Եգիպտոսից՝ Եղեգնուտ. Պերճ և Սեդա Թէրզեանների նվերը հայ գյուղին ու երիտասարդներին

2477

Պերճ և Սեդա Թէրզեանները Եղեգնուտ գյուղում երբեք չեն եղել, սակայն ոգևորվել են Րաֆֆի Գարիբյանի առաջարկով և դրամ նվիրաբերել Լոռու մարզի մուգ կանաչ անտառներում թաքնված այս գողտրիկ գյուղում երիտասարդական կենտրոնի բացման համար:

Թէրզեանները բնակվում են Կահիրեում, Գարիբյանը երկուսուկես տարի առաջ Շվեյցարիայի Ժնև քաղաքից տեղափոխվել ու հաստատվել է Երևանում և փորձում է փոքր ծրագրեր իրականացնել Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ ներգրավելով գումարներ իր հարազատներից, բարեկամներից, ծանոթներից, Շվեյցարիայի հայկական կազմակերպություններից:

Եղեգնուտում երիտասարդական կենտրոնի բացման ընտրությունը կատարվել է իրերի բերումով: 44-օրյա պատերազմի օրերին Գարիբյանը Շվեյցարիայի «Արմենիա» հիմնադրամի և այլ կազմակերպությունների և անհատ բերերարների գումարներով օգնում էր նաև Վանաձորի մանկատանը ապաստանած 180 արցախահայերին: Այստեղ ծանոթանում է մանկատան տնօրեն (կամավոր) և Լոռու մարզում սոցիալական աշխատանքեր կատարող Լիլիա Աբրահամյանի հետ:

Այսպես, խոսակցությունների ընթացքում ընտրվում է Եղեգնուտը: 1989 թվականին, երկրաշարժից հետո, ֆրանսահայերը այս գյուղում կառուցել են մանկապարտեզ, որի սենյակներից մեկը Պերճ և Սեդա Թէրզեանների հանգանակած գումարով վերածվում է երիտասարդական կենտրոնի:

Կիրակի օրը Րաֆֆիի և Սօսի Գեւոնեանի հետ մեկնեցի Վանաձոր, որտեղ մեզ միացավ Լիլիան, և չորսով ուղևորվեցինք Եղեգնուտ: Մի քանի գրքերի և Արցախում ու Հայաստանում բարեգործական ծրագրերի հեղինակ Գեւոնյանը Հայաստանում հաստատվել է 2004 թվականին:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի հարևանությամբ, մարզկենտրոնից 23կմ հեռավորության վրա գտնվող գյուղը հիմնադրվել է 1856 թվականին: Այս գյուղում առաջին անգամ մարդահամար անց է կացվել 1886 թվականին: Գյուղն ունեցել է 281 բնակիչ: 1970 թվականին Եղեգնուտի բնակչության թիվը անցավ 1300-ից: Այսօր, գյուղապետ Սարգիս Հակոբյանի խոսքերով, Եղեգնուտում բնակչության թիվը 1000-ից ավելի է:

Երիտասարդական կենտրոնի բացումը կատարեցին և ժապավենը կտրեցին առաջիկա շաբաթներին Հայկական բանակ մեկնող Էրիկ Հակոբյանն ու Րաֆֆի Գարիբյանը:

Բացման և Պերճ ու Սեդա Թէրզեաններին շնորհակալության խոսքեր ասացին գյուղապետը, Րաֆֆի Գարիբյանը, Լիլիա Աբրահամյանը, Եղենուտի դպրոցի տնօրենը, աշակերտները:

Հաջորդ օրը Եղեգնուտում բացվեց խաղահրապարակ, որը կառուցվել է «Ֆոկուս օն չիլդրն» կազմակերպության շնորհիվ։

Ամռանը Ժնևի «Արձագանք» հայկական կազմակերպությունը Եղեգնուտում կազմակերպելու է երեխաների ճամբար: Այդ նպատակով Ժնևից ժամանելու են 4 կամավորներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում գյուղի երեխաների սովորեցնելու են, թե ինչպես պետք է մաքուր պահել շրջապատը, աղբ չթափել, խոսելու են բնապահպանության և այլ խնդիրներից:

Լուսանկարում՝ Րաֆֆի Գարիբյանը, Լիլիա Աբրահամյանը և Եղեգնուտի գյուղապետ Սարգիս Հակոբյանը դպրոցականների հետ

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյան