Նախընտրական շրջանում բազմաթիվ կուսակցություների ներկայացուցիչներ վստահեցնում են, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հետ վերադարձնել Շուշին և Հադրութը։ Մասնավորապես, նախկին պատգամավոր և նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մենք կարող ենք մեր տարածքային կորուստները հետ բերել, որ մենք մեր զոհված տղաների հիշատակը կարող ենք վառ պահել կորցված Շուշին ու Հադրութը հետ բերելով ու դա կարող ենք անել առանց պատերազմի՝ դիվանագիտական աշխատանքով և բանակցություններով։
Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանն ArmDaily.am-ը հետ զրույցում ասել է.
«Ինչպե՞ս է հնարավոր բանացություններով որևէ բան հետ բերել։ Ես նման առասպելների չեմ հավատում, դա հրաշապատման նման մի բան է։ Սրանք պարզ, անպատասխանատու հայրենասիրական, պրոպագանդիստական խոսքեր են, որոնք ուղղված են այն լսարանին, որը սիրում է քաղցր ստեր լսել և չընդունել դառը իրականությունը։ Դա այնքան աբսուրդ ու անհիմն հայտարարություն է, այնքան մանկամիտ, պրիմիտիվ, որ անգամ վիրավորական վերաբերմունք է ընտրողի նկատմամբ։ Դժվար է դա մեկնաբանել։ Եթե հրաշքներ լինեն՝ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես հրաշքների չեմ հավատում»։
1920 թվականին, երբ մենք՝ Հայաստանը, կորցրեց Կարսն ու Անին և շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր, անհնար է եղել մի կտոր հող անգամ վերադարձնել, ասել է Հակոբյանը:












