Հունիսի 20-ին՝ արտահերթ ընտրություններ
Չորս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական երրորդ ընտրությունները, որոնցից վերջին երկուսը՝ արտահերթ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովում երկու ընդդիմադիր ուժերը՝ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները եկել են համաձայնության, որ հունիսի 20-ին կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Դա նշանակում է, որ մինչև ապրիլի կեսերը վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա և խորհրդարանը լուծարվի: Բայց որպեսզի խորհրդարանը լուծարվի, ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ օրենսդիրները չպետք է ընտրեն նոր վարչապետ։
2015 թվականի հանրաքվեից հետո, որոնք անցել են համատարած կեղծիքներով, Հայաստանը կիսանախագահական համակարգից անցել է խորհրդարանականի։ Դրան հաջորդած ընտրություններում՝ 2017-ի գարնանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթեց՝ կիրառելով վարչական ռեսուրս և համատարած փող՝ ընտրակաշառք։
2018-ի ապրիլին Սարգսյանը դարձավ կառավարության ղեկավար և թիվ 1 պաշտոնյա, սակայն միայն մեկ շաբաթ ի վիճակի եղավ երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի ղեկավարած Թավշյա հեղափոխության արդյունքում Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական տալ։
Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Փաշինյանի թիմը ստացավ քվեների ավելի քան 70 տոկոսը և ձևավորեց միակուսակցական կառավարություն։
Հունիսի 20-ին նախատեսված ընտրությունները պետք է պատասխան տան՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ու նրա հեղափոխական թիմը վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը 44-օրյա աղետալի պատերազմից հետո, որում Հայաստանը պարտություն կրեց, իսկ Փաշինյանը ստիպված եղավ ստորագրել ստորացուցիչ հայտարարություն, որով հայկական ուժերը դուրս եկան ավելի քան 25 տարի իրենց վերահսկողության տակ գտնվող շուրջ 8․000 քառակուսի կիլոմետր տարածքներից։ Սա վերջին 100 տարիների Հայաստանի ամենախոշոր պարտությունն է և ողբերգական էջերից մեկը՝ 5․000 զոհ, 10․000 վիրավոր, մեջքը կոտրված ժողովուրդ։
Արտահերթ ընտրությունների հայտարարությունից անմիջապես հետո Փաշինյանը այցելեց Հայաստանի մարզերից մեկը, որի ընթացքում ունեցավ ծավալուն քաղաքական ելույթներ։ Իրավապաշտպաններն ու ընդդիմությունը հայտարարեցին, որ Փաշինյանը չհայտարարված քարոզարշավ է սկսել և օգտագործում է վարչական ռեսուրս։
Փաշինյանի հանրահավաքները սպասվածի պես մարդաշատ չէին։ Բացի այդ, տեսանյութերից և լուսանկարներից հստակ երևում է, որ նրան լսելու են եկել հիմնականում ցածր դասարանների դպրոցական աշակերտներ։ Սա ծանոթ պատկեր է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից, երբ դպրոցներին ու աշակերտությանը ներգրավում են նախընտրական գործընթացներում, այդ թվում՝ ընտրակեղծարարության մեջ։
Հիմնական մտահոգությունները
Ընդդիմությունը և քաղաքական դիտորդները մտահոգված են, որ Հայաստանի իշխանությունները հունիսի 20-ին վարչական ռեսուրս են կիրառելու։ Փաշինյանը և թիմը հայտարարում են, որ իրենք միակն ուժն են, որ ընտրություններ չեն կեղծել։
Դա ճիշտ է։ Թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել երկու ընտրություններ՝ խորհրդարանական և Երևանի քաղաքապետի, երկու դեպքում էլ Փաշինյանը և թիմը հաղթել են առանց ընտրակեղծարարության և բացահայտ առավելությամբ։
Ընդդիմությունը հայտարարում է, որ այս իշխանությունները չեն կեղծել ընտրություններ, քանի որ դրա կարիքը չեն ունեցել։ Փաշինյանը և թիմը Թավշյա հեղափոխությունից հետո ունեին լայն ժողովրդավարություն և կեղծելու կարիք չկար։ Այլ է իրավիճակն այսօր, երբ Հայաստանը և նրա իշխանությունները ստորացուցիչ պարտություն է կրել պատերազմում և հեղինակազրկվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
Ընտրությունները կեղծելու այլ մտահոգություններ էլ կան։ Արդյոք փոփվելու է՞ Ընտրական օրենսգիրքը։ Հեղափոխության և Փաշինյանի աջակիցներից շատերը, որոնք չեն ցանկացել մաս կազմել իշխանություններին, հայտարարում են, որ եթե հունիսի 20-ի ընտրություններ անցնեն գործող Ընտրական օրենսգրքով, ապա ավելի լավ է ընտրություններ ընդհանարապես չանցկացվեն։
Մասնավորապես, գործող Ընտրական օրենսգիրքը ներառում է ռեյտինգային ընտրակարգ, որը քողարկված մեծամասնական ընտրակարգ է և թույլ է տալիս, որ ընտրությունների մեջ ներգրավվեն թաղային հեղինակություններն ու կրիմինալը՝ Հայաստանի ընտրակեղծարարության պատմության բաղկացուցիչ հատվածը։
Բացի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որը, թվում է, իշխող ուժի օրակարգում չկա, քաղաքացիական հասարակությունը կարևորում է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց դեպքում է հնարավոր ակնկալել արդար ընտրություններ։
Մասնավորապես, իջեցնել խորհրդարանական մուտքի 5 տոկոսանոց շեմը, վարչական ռեսուրսի օգտագործումը դարձնել քրեորեն հետապնդելի արարք, բացառել քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումը և բարեգործության ու այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումը, ինչպես նաև՝ քրեական պատասխանատվություն սահմանել հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքի համար։
Հիմնականա դերակատարները
Թեև հեղինակազրկմանը՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաճանաչված գործիչը։ Վերջին հանրային հարցումներով Հայաստանի բնակչության ավելի քան 30 տոկոսը շարունակում է վստահել նրան։
Ռուսաստանը, որի ներկայությունը Հայաստանում ավելի զգալի դարձավ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, թվում է, չի միջամտում ներքաղաքական գործընթացին։ Դրա կարիքը չկա, քանի որ Հայաստանն ամբողջությամբ ռուսական ազդեցության ոլորտում է։
Եթե 1991-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրությունը, ապա այսօր դա օրակարգային չէ։ Հայաստանը այսօր ուղղակի անկարող է պաշտպանվել Ադրբեջանից և վերջինիս դաշնակից Թուրքիայից, եթե չլինի Հայաստանում ռուսական ներկայությունը։
Այսօր հանրության շրջանում ավելի ու ավելի շատ է խոսվում Ռուսաստանի հետ ինտեգրման առավել խորացման անհրաժեշտության մասին, ընդհուպ մինչև միութենական կամ այլ կարգի դաշնագրի ստորագրում։
Խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ունի կայուն ընտրազագնված և նրա ներկայությունը հաջորդ խորհրդարանում կասկածի տակ չի դրվում։
Ռուսամետ այս ուժը հայտնի է նրանով, որ նախորդ բոլոր ընտրությունների նախընտրական հատվածում զանգվածային բարեգործություններ էիրականացրել, ինչպես նաև՝ ընտրակաշառք բաժանել։ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ կա 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով և Փաշինյանի վարչապետության շրջանում նա հայտնվել է անազատության մեջ։
2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստանը ստացել է քվեների 8 տոկոսից ավելին։ Սա կուսակցության ամենավատ ցուցանիշն է 2007թ խորհրդարանական ընտրություններից ի վեր։ Սովորաբար, Բարգավաճ Հայաստանը ստանցել է քվեների 20-25 տոկոսը։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մաս էր կազմում փողոց դուրս եկած և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեկուկես տասնյակ կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժմանը», սակայն համաձայնություն տվեց արտահերթ ընտրությունների անցկացմանը իշխանությունների օրակարգով։
Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո՝ արտահերթ ընտրություններ։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու հունիսի 20-ի ընտրություններին, քանի որ դրանք կազմակերպում են պատերազմում պարտված, դավաճան իշխանությունները։
Խորհրդարանում ընդդիմադիր երկրորդ ուժը՝ Լուսավոր Հայաստանը, նախորդ ընտրություններում ստացել է քվեների 6 տոկոսից ավելին։ Այս կուսակցությունն ու նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնի են իրենց չափավոր ընդդիմադիր կեցվածքով։ Նախկինում այս ուժը ներկայացնում էր Հայաստանի եվրոպական այլընտրանքը, սակայն 44-օրյա պատերազմից հետո հանդես է գալիս Հայաստանի հարավային՝ Ադրբեջանին, Նախիջևանին և Իրանին սահմանակից Սյունքի մարզում ռուսական նոր ռազմակայան տեղակայելու առաջարկով։
Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները համատեղ պաշտպանում են հայ և ռուս սահմանապահները։ 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահներ են հաստատվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։
Ուշագրավ ևս մեկ իրականություն․ 44-օրյա պետերազմից, ավելի ճիշտ հոկտեմբերի 5-ից ի վեր, Նիկոլ Փաշինյանը չի այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև չի կարողացել այցելել Սյունիք, քանի որ տեղի իշխանությունները և քաղաքացիները փակեցին վարչապետի ճանապարհը Գորիս քաղաքի մոտ։
Նախկին նախագահները՝ քաղաքական պայքարի մեջ
Դժվար է գտնել հետխորհրդային այլ պետություն, որտեղ երկրի բոլոր նախկին նախագահները ներգրավված լինեն քաղաքական պայքարի մեջ: Դեռևս պարզ չէ՝ նրանք անձամբ մասնակցելու ե՞ն հունիսի 20-ի ընտրություններին, թե` ոչ: Նախկին բոլոր նախագաները, ունենալով խորը տարաձայնություններ միմյանց նկատմամբ, պահանջում են Փաշինյանի շուտափույթ հեռացումը։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին՝ մարտի 15-ի հայտարարությամբ, որպես ելք Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի, առաջարկում էր Փաշինյանին անհապաղ և ինքնակամ հրաժարականը և նրան անձեռնմխելիության իրավական երաշխիքների տրամադրումը, թեկուզ ժամանակավոր ապաստանում արտերկրում: Առաջին նախագահը առաջարկում էր վարչապետի պարտականությունները դնել անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին համարում է «ազգակործան պատուհաս», երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «կապիտուլյանտ և պոպուլիստ մանիպուլյատոր»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի քրեական գործով անցնում է Փաշինյանի իշխանության գալուց ի վեր։ Մեկ այլ քրեական գործով՝ պետական բյուջեից մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար հափշտակությունը կազմակերպելու մեղադրանքով անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հետխորհրդային տարածքում սա ևս արտառոց է, երբ երկու նախկին նախագահներ անցնում են քրեական գործերով։
Քոչարյանը անկուսակցական է, սակայն հայտարարել է, ընդ որում դեռ հունվարին, որ մասնակցելու է ընտրություններին, երբ էլ որ դրանք կայանան։ Սերժ Սարգսյանը նախկին իշխանական ուժի՝ Հանրապետականի առաջնորդն է։ Օրերս նա հայտարարել է, որ «քաղաքական խրամատը երբեք չի լքելու»։
Թվում է, Հայաստանը մտել է տուրբուլենտության գոտի և չի կարողանում հաղթահարել այն։ Արտահերթ ընտրությունները կարող են Հայաստանը վերադարձնել ներքաղաքական բնականոն վիճակի, եթե դրանք անցկացվեն արդար պայմաններում։
Թաթուլ Հակոբյան, Երևան
Թաթուլ Հակոբյանը լրագրող է, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգողը։ Նա հեղինակ է երեք գրքերի՝ «Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր», «Հայացք Արարատից․հայերը և թուրքերը», «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»։
Այս հոդվածը գրվել է մարտի 22-ին՝ www.oc-media.org անգլիալեզու/ռուսալեզու կայքի համար և հրապարակվել մարտի 24-ին։












