Ունեցած նվազագույն արժեքը կկորցնենք նույն պահին, եթե «նշանառու կրակն ուղղենք Հայաստանի դեմ»

1410

Եկեք նայենք իրականությանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղաբաշխվում է շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկարությամբ, միջանցքն ունի հինգ կիլոմետր լայնություն։

Այս պայմանը պահպանվե՞լ է։

Ոչ։

Ադրբեջանական ԶՈՒ մարտական հենակետերը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հատկապես Լիսագոր-Շուշի հատվածում տեղաբաշխվել են մեկ-երկու հարյուր մետր հեռավորության վրա։

Երկրորդ, Շուշի-Քարինտակ խաչմերուկում հենց առաջին օրերից Ադրբեջանը տեղադրել է մշտադիտարկման սարքավորումներ։ Նախատեսվա՞ծ էր դա եռակողմ Հայտարարությամբ։

Ոչ։

Նույն տեղում Ադրբեջանը մշտապես ունեցել է սեփական անցակետը՝ ապահովելու Շուշի-Իսահակի աղբյուր-ադրբեջանական դիրքեր անխափական կապը։ Նման բան եռակողմ Հայտարարությունը չի սահմանում։

Անցնենք առաջ․ նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատված ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը Հին Թաղերում, Խծաբերդում, Փառուխում, Քարագլխի բարձունքում, Կիչան-Ալիաղալու, Ճանկաթաղ-Ղարաչիլար, Չարեքտար-Դադիվանք, Նարեշտար-Քելբաջար եւ այլ հատվածներում մի քանի փուլով փոփոխության է ենթարկվել՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ անցյալ օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանը տիրացել է Սարիբաբայի եւ մի շարք այլ բարձունքների, որ մշտապես գտնվել են նախկին ԼՂԻՄ տարածքում։

Հրադադարի ռեժմի պարբերական խախտումների մասին խոսել չարժե։ Բայց արժե հիշեցնել, որ երբ անցյալ տարիվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիայի դիմեց արդեն ՀՀ սուվերեն տարածքի դեմ եւ հասավ Ջերմուկի մատույցներ, Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը Երեւանին խորհուրդ տվեց նստել եւ Ալիեւի հետ քննարկել հարցերը, թե չէ ավելի վատ կլինի։

Հիմա, այսքանից հետո ասել, թե Հայաստանը Հարավային Կովկասից դուրս է մղում Ռուսաստանին՝ կամ ինֆանտիլիզմ է, կամ՝ խարդախամտություն։

Ո՞րն էր Հայաստանի միակ պահանջը։ Որ ՀԱՊԿ-ն Հայաստան-Ադրբեջան խորհրդային ժամանակների բաժանարարը ճանաչի երկու երկրների միջպետական սահման։ Ճանաչե՞ց։ Ոչ։

Ամեն անգամ, ինչպես նաեւ հուլիսի 15-ի ԱԳՆ հայտարարությամբ , Մոսկվան հորդորում է նստել եւ քննարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերը։ Բայց ինչպե՞ս, եթե որեւէ համաձայնեցված հիմք չկա։ Արեւմտյան հարթակը գոնե ֆորմալ առումով այդ հիմքը սահմանել է՝ ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը։

Հայաստանը դրանից պիտի հրաժարվեր եւ վերադառնար Կովբյուրոյի 1921թ․ հուլիսի 3-ի պլենումի բանավեճին, երբ քննարկվում էր նախկին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը հայկական եւ քրդական մասերի բաժանելու հա՞րցը։ Ինչու՞ պիտի վերադառնար, եթե Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է եւ ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Հանուն Լեռնային Ղարաբաղի՞։ Իսկ ի՞նչ էր առաջարկում Ռուսաստանը։

-Եկեք Հայաստան-Ադրբեջան “վիճելի սահմանի” հարցը կարգավորենք, կոմունիկացիաները բացենք, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը թողնենք ապագային։

Եւ այդ առաջարկությունը Երեւանը չէ, որ մերժել է, հենց շեմքից Բաքուն է կտրկանապես բացառել։

