Ռեջեփ փաշայի սուննի մզկիթը Երևանի բերդում, որ վերածվեց ռուս ուղղափառ եկեղեցու

2733

Հայաստանի տարածքում, մասնավորապես Երևանում՝ պարսից տիրապետության շրջանում կառուցված մզկիթները եղել են շիա ուղղության: Բացառություններից մեկը Ռեջեփ փաշայի կողմից 1725-1727թթ կառուցված մզկիթն է, որ եղել է սուննի:

Պատմաբան Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը գրում է. թուրք-հրոսակների կողմից պաշարված Երևանում կառուցված թուրքական այդ մզկիթը եղել է չորս սյունների վրա՝ հենված կամարակապ մի մեծ շինություն բավական շքեղ արտաքինով:

Երբ շիա պարսիկները Երևանը կրկին գրավել են սուննի թուրքերից, Ռեջեփ կամ Ռաջափ փաշայի մզկիթը վերածել են զինանոցի: Իսկ երբ 1827թ հոկտեմբերի 1-ին ռուսները գրավեցին Երեւանը, Ռեջեփ փաշայի կառուցած թուրքական մզկիթը, ի պատիվ իրենց հաղթանակի, այն դարձրին ռուսական ուղղափառ եկեղեցի և կոչեցին Սուրբ Տիրամոր անունով: