Հայաստանի անհետացող ուդիները

4944

Փոքր համայնքը հետզհետե կորցնում է իր հինավուրց լեզուն

Սեդա Կումսիեւան 36 տարի ուսուցիչ է աշխատել: Նա բնակվում է Հայաստանում, թեեւ ժամանակին ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդել Ադրբեջանի Վարդաշեն ավանի դպրոցում:

80-ականների վերջին տեղի ունեցած ճգնաժամը, որ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության, ստիպեց նրան լքել հայրենիքը եւ վերաբնակվել Հայաստանում:

Սեդան էթնիկ ուդի է` սեփական լեզուն ունեցող քրիստոնեական խմբի ներկայացուցիչ, սակայն նրա ամուսինը հայ է, եւ այս փաստը որոշիչ դեր խաղաց նրա ճակատագրում: Նրա ընտանիքն այժմ տարածված է ամբողջ Կովկասում:

«Իմ բարեկամների մի մասը մնացել է Վարդաշենում, մյուս մասը` հաստատվել Թբիլիսիում: Ես մաքուր ուդի եմ, բայց քանի որ ամուսինս հայ է, ինչպես հայ-ուդի խառնամուսնություններով ընտանիքները, մենք էլ հեռացանք Ադրբեջանից»,-ասում է տիկին Սեդան:

Դեբեդավանում 11 ուդիներ են հաստատվել, բազմաթիվ այլ ուդիներ բնակվում են այլ գյուղերում: IWPR-ի թղթակցի հետ զրույցում ուդիները հստակ նշեցին, որ իրենց միանգամայն ապահով են զգում Հայաստանում, սակայն մտահոգված են իրենց եզակի մշակույթի անհետացման խնդրով:

Դեբեդավանի գյուղապետ եորգի Բաբայանը հաղորդել է IWPR-ին. «Մենք ուդիների եւ հայերի միջեւ տարբերություն չենք դնում: 1988թ., երբ Վարդաշենը գաղթեց, հայերի հետ այստեղ` Դեբեդավան եկան մի քանի ուդի ընտանիքներ: Հետագայում նրանց մի մասը արտագաղթեց Ռուսաստան: Մենք հավասար մարդիկ ենք, ուդիների հետ ուրախանում, նրանց հետ կիսում ենք դառնությունը»,-ասում է գյուղապետը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը , ով ուդիների մասին մի շարք աշխատությունների հեղինակ է, ասում է, որ Հայաստանում ուդիների թիվն ընդամենը մոտ երկու հարյուր է:

«Համայնքն ազգային փոքրամասնության կարգավիճակ չունի»,- ասում է նա: « Այսօր այդ հարցը կարգավորող որեւէ նորմատիվ փաստաթուղթ առհասարակ չկա: Սակայն որպես ազգային փոքրամասնություն ընդունվում են միայն այն խմբերը, որոնք համակարգված ջանում են իրենց էթնիկ ինքնությունը պահպանել »

Հրանուշ Խառատյանը պնդում է, որ Ադրբեջանից ուդիները տեղահանվել են ոչ միայն խառն ամուսնությունների դեպքերում, այլեւ` հենց ուդի լինելու համար:

«Վրաստանի Օկտոմբերի գյուղում հաստատվել են հենց այն ուդիները, ովքեր ժամանակին հալածվել են Նիժում: Ադրբեջանում ընդհուպ մինչեւ վերջին բռնագաղթը ուդիական ոչ թե երկու, այլ հինգ բնակավայր կար, որոնցից երեքի մասին քիչ է հայտնի, քանի որ դրանցում ուդիները, ճիշտ է, մնացել էին քրիստոնյա, բայց թրքախոս էին: Դրանք Ջոռուռլու, Միրզաբեյլու եւ Սուլթան Նուխի գյուղերն էին, որտեղից մի քանի մարդ նույնպես եկել է Հայաստան»:

Սեդա Կումսիեւայի հորեղբոր տղաները` Կումսիաշվիլի ազգանունով, բնակվում են Թբիլիսիում, տիկին Սեդան հենց նրանց միջոցով է տեղեկանում հայրենի գյուղում մնացած մյուս հարազատների մասին: Նա մինչեւ հիմա շատ է կարոտում Վարդաշենը, որն այժմ վերանվանվել է Օդուզ:

