Տավուշի Պառավաքար գյուղի հողերի 1400 հեկտարը՝ ադրբեջանական վերահսկողության և կրակի տակ

3141

Հայաստանում հողի սեփականաշնորհումը համընկավ Արցախյան պատերազմի և Հայաստան-Ադրբեջան սահմաններում ռազմական գործողությունների հետ: Որոշ գյուղացիներ հող ստացան, երբ արդեն այդ հողակտորը մշակելը դարձավ վտանգավոր կամ անհնար: 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո պայմանները չբարելավվեցին: Տարին տարու վրա հակամարտող կողմերը չվերահսկվող՝ չեզոք գոտու հաշվին, իրենց առաջապահ դիրքերը առաջ էին տանում, զբաղեցնում հարմար բարձունքներ: Որքան կողմերը առաջ են տանում իրենց առաջապահ զինվորական դիրքերը, այնքան ավելի է դժվարանում սահմանամերձ գոտու հողատարածքների մշակումը:

Այսօր հազարավոր հեկտար հողատարածքներ, որտեղ խորհրդային տարիներին ստացվում էր տոննաներով հացահատիկ, խաղող, պտուղ-բանջարեղեն, պարզապես չեն մշակվում: Այսպես, Բարեկամավանում չի մշակվում 350 հեկտար բարեբեր հող, քանի որ ուղիղ հակառակորդի նշանառության տակ է: Բերքաբերում չի մշակվում ավելի քան 800 հեկտար հող: Այդ տարածքը ադրբեջանական վերահսկողության տակ է: Պառավաքարի հողերի շուրջ 1400 հեկտարն է ադրբեջանական վերահսկողության և կրակի տակ:

Այդ հողերը կմշակվեն միայն այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատվի կամ Երևանն ու Բաքուն պայմանավորվեն չկրակել բնակավայրերի և խաղաղ, աշխատավոր գյուղացիների ուղղությամբ: Նման բան առաջիկա տարիներին անիմաստ է ակնկալել, քանի որ լարվածությունը ամեն տարի ավելանում է, հակամարտության կողմերը որպես թիրախ ընտրում են հենց քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը:

Սակայն «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը կարևոր է այն տարածքների համար, որոնք մշակվում են: Եթե ստեղծվեն մրգի և բանջարեղենի վերամշակման նոր արտադրամասեր, զարգանա մեղվապահությունը, հիմնվեն ջերմոցային տնտեսություններ, ապա դա իր հետևից կքաշի գյուղատնտեսությունը: Տավուշը Հայաստանի ամենագյուղատնտեսական մարզն է, բնակչության ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է գյուղական համայնքներում:

Հողի սեփականաշնորհումը, չնայած ժամանակին և անգամ այսօր հնչող քննադատությանը, Հայաստանի նորանկախ իշխանությունների իմաստուն քայլերից էր: Այն դժվար իրավիճակում, որ այսօր հայտնվել է հայկական գյուղն ու գյուղացին, սեփականաշնորհման հետ անմիջական կապ չունի: Սխալները պետք է փնտրել այլուր:

Հողի սեփականաշնորհումից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում էին, որ արդար չէ համահավասարեցնել Արարատյան դաշտավայրի բնակավայրը և Տավուշի մարզի սահմանապահ գյուղը, անհրաժեշտ են արտոնություններ, մասնավորապես՝ չհարկել սահմանային գյուղատնտեսությունը: Թեև ուշացումով, Հայաստանի կառավարությունը տվել է օրենսդրական արտոնություններ և ժամանակը ցույց կտա, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Կառավարությունը իր քայլն արել է, մնում է, որ դրան արձագանքի բիզնեսը:

Անհրաժեշտ է Տավուշի մարզում կազմակերպել բիզնես խորհրդաժողով, հրավիրել գործարարներ Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից, ներկայացնել մարզի և սահմանամերձ տարածքների բիզնես-հնարավորությունները, մեկնաբանել և քննարկել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը: Հակառակ դեպքում, մտահոգություն կա, որ այս օրենքը կմնա թղթի վրա:

Եթե Տավուշի սահմանամերձ գյուղերում չստեղծվեն մրգի և բանջարեղենի, մսամթերքի և կաթի վերամշակման արտադրամասներ, եթե չզարգանա խոզաբուխությունն ու մեղվաբուծությունը, ապա այս օրենքը մեծ փոփոխություններ չի բերելու և չի բարելավելու մարկանց ապրելակերպը: Գուցե մարզը ունի ներդրումային այլ հնարավորություններ, որոնք բացահայտելու համար անհրաժեշտ է գործարարների այցը այդ շրջան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Գուցե անհրաժեշտ է ստեղծել ներդրումային ընկերություն, դրանում ներգրավել գործարարների, որոնց ներդրած գումարները անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով և առանց գրավի տրամադրել անհատ ձեռներեցների, մասնավոր ընկերությունների: Այդպիսի փորձ կատարվել է Արցախում: Սփյուռքահայերի, հիմնականում լիբանանահայերի «Արցախ Րութս Ինվեսթմենթս» (ԱՐԻ) ընկերությունը Արցախի իշխանությունների հետ համագործակցաբար վարկավորում է գյուղատնտեսությունը Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, ինչպես նաև՝ ներդրումներ անում բնակարանաշինության ոլորտում: ԱՐԻ-ի ստեղծմանը նախորդել էր մի բիզնես-խորհրդաժողով, որ Բերձորում կազմակերպել էր սփյուռքահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը:

Լուսանկարում՝ Պառավաքար գյուղը

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/09/tavush-agriculture-part-4/

2015-ի տարվա փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/