը ոչ միայն չկազմալուծեց իրեն 1918թվին, այլև շարունակեց իր միջամտությունները կառավարական գործերին, մինչև որ 1920թ. մայիսին գործերի ղեկն ամբողջովին իր ձեռքն առավ հանձին իր «Բյուրո-կառավարության»:

Այս վերջին գրությունը, որ Քաջազնունին որակում է իբրև կուսակցական դիկտատուրա, նրա համար գերադասելի է, քան նախորդը: Սակայն, իհարկե, գերադասելի իբրև չարիքներից փոքրագույնը, բայց ոչ թե իբրև բացարձակապես ցանկալի մի բան:

Այսպես է ահա ներկայացնում Քաջազնունին Դաշնակցության և Հայաստանի իշխանության փոխհարաբերությունը, և ես պետք է ասեմ, որ Հանարապետության գոյության մի որոշ ժամանակամիջոցի համար և որոշ վերապահումներով նրա ներկայացրածը համապատասխանում է իրականությանը:

Սակայն կուսակցական ինքնագնահատման տեսակետից բավակա՞ն է այն, ինչ որ Քաջազնունին է ասում այս խնդրում: Հարկա՛վ՝ ոչ: Այդ ինքնագնահատման համար անհրաժեշտ է պարզել երկու հարց. նախ՝ ի՞նչ հանգամանքների բերումով առաջացան այս փոխհարաբերությունները Դաշնակցության և պետական իշխանության միջև և կարո՞ղ էին արդյոք նրանք այդ հանգամանքներում չառաջանալ: Երկրորդ, ի՞նչ դրական կամ բացասական արդյունքներ են ստացվել նրանցից Հայաստանի Հանրապետության համար:

Դժբախտաբար, Քաջազնունին այս խնդիրների մասին ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ասում, բացի այն, որ վերոհիշյալ միջամտությունները երկիշխանություն էին առաջ բերում և մեկ էլ, որ նրանք դժվարացրին կոալիցիոն կառավարություն կազմելը: Դուք շոշափելի ոչինչ չեք գտնի նրա գրքույկում:

Սակյան եթե գնահատման անհրաժեշտ նախադրյալները պակասում են, այդ չի նշանակում, թե եզրակացությունն էլ է պակասում: Ոչ, եզրակացությունը միշտ կար և միշտ մնում է նույնը. Դաշնակցությունը այստեղ ևս մի դատապարտելի դեր է կատարել հայ կյանքում:

Այս եզրակացությունը, որ այնքան ակնբախ կերպով ցայտում է Քաջազնունու գրքույկից, ըստ արժանագույն գնահատելու համար հարկ եմ համարում նախ փոքր ինչ հանգամանորեն ներկայացնել ընթերցողին Դաշնակցության և պետական իշխանության փոխհարաբերության պարագաները:

Մինչև 1919թ. գարունը, կամ, լավ ևս ասած, Քաջազնունու վարչապետության վերջին ամիսները, Դաշնակցության և հանրապետական իշխանության փոխհարաբերությունները ո՛չ պառլամենտական կարգերի, և ո՛չ էլ որևէ այլ տեսակետից աչքի ընկնող տարակարծությունների տեղիք չեն տվել մեր մեջ: Այդ ժամանակամիջոցում երկու անգամ եղել եմ Հայաստանում, մասնակցել  եմ և՛ կուսակցական կարևոր ժողովների, և՛ կառավարական նիստերի, և՛ դաշնակցական պատգամավորների խորհրդակցություններին ու ոչ մի անգամ այս կարգի տարաձայնությունների մասին բան չեմ լսել:

Այդ ամիսներին Դաշնակցության Բյուրոն գտնվում էր երկրից դուրս և, փակագծի մեջ պիտի ասեմ, մասամբ այս հանգամանքին պետք է վերագրել, որ հայ-վրացական պատերազմը տեղի ունեցավ: Իմ խորին համոզմունքով, եթե Բյուրոն Հայաստանում լիներ, նա ըստ ամենայնի, կդիմագրավեր այդ անմիտ, և քաղաքականապես մեզ համար վնասակար պատերազմին:

Հայաստանում կուսակցական կյանքի գերագույն ղեկավարությունն այդ ժամանակ պատկանում էր Հայաստանի Կենտրոնական Կոմիտեին, որ կառավարությանը իր թելադրանքներն անում էր պառլամենտական ֆրակցիայի միջոցով: Որ այդ ֆրակցիան , իր հետևը կանգնած Կ. Կոմիտեի հետ միասին կառավարական կոալիցիայի և այլ խնդիրներում որոշ պահանջներ էր առաջադրում, պահանջներ կառավարական պլատֆորմի և նախարարական թեկնածուների վերաբերյալ, դա նրա ինքնըստինքյան հասկանալի իրավունք ու պարտականությունն էր: Աշխարհիս երեսին ո՞ր ղեկավարող կուսակցությունն ու նրա ֆրակցիան չունեն այդ պարտականությունն ու իրավունքը: Եթե Քաջազնունու մատնանշած կոալիցիայի խանգարման պատճառները այս պահանջներն են հանդիսանում, ապա հասկանալի է, որ այդ խանգարման մեղքը Դաշնակցության մեջ չպետք է փնտրվի, այլ ուրիշ տեղ:

Երևանից դուրս, գավառներում ևս մեր տեղական մարմինները իշխանության գործերին միջամտելու այնպիսի քայլեր չեն կատարել, որ աչքի ընկներ: Այդ խղճուկ գավառները, սկզբում թուրքական ներարշավի մղձավանջի տակ կորացած, իսկ հետագայում սովի ճիրաններում խեղդված, տրամադրություն ու սիրտ ունեի՞ն որևէ իշխանության հարցով զբաղվելու…