«Չնայած մեր նիստուկացն ու ավանդույթները հայկական են, բայց ուդիներն ունեն իրենց բնորոշ տոները»,- ասում է նա: «Հիշում եմ` երբ երեխա էինք, մայիսին բոլոր մանուկների թեւերին տարբեր գույների թելերից հյուսվածք էին կապում, որը հետո հանում եւ կապում էինք ծառի ճյուղին: Ամեն մեկը մտքում մի երազանք էր պահում, որ հետո ցանկությունները իրականանան: Տոնը կոչվում էր Դիմբազ»:

45-ամյա Ժաննա Լալայանի ամուսինը հայ է, նրա ընտանիքը նույնպես ցրված է տարբեր բնակավայրերով: « Իմ եղբայրը՝ Օլեգը, եւ իմ մյուս բարեկամները բնակվում են Նիժում: Իմ մյուս եղբայրն ընտանիքով բնակվում է Ուկրաինայում, նրա երեխաներն արդեն չգիտեն ուդիերեն: Ռուսաստանում եւ այլ երկրներում հաստատված ուդիների նոր սերունդը չգիտի մայրենին»:

«Մեր ազգը հետզհետե քչանում է»:

70-ամյա Արշալույս Մովսիսյանն ուդի է, նրա հանգուցյալ ամուսինը հայ էր: Իր զավակների հետ Արշալույսը բնակվում է Բագրատաշեն գյուղում: Նա հայրենիքում է թողել է իր ընտանիքի բազմաթիվ անդամներին` զարմիկներին ու զարմուհիներին: «Սիրտս կտոր-կտոր է լինում, ուզում եմ նրանց դեմքը տեսնել»,-լացը կոկորդում խեղդում է նա:

«Մենք էլ հայերի նման խաչապաշտ ենք, ունեցել ենք եկեղեցիներ»,- ասում է նա: «Մենք ադրբեջանցիներին աղջիկ չենք տվել, նրանցից աղջիկ չենք առել, որովհետեւ խաչապաշտ ենք:
Հայի պես սպիտակ շորերով, բաց երեսով հարս ենք բերում, հայկական պարեր պարում, մահացածներին թաղում հայկական ծեսով: Բացի լեզվից, մենք հայերից այլ բաներով չենք տարբերվում»:

Ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի պատմաբանների կարծիքով, ուդիները կովկասյան ալբանացիների հետնորդներն են: Սակայն հայերը պնդում են, որ ձուլման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, որ ալբանացիները ընդունել են Հայ առաքելական եկեղեցին 5-րդ դարում, միեւնույն ժամանակ սկսել են գործածել հայոց լեզուն, հայկական ավանդույթներն ու անունները:

Պատմաբանների կարծիքով, այսօր ուդիները ներկայացնում են երբեմնի հսկայական մշակույթի միայն չնչին հատվածը: Նրանք նշում են, որ լեզվական առումով ուդիները որեւէ կապ չունեն ո՛չ հնդեվրոպացի հայերի, ո՛չ էլ թուրքալեզու ադրբեջանցիների հետ:

Ուդիների եզակի ավանդույթներից մի քանիսը սկիզբ են առել նախաքրիստոնեական ժամանակներում:

Արզու Դարգիյանը հիշում է, որ Ադրբեջանում իրենք պաշտել են սուրբ ծառերը: «Մեր այգում ընտրել ենք որեւէ պտղատու ծառ եւ պաշտել այն»,- ասում է նա:

«Մենք դրա շուրջը մատաղ ենք արել, մոմ վառել: Մենք իրավունք չունեինք բարձրանալու սուրբ ծառը, քաղել պտուղները: Երբ բերքը թափվում էր, այն ժամանակ էինք ուտում»:

«Իմ որդիները ընդհանրապես ուդիերեն չգիտեն»,- ցավով նշում է Ալեքսեյ Ղազարովը, որ նույնպես Վարդաշենից է գաղթել:

« Մեր ազգը կամաց-կամաց վերանում է: Ամբողջ աշխարհում մոտ 8-10 հազար ուդի է մնացել»:

Թաթուլ Հակոբյան, Դեբեդավան

Հուլիս, 2007թ.

Լուսանկարը՝ ուդիների եկեղեցի Նիժում, Ադրբեջան