Շուշին չկա, չկա տոն, Ղազանչեցոց եկեղեցում չկա պատարագ

1413

1992 թվականի մայիսյան այս օրերից ի վեր առաջին անգամ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Եռատոն կամ որևէ տոն չի նշվելու, եթե անգամ լինեն պաշտոնական միջոցառումներ, տոնական ինչ-ինչ ծրագրեր ու քաղաքական տեքստեր:

Գրեթե երեք տասնամյակ Մայիսի 8-9-ը հայ ժողովրդի գլխավոր տոնն էր:

Այսօր, սակայն, այդ տոնից բան չի մնացել, քանի որ կորցրել ենք Եռատոնի հիմնական տոնը՝ Շուշիի ազատագրումը: Մայիսի 9-ը Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձն է: Մեր բանակը (մենք) արյունաքամ եղավ, տվեց հազարավոր զոհեր ու տասը հազարից ավելի վիրավոր, կորցրեց Արցախի տարածքի 70 տոկոսից ավելին:

1992 թվականից ի վեր առաջին անգամ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ չի լինի:

Առաջին անգամ չենք կրկնի վերջին երեսնամյակի ամենախայտառակ կեղծիքներից մեկը, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, դեմ էր Շուշիի ազատագրմանը, մինչդեռ կուսակցական ու ֆիդայական ջոկատները հաղթանակ պարտադրեցին Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին ու պարտվողական ՀՀՇ-ական վարչակարգին, որի իշխանության տարիներին Հայաստանը 30 հազարից դարձավ 42 հազար քառակուսի կիլոմետր:

44-օրյա պարտությունը տեր չունի, անգամ հիմնական մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ամենուր փնտրում են մեղավորների ու պատասխանատուների՝ ձեռքի հետ էլ փորձելով պատմություն շարադրել իրենց համար շահեկան ձևով:

Եռատոնից մնացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, բայց մեր 44-օրյա պարտությունն այնքան ստորացնող էր, որ մեզ պատվազուրկ արեց ու ծնկի իջեցրեց, և մենք 85 տարի առաջ մեր պապերի կերտած հաղթանակը տոնելու սիրտ չունենք:

44-օրյա պատերազմի ամենամղձավանջային դրվագներից մեկը հենց Շուշիի կորուստն էր, ինչպես նաև Հադրութի ամբողջ շրջանի օկուպացիան:

Այս պատերազմում մենք պարտվեցինք բոլոր ճակատներում և բոլոր մակարդակներում:

Մենք պարտվեցինք մարտի դաշտում:

Մենք պարտվեցինք միջազգային գետնի վրա:

Մենք պարտվեցինք տեղեկատվական պատերազմում:

Շատերի համար անհասկանալի է՝ մենք պարտվել ենք Ադրբեջանի՞ն, Ադրբեջանին ու Թուրքիային միասի՞ն, թե՞ ռուս-թուրքական պայմանավորվածություններին:

Պարտվել ենք բոլոր երեք մակարդակներում:

Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը, Հայկական բանակը պարտվել են ադրբեջանական բանակին, ճիշտ այնպես, ինչպես հաղթել էին ադրբեջանական բանակին ու կոտրել Ադրբեջանի ողնաշարը 1991-1994 թվականների պատերազմում: Ամոթ բան չէ ընդունել պարտությունը և դասեր քաղել՝ կանխելու նոր պարտությունները: Ամոթը մեղքը ուրիշների վրա գցելն է:

Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը, Հայկական բանակը պարտվել են Ադրբեջանին ու նրա դաշնակից Թուրքիային, և սա մեր պարտության երկրորդ մակարդակն է:

Հայաստանը պարտվել է նաև երրորդ մակարդակում՝ ռուս-թուրքական պայմանավորվածություններին: Սա էլ նորություն չէ: Գրեթե նույն կերպ մենք պարտվեցինք 1920-1921 թվականների բոլշևիկ-քեմալական պայմանավորվածություններին: Երկու դեպքում էլ մենք ունեինք մեր մեղքի բաժինը, քանի որ ճիշտ չենք գնահատել միջազգային դրությունը, ուժերի հավասարակշռությունը և, ամենակարևորը, գերագնահատել ենք մեր ուժերն ու հնարավորությունները և թերագնահատել մեր հակառակորդների ուժերը:

44-օրյա պատերազմը հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքն է փոխել:

Մեզ թվում է՝ վերջին 30 տարիներին մեր ապրած կյանքն է անիմաստ եղել:

Մենք չունենք ապագայի ծրագրեր:

Մենք շարունակում ենք փնտրել մեղավորների, երբ կարող էինք 1994-ից ի վեր կանխել այս աղետալի պատերազմը և արժանապատիվ խաղաղություն կնքել կամ փորձել խաղաղության խոսակցություն սկսել անպատասխանատու և կեղծ հայրենասիրական տեքստերի փոխարեն:

Սերունդները մեզ չեն ներելու:

Ու մենք արժանի չենք ներման, քանի որ անսիրտ կերպով մինչև հինգ հազար զոհ տվեցինք 44 օրերի ընթացքում, իսկ 1994-ից մինչև սեպտեմբերի 27-ը տվել ենք հինգ հազար զոհ ու սահմանին ընկած 18-20 տարեկան մեր երեխաների կենացներն ենք անամոթաբար խմել ճոխ սեղանների շուրջը:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

aliqmedia.am