Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 18/07/2023 (վերջին փոփոխութիւն՝ 18/07/2023)
Բիթլիսի բողոքական կայանը Արեւմտեան Հայաստանում բողոքականների խոշոր եւ զարգացած կենտրոններից էր:
Կայանը 1858 թ. հիմնադրել է ամերիկացի միսիոներ Ջորջ Քուշինգ Նեփը (Knapp, Նեփ-աւագ) [33], ով իր գործունէութիւնը Բիթլիսում շարունակել է մինչեւ իր մահը 1895 թ. [34]: Բացի հիմնադրից եւ նրա կին Ալզինա Նեփից, կայանն սկզբնապէս ընդգրկում էր մէկ տեղացի հայ քարոզիչ եւ մէկ տեղացի հայ օգնական [35]:
1867 թ. տուեալներով, կայանը բացի տեղացի հայ քարոզիչից ունէր նաեւ երկու ուսուցիչ: Ժողովարանում հաւաքուողների միջին թիւը 74 հոգի էր: Գործում էր շաբաթօրեայ դպրոց, ուր յաճախում էր 67 հոգի: Բողոքական ենթակայաններ էին բացուել Բիթլիսի գաւառի չորս բնակավայրերում` մէկ տեղացի հաւատարմագրուած քարոզիչով, մէկ ուսուցիչով, 3 օգնականով, 87 անդամներով եւ 45 աշակերտ ունեցող 2 շաբաթօրեայ դպրոցներով [36]:
1868 թ. Բաղէշի կայանը համալրել են Լիսանդեր Բըրբանքն ու նրա կին Սարան (Բիթլիսում մնացել են մինչեւ 1871 թ.), ինչպէս նաեւ Շառլոտա եւ Մերի Էլի քույրերը, որոնք քաղաքում բացել են Մաունթ Հոլեօքի աղջկանց գիշերօթիկ վարժարանը (այդ հաստատութեան մասին մանրամասն տե՛ս Յուշամատեանի «Պիթլիս – Միսիոնարներ» յօդուածը։
1876-1881 թթ. Բաղէշի եւ Մուշի գաւառների տարածքները միացուել էին Վանի նահանգին, համապատասխանաբար Բիթլիսի բողոքական կայանը կցուել է Վանի կայանին` գործելով որպէս ենթակայան (մինչեւ 1886 թ.) [37]:
1880-ական թթ. վերջերին բողոքական համայնքներ կային Բիթլիս գաւառի 15 հայաբնակ բնակավայրերում [38]:
1890 թ. Բիթլիսի կայանի աշխատանքներին է միանում Ջորջ Քուշինգ Նեփի որդին` Ջորջ Փերքինս Նեփը (Նեփ-կրտսեր) [39], ով հօր վատառողջութեան պատճառով, միսիոներ Ռոյալ Մ. Քոլի հետ միասին 1890-ական թթ. առաջին կէսին փաստացի ղեկավարում էր բողոքական համայնքը [40]:
Երբ 1895 թ. հոկտեմբերի երկրորդ կէսին աբդուլհամիդեան կոտորածների ալիքը հասնում է Բիթլիս, Նեփ-կրտսերը կարողանում է հայերին բողոքական հաստատութիւններում ապաստան տալու միջոցով փրկել բազմաթիւ կեանքեր [41]: Նա նաեւ կազմում է ջարդերի մասին տեղեկագիր, որն ուղարկում է Կ. Պոլիս` ԱՄՆ դեսպանին, ինչպէս նաեւ եւրոպական մեծ տէրութիւնների դիւանագիտական ներկայացուցչութիւններին [42]: Հայանպաստ գործունէութեան պատճառով օսմանեան իշխանութիւնները 1896 թ. Նեփ-կրտսերին վտարում են Բիթլիսից` նրան մեղադրելով հայերին իշխանութիւնների դէմ հրահրելու համար [43]:
Ջորջ Նեփի արտաքսումից յետոյ Բիթլիսի եւ Մուշի հայերը նրա մասին երգ են յօրինել, որտեղ կան նաեւ այս խօսքերը.
«Ամերիկացի Ճորճին տարէք բարեւներ,
Մենք չենք մոռնար նրա բարիքներ,
Աստուած պարգեւէ իրեն երկար տարիներ» [44]:
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Նեփ-կրտսերը հնարաւորութիւն է ստանում վերադառնալ եւ շարունակել իր գործունէութիւնը Բիթլիսում: Հայոց ցեղասպանութեան ժամանակ նա նորից փորձում է ապաստան տալ հայերին բողոքական կայանի շէնքերում, սակայն 1915 թ. յունիսի 23-ին ժանդարմները ներխուժում են կայան եւ ձերբակալում այնտեղ թաքնուածներին [45]: 1915 թ. յուլիսի վերջերին օսմանեան իշխանութիւնները ամերիկացի միսիոներին աքսորում են Դիարբեքիր, որտեղ հասնելուն պես նա մահանում է [46]:
1890-ական թթ. կեսերին Բիթլիսի բողոքական կայանի գործունեութեան մասին տեղեկութիւններ է հաղորդում բրիտանացի ճանապարհորդ Հենրի Լինչը: Ըստ հեղինակի` բողոքականների կենտրոնակայանը գտնւում էր Աւերմէյդան թաղամասում: Միսիոներների աշխատանքն ուղղված էր ոչ այնքան բողոքական վարդապետութեան տարածմանը, որքան բողոքական դպրոցական ցանցի ընդլայնմանը: Քաղաքում գործում էր աւագ դպրոց, բողոքական դպրոցներ էին հիմնադրուել գաւառի 15 հայաբնակ բնակավայրերում: Լինչը բնութագրում է այդ ժամանակ բողոքական համայնքը ղեկավարող Նեփ-աւագին, Նեփ-կրտսերին եւ Ռոյալ Քոլին որպէս նախանձախնդիր, փորձառու եւ բարեհամբոյր անձնաւորութիւններ: Նա նշում է, որ թաղամասում գործում էր մեծ, նորակառույց բողոքական եկեղեցի, որի ծախսերի մի մասը հոգում էր տեղի բողոքական համայնքը: Քաղաքի բողոքական հայերի թիվը 100 հոգի էր, իսկ ամբողջ նահանգում կար մօտ 1200 բողոքական: Բողոքականութիւն ընդունած հայերը իրենց ազգութիւնից հրաժարուելու որեւէ միտում չէին ցուցաբերում, այլ ընդհակառակը, մինչեւ հիմքը մնում էին հայ [47]:
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ բողոքականների գործունէութիւնը Բիթլիսում որոշակի առաջընթաց է ապրում` շնորհիւ հայերի նկատմամբ աբդուլհամիդեան վարչակարգի ճնշումների վերացման եւ հասարակական-քաղաքական կեանքի որոշակի ազատականացման: Ըստ 1910 թ. բողոքական տեղեկագրի տուեալների` Բիթլիսի բողոքական կայանի անձնակազմն ընդգրկում էր մէկ ընտանիք (ենթադրաբար, խօսքը Նեփ-կրտսերի ընտանիքի մասին է), երկու կին միսիոներ (Էլի քոյրեր), մէկ ձեռնադրուած տեղացի հովիւ, 7 այլ քարոզիչներ, 10 ուսուցիչ, 6 ուսուցչուհի, Աստուածաշնչի ընթերցմամբ եւ բացատրմամբ զբաղուած 4 կին եւ օգնութեան տրամադրման հարցերով զբաղուող մէկ աշխատակից: Բիթլիսում գործում էին հետեւեալ բողոքական հաստատութիւնները` մէկ եկեղեցի, երկու գիշերօթիկ եւ աւագ դպրոց, 8 գիւղական ժողովարան կից դպրոցներով, որբանոց, հագուստի արհեստանոց: Տեղացի հայերին զգալի ծաւալներով օգնութիւն էր տրամադրւում: Աշխատանք էր տարւում գիւղական համայնքներում ինչպէս նախկինում գործող բողոքական առաքելութիւնների վերաբացման, այնպէս էլ բողոքական նոր օջախների ստեղծման ուղղութեամբ [48]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Բաղէշի բողոքական համայնքի հովիւն էր վերապատուելի Խաչատուր Վարդանեանը, ով, ինչպէս նշեցինք, սպանուել է Բաղէշի թեմի առաջնորդ Սուրէն ծայրագոյն վարդապետ Գալէմեանի հետ միասին 1915 թ. յունիսի 22-ին [49]:
1880-ական թթ. սկզբներին բողոքական համայնքներ են վկայուած Խլաթի գաւառակի Կծուակ, Ծղակ, Աղաղ (ամբողջութեամբ), Ծերսօնք (ամբողջութեամբ) եւ Փրխուս հայաբնակ բնակավայրերում [50]:
Ըստ Հայոց պատրիարքարանի` 1913 թ. վիճակացոյցի տուեալների` Բիթլիս քաղաքում կար 258 հայ բողոքական [51]: Ըստ 1914 թ. օսմանեան պաշտօնական տուեալների` Բաղէշի գաւառակում հայ բողոքական համայնքի անդամների թիւը 384 հոգի էր, Խլաթի գաւառակում` 207 հոգի [52]:
- [33] Historical Sketch of the Missions of the American Board of Commissioners for Foreign Missions, in European Turkey, Asia Minor, and Armenia, New York, 1866, p. 40.
