Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղու Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի արգելափակումը տրանսպորտային, լոգիստիկ ու անվտանգության լուրջ խնդիրներ է ստեղծել Հայաստանի հարավում: Ավտոմայրուղու վրա տեղակայված Որոտան և Շուռնուխ գյուղերի հետ հաղորդակցությունն իրականացվում է լեռնային դժվարանցանելի ճանապարհներով:
Փորձագետների կարծքով ավտոմայրուղու արգելափակման որոշումը հանդիսանում է այս տարվա մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման գործընթացի շարունակությունը: Գործընթացի նպատակն է՝ ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա՝ համաձայնել Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը փաստացի նշանակում է Ղարաբաղից հրաժարում և Ադրբեջանին Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի տրամադրում։
Ստեղծված իրավիճակում խաթարվել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը: Պարզ չէ, թե ինչպես այս իրավիճակը կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա։ Իրանը Հայաստանի՝ դեպի արտաքին աշխարհ երկու ճանապարհներից մեկն է։ Անհասկանալի է նաև, թե նման զարգացումների համատեքստում ինչու է իշխանությունը խոսում անկլավների փոխանակման հնարավորության մասին, որ ուղղակի սպառնալիք է Վրաստանի հետ ցամաքային կապի համար։ Ինչո՞ւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը միտված քաղաքականությունը հանգեցնում է ավելի մեծ խնդիրների:
Այս հարցերին հանգամանորեն անդրադարձանք օգոստոսի 27-ին, տեսակապի միջոցով «Հոդված 3» ակումբի «Գորիս-Կապան փակված ճանապարհ. ի՞նչ զարգացումներ սպասել լարվող տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսներն էին.
ԹԱԹՈԻԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի համակարգող
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, թուրքագետ
ԲԵՆՅԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ, քաղաքագետ