Դրությունը փոխեց 1919թ. սկզբի ամիսներից: Թուրքերը ետ քաշվեցին մեր երկրից, Հայաստանի սահմաններն ընդարձակվեցին, գաղթական ժողովուրդը տեղափոխեց դեպի թուրքական տիրապետությունից ազատված գավառները: Շուկայում սկսվեց ամերիկյան հաց երևալ, ժողովուրդը կարծես մի ծանր մղձավանջից սթափված՝ սկսեց իր շուրջը նայել տնտեսական գործառնությունների համար և դրա հետ միասին երկրի քաղաքական կյանքը վերակենդանության նշաններ սկսեց ցույց տալ: Հայ ժողովուրդը հանձին իր քաղաքական կազմակերպությունների առաջին անգամ զգաց իրեն տեր և տիրական իր երկրի, որովհետև թուրքական վտանգ չկար այլևս, ռուսները մեր երկրի սահմաններից հեռացած էին, իսկ եվրոպական պետությունների աջակցությունը մեր երկրի անկախության և հզորացման համար միանգամայն «ապահովված» էր նկատվում…

Ահա այս ժամանակից էլ սկսվում է Դաշնակցության գործուն միջամտությունը երկրի իշխանության գործերին:

Կենտրոնում այս միջամտությունն արտահայտվում էր այն մի շարք պահանջներով, որ Դաշնակցության Բյուրոն առաջադրում էր Քաջազնունու կառավարությանը: Երկրի ներքին քաղաքականության մեջ Բյուրյոի գլխավոր պահանջներն էին մեր երկրի անկախությունը չճանաչող և Հայաստանի իշխանությանը չենթարկվող տարրերի զսպումը կամ վտարումը երկրի սահմաններից, մեր գաղթականության տեղավորումը երկրում, որ այնքա՜ն կենսական մի խնդիր էր այդ գաղթականներին ապրեցնելու տեսակետից, հայ գյուղացու հողերի հավասարեցումը ռուս և թաթար գյուղացիների հողերին, պետական կյանքի ազգայնացումն և այլն: «Արտաքին» քաղաքականության մեջ նա պահանջում էր լուրջ ուշադրության առնել Զանգեզուրի և Ղարաբաղի խնդիրները և իրական հսկողություն ունենալ արտասահմանյան մեր պատվիրակության և այլ ազգային մարմինների վարած քաղաքականության վրա:

Գավառներում մեր կուսակցական մարմինները պահանջում էին ցարական ռուս և հայառուս պաշտոնյաներին փոխարինել նոր, մեր անկախության գաղափարով տոգորված մարդկանցով, պայքարել կաշառակերության և զեղծումների դեմ, զսպել գյուղական տզրուկներին և կուլակներին, տեղական ժողովրդական ուժերն առաջ քաշել կառավարական գործերի մեջ և այլն, և այլն:

Այս և նմանօրինակ պահանջների դեմ Քաջազնունու կառավարությունը կամ լավ ևս ասած ինքը՝ Քաջազնունին, իբրև վարչապետ, կամ «տրամաբանական առարկություններ» էր հանում և կամ մեռելային անտարբերություն երևան բերում…

Երկուսից մեկը. կամ Դաշնակցությունը հանուն «պետական ձևերի պահպանման» պետք է մի կողմ քաշվեր՝ թողնելով իրեն իրենց «բնական» ընթացքին և կամ պետք է ենթարկեր պետական իշխանությունն իր թելադրանքներին: Առաջին ուղին ընտրել Դաշնկացությունը չէր կարող, որովհետև այդ նրա և այն ժամանակվա և այսօրվա խորին համոզմամբ տանում էր դեպի մեր երկրի և նրա անկախության աստիճանական քայքայումը, կամ նույնիսկ հանկարծակի փլուզումը: Ուստի մնում էր երկրորդ ուղին:

Քաջազնունին իր պետական ըմբռնողությամբ, չգիտեմ ո՛ր ժամանակի կամ ո՛ր երկրի օրինակով հիմնավորված, չէր կարող հաշտվել այս դրության հետ և ստիպված եղավ հրաժարվելու վարչապետությունից:

Չգիտեմ, այս հրաժարականի ժամանակ Քաջազնունին իր հոգու խորքում զգո՞ւմ էր, որ «մեռյալ ձևանալու քաղաքականությունը», որ նա բավական հաջողությամբ վարում էր թուրքերի հզորության օրերին, այլևս անպետք է քաղաքական զարթոնքի շրջանը մտած Հայաստանի համար, թե չէ: Սական փաստ է, որ նրա հեռանալուց հետո միայն գործուն պետական աշխատանքի մղվեցին մեր հասարակական  և կազմակերպական ուժերը՝ հնարավոր դարձնելով այն հսկա շինարարական գործը, որով բնորոշվում է մեր պետական կյանքը՝ սկսած Քաջազնունու հրաժարականից մինչև թուրքական վերջին արշավանքը:

Վերջապես, բոլշևիկյան շարժումների օրերից սկսած (1920 ապրիլ-մայիս) Դաշնակցության և պետական իշխանության փոխհարաբերությունը մի նոր փուլի մեջ մտավ: Դաշնակցության Բյուրոն սկզբում իր մի քանի անդամներով, իսկ վերջը իր ամբողջ կազմով, մտավ կառավարության մեջ, որով կուսակցությունն ու կառավարությունը, գոնե կենտրոնում, մի տեսակ նույնացան: Այս այն շրջանն է, որ Քաջազնունին որակում է իբրև բացահայտ կամ ոչ-քողարկված կուսակցական դիկտատուրա: