Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից
1918 թվին, թուրքերի հեռանալուց հետո, Հայաստանի կրթական գործը գրեթե հիմքից քայքայված էր կամ գործում էր մեջ ընդ մեջ: Ուսումնարանները կարճ կամ երկար ժամանակով հատկացվում էին որբանոցներին ու գաղթականներին, իբրև հանրակացարան: Որոշ տեղեր էլ սովն ու համաճարակը թույլ չէր տալիս կանոնավոր պարապմունքներ ունենալու:
Հայաստանի կառավարության կազմակերպումից հետո առաջին գործերից մեկը եղավ դպրոցական քանդված շեքերի վերանորոգությունը, որի համար հատկացվեց մեկ միլիոն ռուբլի, որ այն ժամանակ մեծ գումար էր: Հաստատվեց հանրային կրթության և արվեստի նախարարություն՝ կենտրոնական ուսումնական խորհրդով: Ամբողջ Հայաստանը բաժանվեց 11 կրթական շրջանների և նշանակվեցին շրջանային տեսուչներ: Մշակվեց և գործադրության դրվեց կրթական ծրագիր: Խորհրդարանի կողմից քվեարկվեցին խոշոր գումարներ կրթական գործի համար: Եվ ահա ստացված արդյունքը.
1918-19 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանը ուներ 133 տարրական դպրոց 383 ուսուցչով և 11,136 աշակերտով, իսկ 1919-20-ին 456 տարրական դպրոց (առանց Զանգեզուրի և Լոռիի) 1047 ուսուցչով և 41,188 աշակերտով:
Ըստ Լուսժողկոմի պաշտոնական տեղեկություների՝ 1922-23 ուս[ումնական] տարվա ընթացքում ամբողջ Հայաստանում, [ներառյալ] Զանգեզուրն ու Լոռին, կար 547 տարրական դպրոց, որից 467 հայկական, 41 թուրքական, 23 ռուսական , 7 եզդիտական, 4 հունական և 5 ասորական: Այդ դպրոցներում կար 47,870 աշակերտ- աշակերտուհի, որից 42,590 հայեր, մնացյալը՝ այլազգիներ և 1274 ուսուցիչ-ուսուցչուհի: Ուրիշ խոսքով՝ երեք տարվա աղմուկից ու ժխորից հետո Խորհրդային Հայաստանի այսօրվա վարիչները տարրական կրթությունը քանակի տեսակետից, դրել են մոտավորապես նույն վիճակի մեջ, ինչ որ 1919-20 ուս[ումնական] տարում էր: Կրթական-դաստիարակչական վիճակի մեջ, դժբախտաբար, թվեր չունենք:
1918-19-ին Հայաստանում կար 6 միջնակարգ (երկրորդական) դպրոց 177 ուսուցչով և 3,137 աշակերտով, 1919-20-ին՝ 20 միջնակարգ դպրոց 305 ուսուցչով և 5,162 աշակերտով:
Կրթական գործը տարվում էր պետական լեզվով, բայց կառավարությունը քաջալերում էր և այլազգիների կրթութիւնը: 1919-20-ին Կարսի շրջանում կար 16 թաթարական դպրոց: Մոլոկանների և եզդիների գյուղերում էլ բացված էին տարական դպրոցներ:
1920թ. հունվարի 31-ին, առաջին անգամ Հայաստանի հողի վրա, բացվեց բարձրագույն կրթարան-հայկական առաջին համալսարանը՝ Ալեքսանդրապոլում, որը հաջորդ տարի փոխադրվեց Երևան: Բացման օրը համալսարանը ուներ 8 ուսուցչապետ և 200 ուսանող: Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում և այլուր հիմնվեցին հանրակրթական դասընթացներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ: Ծրագրված էր բանալ մանկավարժական, տեխնիկական, կոոպերատիվ, արվեստագիտական, երաժշտական, զինվորական, երկրաչափական, դեղագործական վարժարաններ: Ալեքսանդրապոլում բացվեց երկրագործական դպրոց, մեկ ուրիշը հիմնվեց Նոր Բայազետում: Քաջալերվում էր ֆիզիկական կրթությունը. բոյ [boy]-սկաուտական կազմակերպությունը լայն ծավալ էր ստացել Հայաստանում:
Ես, դժբախտաբար, ձեռքիս տակ չունեմ 1919-20թ. պետական բյուջեն, բայց եթե հնարավոր լիներ հրատարակել Հայաստանի Հանրապետության 1919-20թ. ելևմուտքը, կերևար, թե կառավարությունը ի՜նչ մեծ կարևորություն էր տալիս կրթական գործին, որը դրված էր բոլորովին անկուսակցական՝ պետական հողի վրա, և դպրոցների դռները լայնորեն բացված էին քաղաքական ամեն դավանանքի տեր մանկավարժների ու կրթական գործիչների առջև:
Լուսանկարում՝ Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը 20-րդ դարի սկզբներին