Գանք այսօրվան։ Ես ոչ մի վստահություն չունեմ, որ ռուս-ադրբեջանական “բալագանը” ինսինուացիա չէ, ավելի պարզ ասած՝ “կուտ”։ Բաքուն եւ Մոսկվան կապված են դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագրով, որ, ուշադրությու՜ն, Կրեմլում Պուտինը եւ Ալիեւը ստորագրել են 2022թ․ փետրվարի 22-ին։ Մի քանի ժամ անց Պուտինը տվել է Ուկրաինայում հատուկ ռազմագործողություն սկսելու հրամանը։

Պա՞րզ է։

Միջին-վիճակագրական հայի ուշադրությունն եմ հրավիրում մի արձանագրված փաստի վրա․ Պուտին-Ալիեւ կրեմլյան “պաչուպռոշտիներից” մեկ ամիս անց՝ մարտի 22-ին, Բաքու է գործուղվել ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Կիմը։ Մարտի 24-ին Փառուխը եւ Քարագլխի բարձունքի աղդամահայաց հատվածը ռուս խաղաղապահների ներկայությամբ անցել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողությանը։ Քարագլխի մյուս հատվածը պահպանվել է շնորհիվ ՊԲ եւ կամավորականների կազմակերպած դիմադրության՝ չորս պայծառ զինվորականի զոհողության գնով։

Իսկ թե Արցախի երկնքում ինչ են անում Ադրբեջանի հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-երը՝ դուրս է “ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի” հասկացության թե իրավա-քաղաքական, թե զուտ ռազմական իմաստով սահմանումից։

Լաչինի միջանցքի “թատրոնը” կարճ հիշեմ․ այն սկսվել է ադրբեջանցի “էկոակտիվիստների” հետ գեներալ Վոլկովի մամուլի ասուլիսով, երբ խաղաղապահ զորախմբի հրամանատարը մտել է իր լիազորությունից դուրս դիսկուրսի մեջ եւ վստահեցրել, որ Հայաստանի հետ սահմանին կտեղադրվի մինի-մաքսակետ։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ իրավիճակ է փոխվել, երբ Հայաստանի վարչապետը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Հայաստանի վարչապետը քաղաքական այդ քայլին գնացել է, որպեսզի փոխարենը դարձյալ քաղաքական հավաստիացում ստանան, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառնում է Սյունիքը եւ կազմում 29,8 հազար քկմ․։

Մի երաշխիք, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ոչ միայն գետնի վրա, այլեւ քաղաքական հայտարարության մակարդակով առ այս պահը չեն տալիս։ Բայց Ռուսաստանի ԱԳՆ “իսկ Վասկան լսում եւ խփշտում է” ոճի մեջ նույն բանը կրկնում է, եւ Հայաստանի ընդդիմությունն իսկույն ձեւակերպում է, որ միջանցքը “Նիկոլն է փակել”։ (Բա չլսեցի՞ք, չկարդացի՞ք, Լավրովն է ասել)։ Իսկ մամուլը, սոցիալական մեդիայի “ազգային-հայրենասիրական” սեգմենտը Արայիկ Հարությունյանին հորդորում է լքել Ստեփանակերտը, հասնել Երեւան եւ նստացույց անել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Ղարաղորումի անապատներում մոնղոլա-թուրքական մի ցեղը մյուսին տիրելու համար նրա երիտասարդներին մանկուրտացնում էր՝ սափրած գլխին ուղտի տաք կաշի հագցնելով։ 21-րդ դարում Արցախը փորձում են մանկուրտացնել “փափուկ ուժով”։ Ահավոր է։ Արցախում պետք է հասկանանք, որ ունեցած նվազագույն արժեքը կկորցնենք նույն պահին, եթե “նշանառու կրակն ուղղենք” Հայաստանի դեմ։

Չինգիզ Այթմատովի վեպի գլխավոր հերոսն այն թռչունն է, որ տափաստանի վրա անկանգ սավառնում եւ մի բան է ճչում․ “Հիշիր՝ ով ես դու, ումն ես դու”։

Հայաստանի եւ Արցախի երկնքում այդ ճիչն ո՞վ է հնչեցնելու՝ նա էլ կլինի այս ճակատագրական փուլի առաջնորդ-փրկիչը։

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի Գերագույն խորհրդի՝ 1990-1995թթ և Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի այս գրությունը վերցրել ենք նրա ֆեյսբուքի էջից