- [34] Տե՛ս ամերիկեան «Միշընըրի հերալդի» 1895 թ. տարեգրքում նրա մահախօսականը (Missionary Herald: Containing the Proceedings of the American Board of Commissioners for Foreign Missions with a View of Other Benevolent Operations, for the Year 1895, Vol. XCI, Boston, 1895, pp. 187-188):
- [35] Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Boston, Mass. October 2-5, 1860, Boston, 1860, p. 78. Հիմնադրման առաջին տարիներին կայանի առջեւ ծառացած խնդիրների մասին տե՛ս նոյն տեղում, էջ 80-81:
- [36] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Buffalo, New York. September 23-27, 1867, Cambridge, 1867, pp. 75, 77:
- [37] Նշուած տարիներին կայանի գործունէութեան մասին տե՛ս Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at St. Louis, Mo., October 18-21, 1881, Boston, 1881, p. 51, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Portland, Maine, October 3-6, 1882, Boston, 1882, pp. 40, 44, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Detroit, Michigan, October 2-5, 1883, Boston, 1883, p. 53, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Columbus, Ohio, October 7-10, 1884, Boston, 1884, pp. 39-40, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Boston, Mass., October 13-16, 1885, Boston, 1885, pp. 47-48:
- [38] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Cleveland, Ohio, October 2-5, 1888, Boston, 1888, p. 41.
- [39] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Minneapolis, Minnesota, October 8-11, 1890, Boston, 1890, p. 47. Ջորջ Քուշինգ Նեփը ծնուել է 1863 թ. Բիթլիսում: 14 տարեկան հասակում ուղարկուել է ԱՄՆ ուսում ստանալու: Դպրոցական կրթությունից յետոյ ընդունուել է Հարդֆորդի աստուածաբանական սեմինարիա, որն աւարտելուց յետոյ վերադարձել է Բիթլիս (տե՛ս Ստեփան Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», Բանբեր Հայաստանի արխիւների, 2004, № 2 (104), էջ 17):
- [40] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Անթիլիաս, 2013 (վերահրատարակութիւն), էջ 288:
- [41] Նոյն տեղում:
- [42] Տեղեկագրի շարադրանքը հայերեն թարգմանութեամբ տե՛ս Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», էջ 17-29:
- [43] Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», էջ 17, տե՛ս նաեւ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 288:
- [44] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 289:
- [45] Grace H. Knapp, The Tragedy of Bitlis, New York, 1919, pp. 50-51.
- [46] Պաշտօնապէս` Նեփ-կրտսերի մահվան պատճառը տիֆ հիվանդութիւնն էր, սակայն լուրեր էին շրջանառւում, որ նրան թունաւորել են (Knapp, The Tragedy of Bitlis, p. 126): Խարբերդում Ա. Մ. Ն.ի հյուպատոս Լեսլի Դեւիսը եւս կասկածներ էր յայտնում միսիոների մահուան պատճառների կապակցութեամբ` նշելով. «Շատ կասկածելի է, թէ արդեօ՞ք տիֆն է նրա մահուան պատճառը, սակայն, ըստ երեւոյթին, չկայ որեւէ ճանապարհ, որի միջոցով ճշմարտութիւնը երբեւիցէ ի յայտ կգայ: … Հաւանաբար, մենք երբեք չենք իմանայ, արդեօք պրն. Նեփը մահացել է տիֆի՞ց, թէ՞ թունաւորուել է» (United States Official Documents on the Armenian Genocide. Volume III: The Central Lands, Compiled and introduced by Ara Sarafian, Watertown, Mass., 1995, pp. 78-79):
- [47] Henry F. B. Lynch, Armenia: Travels and Studies, vol. 2. The Turkish Provinces, London, 1901, pp. 153-154.
- [48] Survey of the Work of the American Board in Turkey. Reprint of the “Orient” of July 6, 1910, Bible House, Constantinople, p. 11.
- [49] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան…, էջ 88, 90, Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 289:
- [50] Մանուէլ Կ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Ա., Կ. Պօլիս, 1884, էջ 85-88:
- [51] ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, f. 49:
- [52] Kemal H. Karpat, Ottoman Population 1830-1914. Demographic and Social Characteristics, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, p. 174.












