Գրավելով Կարսը` 1920թ. նոյեմբերին թուրքական զորքերը շարժվում են դեպի Ալեքսանդրապոլ, հայկական զորքերը մարտերով նահանջում են: Նոյեմբերի 3-ին վարչապետ Օհանջանյանը Կարաբեքիրին զինադադար է առաջարկում, սակայն թուրքերը ձգձգում և ավելի են խորանում դեպի Հայաստան: Նոյեմբերի 5-ին զորավար Սիլիկյանը բանակի հրամանատար Նազարբեկյանին հաղորդում է. ՙԶորամիավորումներն ինքնագլուխ թողնում են ռազմաճակատը: Զինվորները խմբերով դասալքվում են և չեն ենթարկվում հրամանատարներին՚:
Երբ թուրքական բանակը մոտենում էր Ալեքսանդրապոլին, բոլշևիկյան կոմիտեն ընդառաջ գնաց կարմիր դրոշով: Բոլշևիկ ներկայացուցչի առաջին խոսքը եղել է. ՙՈղջույն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակցականների դժոխքից՚:
Նոյեմբերի 5-ին ռազմական նախարար Տեր-Մինասյանը ծածկագիր հեռագրով վարչապետ Օհանջանյանին հայտնում է. ՙՄեր զորքերը կռվել չեն ուզում, խաղաղություն են ցանկանում: Առաջարկում եմ` սկսել բանակցություններ և կնքել հաշտություն: Եթե պատերազմը շարունակենք, ամեն ինչ կկորցնենք՚:
Կարսի գրավումից մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 23-ին, Անկարայի կառավարությունը հրապարակեց հաղորդագրություն Կովկասում ՙմիլլի ուժերի և դաշնակցական հրոսախմբերի միջև՚ կռիվների մասին, որում ասվում էր. ՙՀայաստանը նպատակ է դրել բնաջնջել կամ ստիպել գաղթել երկրում հաստատված թուրքերին, որոնք կազմում են ամբողջ բնակչության կեսը: Երևանի Մահմեդական միության կազմած պաշտոնական վիճակագրության համաձայն մինչև 1919թ. վերջը միայն Հայաստանը կազմող գավառներում այրվել են 199 թուրքական գյուղեր և նրանց 135 հազար հասնող բնակիչները մեծ մասամբ բնաջնջվել են: Սեպտեմբերի 24-ին մեր սահմանագլխային դիրքերը հարձակում կրեցին: Մեր զորքերը թշնամուն հաղթելուց հետո նրանց հետապնդեցին Սարիղամիշի շրջանում: Հայկական հարձակման նպատակը եղել Էրզրումի գրավումը: Սահմանի մյուս կողմը մեր եղբայրներին կոտորող հայկական հրոսախմբերին հետապնդելը օրինական պաշտպանության և մեր ազգի կենսական իրավունքն է՚:
1920թ. նոյեմբերի 6-ին Կարաբեքիրն առաջարկում է զինադադարի պայմանները` հանձնել Ալեքսանդրապոլի բերդն ու կայարանը: Սակայն երբ հայկական կողմը կատարում է թուրքերի ծանր պայմանները, նրանք նոյեմբերի 8-ին նոր` ավելի ծանր պայմաններ են ներկայացնում:
Նոյեմբերի 10-ին հակառակորդը վերսկսում է ռազմական գործողությունները Իգդիրի ուղղությամբ, որտեղ նախընթաց շաբաթներին Դրոյի հրամանատարությամբ հայկական ուժերը կռվել էին թուրքերի դեմ:
Նոյեմբերի 11-ին Չիչերինը նամակով դիմեց Քեմալին` պահանջելով կանգնեցնել Հայաստանի դեմ թուրքական զորքերի հարձակումը: Նույն օրը, սակայն, պատերազմը վերսկսվեց մի քանի տեղերում: Թուրքերը հարձակվեցին Ջաջուռի զորամասերի վրա, հայերը նահանջեցին մինչև Համամլու (Սպիտակ): Թեժ կռիվներ տեղի ունեցան նաև Աղինի ճակատում, որոնք վերջին ռազմական գործողություններն էին: Նալբանդ կայարանից մինչև Ղարաքիլիսա հայտարարվում էր հայ-թուրքական չեզոք գոտի, որտեղ սակայն իրականում թուրքերն ասպատակում էին, ինչպես գրաված հայկական մյուս վայրերում:
Թուրքերի հետ բանակցությունների հետ միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը դիմեց Մոսկվա` խնդրելով միջնորդություն` թուրքերի հետ հաշտվելու նպատակով: Արտգործժողկոմ Չիչերինը հայ-թուրքական բանակցություններում ներկայացուցիչ նշանակեց Բուդու Մդիվանուն, ով 1920թ. հոկտեմբերից Ռուսաստանի դեսպանն էր Անկարայում` քեմալականների կառավարության մոտ:
Բոլշևիկների և քեմալականների միջև Հայաստանը բաժանելու ծրագիրը հաստատում է նաև նոյեմբերի 19-ին մի կողմից վարչապետ Օհանջանյանի ու ռազմական նախարար Տեր-Մինասյանի, մյուս կողմից Լեգրանի ու Մդիվանու միջև հանդիպման արձանագրությունը: Լեգրանը Ռուսաստանի միջնորդության պայման է համարում Կարսի զիջումը քեմալականներին. ՙԿհամաձայնե՞ր Հայաստանի կառավարությունը Կարսը զիջել թուրքերին: Ես այս հարցը համարում եմ արմատական: Եթե Հայաստանը համաձայնի, կվերանա Ձեր ճակատի հետագա ուժեղացման և Ռուսաստանի զինվորական օգնությանը դիմելու հարցը, քանի որ թուրքերը, կստորագրեն խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ՚:
