Ընտրություններն ազատ էին, բայց անբովանդակ

505

«Հայացք դրսից» խորագրով ներկայացնում ենք լրագրող, քաղաքագիտական բազմաթիվ գրքերի հեղինակ, Ժնեւի Վեբստեր համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանի պատասխանները «Ալիք Մեդիայի» հարցաշարին։

Ավելի քան քսան տարի ստատուս քվոն գրեթե անխափան պահպանելուց հետո ինչո՞ւ եւ ինչպե՞ս հնարավոր եղավ 2020-ի 44-օրյա պատերազմը։

Պատերազմի վտանգը միշտ կար, առավել հստակ էր 2016-ի բախումներից հետո։ Իսկ ստատուս քվո պահելը պատրանք էր եւ առավել՝ շռայլություն Հայաստանի համար։ 2020-ի ամռան դեպքերից հետո, երբ ամբոխը [Բաքվում] ներխուժեց Միլլի-Մեջլիս, Իլհամ Ալիեւն այլեւս չէր կարող երկարաձգել՝ առանց վտանգելու իր իշխանությունը։

Կարելի՞ էր արդյոք պատերազմը կանխել կամ կանգնեցնել ընթացիկ խելամիտ որեւէ հանգրվանում։

Այո՛, կարելի էր, բայց ամեն մեկ տարբերակ իր գինն ուներ։

Ձեր կարծիքով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն առկա, տեսանելի արդյունքով ճգնաժամը հաղթահարելու հույս ներշնչո՞ւմ են։

Այո՛, ընտրությունները նոր առիթ ընծայեցին Հայաստանին, չպետք է վատնել։ Պետք է այս նոր-հին իշխանություններն իրենց նախկին սխալներից դասեր քաղեն, մենիշխանությունից հրաժարվեն, պետական համակարգի ամբողջ հնարավորությունները օգտագործեն եւ լծվեն շտապ բարեփոխումների։

Ի՞նչ պետք է անի մեր պետությունը կայուն անվտանգության եւ ապահովության հասնելու համար։

Երեք կարեւոր հարթություններ կան Հայաստանի անվտանգությունը ապահովելու՝ ներքին համակարգային բարեփոխումներ, դաշնակիցների ընդլայնում, համագործակցության խորացում, երկու հարեւանների հետ ուղիղ բանակցություններ եւ լարվածության թուլացում։

Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի հարցի լուծումը մոտ եւ երկարաժամկետ հեռանկարում, եւ ի՞նչ անելիք ունի այս հարցում Սփյուռքը։

Պետք է Հայաստան-Սփյուռք դերերի ամբողջականացում՝ նպատակ ունենալով Արցախի հայությանը պահել իրենց պապենական հողի վրա։ Պետք է Արցախի հարցը հողային հարցից վերածել մարդկանց իրավունքի հարցի։

Ձեր կարծիքով ժողովրդավարական, անկեղծ ընտրությունները բավարա՞ր երաշխիք են ամուր դիրքերից բանակցելու եւ հայկական շահն առաջ տանելու համար։

Ընտրությունները ազատ էին, բայց բովանդակալից չէին։ Կարող են մի քիչ ուժեղացնել պարտված իշխանությանը։