Արցախի Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Կարկառ գետի ձախ ափին:
19-րդ դարի վերջին գյուղը ուներ 130 բնակիչ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը գործող ջրաղացներն էին։
Գյուղը մեծ դեր էր խաղացել Շուշիի համար:
Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում:
Գյուղը լքվել է 1930 թվականին: Բնակավայրը ներկայումս ավերված է, պահպանվել են մեկ տասնյակից ավել կիսավեր բնակելի տներ, կամուրջը, գյուղի գերեզմանոցը, ջրաղացը։ Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720թ:
Հայաստանի ազգային արխիվում պահպանված փաստաթղթերից մեկում նշվում է, որ Հունոտ գյուղի եկեղեցին պատկանում է Ղարաբաղի թեմին։ Այլ փաստաթղթերում պահպանվել է 1851թ. Ղարաբաղի թեմի հոգևորականների ցուցակը, նշում կա նաև Շուշիքենդ, Դաշուշեն և Հունոտ գյուղերի եկեղեցիների մասին, իսկ 1896թ. գրության համաձայն՝ Մխիթարաշեն (Արկաթալի) և Հունոտ գյուղերում գործում էր մեկ եկեղեցի՝ Գևորգ քահանա Սարգսյանի առաջնորդությամբ։
ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերի համաձայն՝ 1916թ. Հունոտ գյուղի եկեղեցին արդեն չուներ սպասավոր։
Հունոտի կիրճում այժմ պահպանվել են նշված եկեղեցու ավերակները, որի մասին վկայում են նաև Արցախի թեմի վավերագրերը (1901թ.)։