Բոլշևիկները գրեթե բացահայտ հասկացնել են տալիս, որ իրենց նպատակն է զորք մտցնել Հայաստան` իբր թե զսպելու քեմալականներին: Լեգրանը ասում է. ՙԹուրքերը չափազանց իրատես քաղաքագետներ են և եթե նրանց զինված ուժերին չհակադրվի հայտնի ռազմական սպառնալիք, ապա միայն դիվանագիտական ելույթներով դժվար է ակնկալել որևէ դրական արդյունք՚:
Տեր-Մինասյանը Լեգրանին հիշեցնում է. ՙՄի անգամ դեպի հյուսիս մեր կողմնորոշման համար մենք հատուցեցինք մեր ժողովրդի միլիոնների կյանքով: Ռուսական բանակի օգնությունը եղավ ուշացումով: Ինչո՞ւ այս դեպքում էլ չենթադրել նույնի հնարավորությունը՚: Քեմալականները զինադադարով պահանջում էին իրենց հանձնել նաև Վորոնցովկան (Տաշիր): Տեր-Մինասյանը անհասկանալի համարելով քեմալականների այս վարքագիծը, ռուս ներկայացուցիչներին ասում է, որ ենթադրաբար, ՙթուրքերը գործիք են ինչ-որ կողմնակի ուժի ձեռքում՚, որը հետևում է իր լայն խնդիրների իրագործումը: Բացի այդ` ՙՀանուն ի՞նչի Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի թուրքերի դեմ, պատերազմ, որը կարող է զինել ամբողջ մուսուլմանական աշխարհն իր դեմ: Մեր բանակի և ժողովրդի մեջ ստեղծվել է պատկերացում, որ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ միասին՚:
Մդիվանին պատասխանում է. ՙԶինվորական նախարարի եզրահանգումները ճիշտ չեն: Պատճառն այն չէ, որ բանակի և ժողովրդի մեջ ստեղծվել է պատկերացում, որ Խորհրդային Ռուսաստանը տվյալ դեպքում գործում է քեմալականների հետ: Պատճառը ավելի խորն է: Անտանտը չի ցանկանում և անզոր է օգնելու Հայաստանին: Ժողովուրդը ստեղծված վտանգավոր դրությունից դուրս գալու ելք է որոնում, նա փնտրում է հենարան դրսից, այդ հենարանը կարող է լինել միայն Խորհրդային Ռուսաստանը: Ժամանակն է գիտակցել և ընդունել խորհրդայնացումը, որը կփրկի Հայաստանը, հայ ժողովրդին վերջնական կործանումից՚:
Գրավված Ալեքսանդրապոլում նոյեմբերի 17-ին հռչակվում է խորհրդային իշխանություն, ստեղծվում է հեղկոմ: Քեմալականների ներկայացուցիչ է նշանակվում Ռյուշտի փաշան: Ալեքսանդրապոլի գավառում հռչակելով խորհրդային իշխանություն, թուրքերը փորձեցին հեղկոմին դարձնել իրենց հանցագործությունների մասնակից:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ներքգործնախարար Սարգիս Արարատյանը և Քյազիմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլում ստորագրում են զինադադարի պայմանները: Զինադադարի վերջին օրը նոյեմբերի 25-ն էր, իսկ դրանից մեկ օր առաջ պետք է սկսվեին հաշտության բանակցությունները: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ է մեկնում Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը Խատիսյանի գլխավորությամբ` թուրքերի հետ բանակցություններ սկսելու:
Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի և ռուսների միջև, նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը, որը վերնագրված էր ՙԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ՚:
Վարչապետ Օհանջանյանի ու ռազմական նախարար Տեր-Մինասյանի և Լեգրանի ու Մդիվանու միջև հանդիպումից հետո արդեն վերջնականապես ակնհայտ դարձավ Հայաստանը միմյանց միջև բաժանելու և խորհրդայնացնելու բոլշևիկ-քեմալական պայմանավորվածությունը: Բյուրո կառավարությունը նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց:
ՙՅառաջը՚ նոյեմբերի 23-ին ՙԴեպի հաշտություն՚ վերնագրված խմբագրականում գրում էր. ՙՄենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը՚:
ՙՀաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը՚ վերնագրված խմբագրականում նոյեմբերի 24-ին ՙՅառաջը՚ շեշտում է թուրքերի հետ լեզու գտնելու անհրաժեշտությունը. ՙԵթե հայ ժողովուրդը կամենում է ապրել ու ապահովել իր պետական և ֆիզիկական հարատև գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից: Պետք է ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ՚:
Նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը. ՙՀայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ՚:
Թուրքիայի հետ նոր հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ վարչապետ Վրացյանը դիմում է նաև Մուստաֆա Քեմալին, որի մասին տեղեկանում ենք նոյեմբերի 29-ին` Քեմալի հղած պատասխան նամակից. ՙԳոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի՚:
Ալեքսանդրապոլի բանակցություններում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի պայմանագրից: Նոյեմբերի 27-ին Խատիսյանը հեռախոսով Վրացյանին տեղեկացնում է. ՙԹուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է` ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը՚: Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:
Մինչ այս Կարաբեքիրը մերժել էր հայկական կողմի` ռուսաստանյան պատվիրակ Բուդու Մդիվանու` բանակցություններում մասնակցության պահանջը: Իրենք` ռուսները, և անձամբ Մդիվանին Ալեքսանդրապոլի բանակցություններին մասնակցելու հետաքրքրություն չունեին: Մյուս կողմից, ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներ են հնչեցնում թուրքերը: Նոյեմբերի 27-ին Կարաբեքիրը հայկական զորքերի հրամանատարին հղած նոտայում նշում է, թե իբր Հայաստանը խախտում է զինադադարի պայմանները` պահանջելով Ղարաքիլիսայից դուրս բերել հայկական զինված ուժերը, հակառակ դեպքում` ՙբանակցությունները կդադարեցվեն և կարգը պահպանելու համար մեր զորքերը կգրավեն հայ-թուրքական չեզոք գոտին՚:
Նոյեմբերի 28-ին զինադադարի պայմաններն իբր չկատարելու ևս մեկ նոտա Կարաբեքիրը հղել էր Հայաստանի կառավարությանը: Հաջորդ օրը Խատիսյանի հետ հեռախոսազրույցում Վրացյանն ասում է. ՙԹուրքերը չեզոք գոտում աշխատում են բոլշևիկյան իշխանություն հաստատել, պետք է բողոքել դրա դեմ: Կարաբեքիրից ստացվեց նոր` լրացուցիչ պահանջ իբր թե պակաս տրված զենքերի, ռազմամթերքի, ձիերի և այլ իրերի, որ պետք է հանձնվի մինչև դեկտեմբերի 1-ը: Եթե կամենանք էլ, այդ պահանջները չենք կարող կատարել: Թուրքերի ձգձգումը և նոր պահանջները կռիվը վերսկսելու առիթ է: Անհրաժեշտ ենք համարում հենց հիմա բանակցել Լեգրանի հետ՚:
Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը տեղի է ունենում խորհրդակցություն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի, խորհրդարանում ՀՅԴ խմբակցության, կառավարության անդամների և մի քանի ճանաչված գործիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունում պետք է պատասխան տրվեր Լեգրանի վերջնագրին: Դրոն ասում է, որ ինքը բոլշևիկների դեմ կռվելու զորք չունի, հայ զինվորը չի կրակի ռուսների վրա:
Դեկտեմբերի 1-ին Վրացյանը Խատիսյանին տեղեկացնում է, որ քեմալականների ներկայացրած ծանր պայմանները ուժեղացրել են բոլշևիկների դիրքերը, որոնք արդեն գրավել են Դիլիջանը և դեպի Երևան են շարժվում Հայաստանը թուրքերից փրկելու նշանաբանով: Հայկական զորքերը Դիլիջանում բոլշևիկներին ընդունել են ողջույններով: Նման պայմաններում, հայտնում է Հայաստանի վարչապետը, կառավարությունը համաձայնվում է հանրապետության խորհրդայնացվելուն` պայմանով, որ անկախությանը պահպանվի:
Նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից անցնել էր Քարվանսարա (Իջևան) և Հայաստանում հռչակել խորհրդային կարգեր:
1920թ. դեկտեմբերի 2-ին, մի կողմից Դրոյի ու Տերտերյանի, մյուս կողմից` Լեգրանի միջև, կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիր: Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որի կազմ էին մտնում Երևանի նահանգը իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
Հայաստանի խորհրդայնացման օրերին Ալեքսանդրապոլում շարունակվում էին հայ-թուրքական բանակցությունները: Կասյանը Դիլիջանից Կարաբեքիրին հեռագրով հաղորդում է Հայաստանի խորհրդայնացման լուրը: Վրացյանն իր հերթին հեռագրով հայկական պատվիրակությանը տեղեկացնում է կառավարության հրաժարականի մասին` հասկացնել տալիս, որ պետք է ընդունել թուրքերի պայմանները և ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր, ստորագրվում է հայ-թուրքական դաշնագիրը: Թուրքերը Ալեքսանդրապոլում մնացին մինչեւ 1921թ. ապրիլի 21-ը` այդ ընթացքում ասպատակելով երկիրն ու կոտորելով նրա սովահար ժողովրդին: Հեռանալուց առաջ թուրքերը Ալեքսանդրապոլի գավառի գյուղերից հազարավոր հայերի քշում են Ջաջուռի հարևան Հերհերի ձոր (Ջարդի ձոր) և անխնա կոտորում:
Դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում է նոր վարչակարգ: Խատիսյանը սպասում էր հրահանգների` ստորագրե՞լ Ալեքսանդրապոլի դաշնագիրը, թե՞ ոչ: Երեկոյան ժամը 6-ին Խատիսյանին հեռագրաթելի մոտ է հրավիրում Դրոն. ՙՀեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել դաշնագիրը կամ ոչ՚: Խատիսյանը հարցնում է. ՙԱրդյոք կառավարությունը ստորագրելո՞ւ կողմն է, թե՞ մերժելու: Մենք որոշակի և պարզ հրահանգներ ենք սպասում ՚: Դրոն պատասխանում է. ՙԳործե՛ք համաձայն ձեր հասկացողության: Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից՚:
Երեկոյան ժամը 8-ին կայանում է Ալեքսանդրապոլի բանակցությունների չորրորդ և վերջին նիստը: Հայկական պատվիրակությունը հայտարարում է, որ ընդունում է դաշնագիրը, որից հետո սկսվում է դրա ընթերցումը հոդված առ հոդված: ՙՔննության ընթացքում հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հօգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը (Կարսի նահանգ) Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքերի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը ոչ մի զիջում չարեցին: Գիշերվա ժամը 2-ին (դեկտեմբերի 2-ի լույս 3-ի) երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը՚,- գրում է Խատիսյանը:
1920թ. դեկտեմբերի 2-ին համաձայնագիր էր կնքվել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության (Լեգրան) և Հայաստանի (Դրո, Համբարձում Տերտերյան) միջև, որի առաջին կետով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն: Կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե: Իշխանությունը ժամանակավոր կերպով, մինչև հեղափոխական կոմիտեի գալը, անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն, իսկ ՌԽՖՍՀ-ից Հայաստանի զորահրամանատարության կից կոմիսար է նշանակվում Սիլինը:
Հայկական բանակի հրամանատարական կազմը, ըստ համաձայնագրի, չպիտի ենթարկվեր պատասխանատվության: Ռազմահեղափոխական կոմիտեի յոթ անդամներից հինգը նշանակվում են կոմունիստական կուսակցությունից` Կասյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան, Բեկզադյան և Նուրիջանյան, երկուսը` ձախ դաշնակցականներից` Դրո և Տերտերյան: Նոր իշխանությունը Հայաստանում ընդունվում է գրեթե առանց դիմադրության, բացառությամբ Զանգեզուրի, որտեղ զինված ուժերի հրամանատար Նժդեհը մի քանի ամիս պայքարում և պահպանում էր անկախությունը:
Վրացյանի խոսքերով` դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել. ՙՇատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը՚:
Դաշնակցական նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը հանրապետությունից հեռացավ հենց դեկտեմբերի 2-ին և լեռներով ուղևորվեց Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց և բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասն ուղևորվեց դեպի Զանգեզուր: Նախկին նախարարներից բաց էին ապրում միայն Վրացյանը, Քաջազնունին, Խատիսյանը, Տիգրանյանը, Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասն իրեն հայտարարեց ձախ դաշնակցական և փորձեց խումբ կազմել, սակայն հաջողություն չունեցավ: Մի մասը մտավ կոմունիստական կուսակցության մեջ, մյուս մասը երկու-երեք ամիս հետո, հեռացավ Հայաստանից:
Դեկտեմբերի 4-ին Երևան է գալիս նոր կառավարությունը` Կասյանի նախագահությամբ: Նույն օրը Ստալինը ՙԿեցցե՛ Խորհրդային Հայաստանը՚ հոդվածում գրում է. ՙԽորհրդային Ադրբեջանը դեկտեմբերի 1-ին կամավոր կերպով հրաժարվեց վիճելի նահանգներից և հայտարարեց ՙԶանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Խորհրդային Հայաստանին՚:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից












