Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող. Սերգեյ Լավրով

544

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող, հունիսի 9-ին Երևանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ազատությունը։

«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից»,- նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։

Արխիվային լուսանկար