Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ

741

Արցախի նախագահը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

«Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Հարցին, թե ադրբեջանական կողմից ով է մասնակցել հանդիպմանը, Լուսինե Ավանեսյանն արձագանքեց․ «Այդ ինֆորմացիան հրապարակելու իրավասությունը արդեն ադրբեջանական կողմինն է, մենք հրապարակել ենք, թե ով է եղել մեր կողմից»։

Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելուն վերաբերող հարցեր։ Ավելին, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրի Զինվորական դատախազության ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և Պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացված միջոցառումների արդյունքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Շուշի քաղաքի մերձակայքում Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող 7 քաղաքացիների աճյուններ։ Աշխատանքներ են տարվում մնացորդները իդենտիֆիկացնելու ուղղությամբ։

Ազատություն