Մ. Նահանգների պետքարտուղարությունը իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Հայաստան այցելելուց, ասվում է մայիսի 18-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։ Հայաստան այցելություններից հարկավոր է զերծ մնալ «որոշ շրջաններում COVID-19-ով վարակվելու մեծ ռիսկայնության պատճառով»։
Բացի այդ, պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ և զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանին սահմանակից շրջաններ այցելությունների ընթացքում, հաղորդում է Ազատությունը։
«Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի այն ճանապարհներին, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ սահմանի հարևանությամբ։ Հաշվի առեք, որ այդ ճանապարհների որոշ հատվածներում կարող եք առանց նախնական զգուշացման հատել պետական սահմանը։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ էլ առանց նախազգուշացման փակվել ճանապարհորդողների համար»,- նշված է հաղորդագրությունում։












