Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից
1992-ի սկզբին նորանկախ Հայաստանը ձգտում էր անդամակցել ԵԱՀԿ-ին: Թուրքիան փորձում էր խոչընդոտել: Պրահայի ԵԱՀԽ հունվարյան խորհրդաժողովի օրերին երկու թուրք դիվանագետներ մոտենում են Հայաստանի դիվանագետներից Քրիստիան Տեր-Ստեփանյանին և տեղեկացնում, որ Անկարան Երևանի հետ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, եթե Հայաստանը ճանաչի Թուրքիայի սահմանները և ցեղասպանության հարցը չբարձրաձայնի: Տեր-Ստեփանյանը հեռախոսով նախագահ Տեր-Պետրոսյանին փոխանցում է թուրքերի առաջարկը:
ՙԵս Տեր-Ստեփանյանին ասացի` շատ կտրուկ կպատասխանես՝ ո’ չ՚,- պատմում է Հայաստանի առաջին նախագահը:
Համաձայն Հայաստանի դիվանագիտական շրջանակներում պտտվող մի զրույցի, ֆրանսահայ Տեր-Ստեփանյանը անակնկալի է գալիս նախագահի օգտագործած կոշտ բառապաշարից և հարցնում է. ՙՍիքտիր ի՞նչ ըսել է, պարոն նախագահ՚:
Վերադառնալով Երևան` Տեր-Ստեփանյանը ՙԱզգ՚ թերթին պատմում է Պրահայի խորհրդաժողովի մանրամասներից. ՙՆրանք (թուրքերը) պնդում էին, թե հայկական կողմը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից և որպես ապացույց մեջբերում էին մեր Անկախության հռչակագրում իբր հողային պահանջին վերաբերող կետերը: Նրանք Հայաստանից պահանջում էին հաստատել (Հայաստան-Թուրքիա) սահմանների անձեռնմխելիությունը և վավերացնել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը: Մեր հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մենք գրավոր փաստաթուղթ չներկայացնենք, թուրքերն ասացին, թե իրենք Հայաստանի նկատմամբ կկիրառեն վետոյի իրավունքը: ԱՄՆ ներկայացուցիչն վերցրեց միջնորդի դերը՚:
ԵԱՀԽ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկան տարիներ անց ասել է. ՙԱնձնապես ես էի, որ միջնորդի դեր կատարեցի Հայաստանի և Թուրքիայի միջև` վերացնելու Թուրքիայի առարկությունները: Երկու օր շարունակ միջնորդություններ կատարեցի` ջանալով համոզել թուրքերին, որ վերջ տան ընդդիմանալուն, միևնույն ժամանակ թելադրելով հայերին, որ մեղմացնեն իրենց դիրքորոշումը: Ի վերջո, ինձ հաջողվեց, և թուրքերը դադարեցրին իրենց ընդդիմությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը լավ պիտի հիշի՚:
Հովհաննիսյանը լավ է հիշում 1992թ. հունվարի 30-31-ի ԵԱՀԽ նիստը, որտեղ Հայաստանը պետք է անդամակցեր կառույցին. ՙՍկսվել էր նախապայմանների շարքը` Կարսի պայմանագրի ճանաչում, Հայոց ցեղասպանության պնդումներից հրաժարում: Հարցը հասավ լիագումար նիստ: Ես պատասխանեցի, որ Թուրքիայի բարձրացրած նախապայմանները երկկողմ հարաբերությունների տիրույթից են, բայց եթե Թուրքիան ուզում է բազմակողման կազմակերպության այս նիստում որպես օրակարգային թեմա առաջ քաշել 1921-ը և Մոլոտով-Ռիբբենտրոպի մեր տարբերակը, ապա մենք առաջարկում ենք պատմական պտույտը շարունակել վեց տարի հետ և սեղանի վրա դնել թե Հայոց ցեղասպանությունը, թե դրա ժառանգությունը, նրա ծնունդ դարձած 1921թ. ապօրինի պայմանագրերը: Երբ մենք կտրուկ և ամբողջական պատասխան տվեցինք, նախագահողը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում տեղի ունեցավ ոչ միայն Մարեսկայի, այլև պետքարտուղար Ջեյմս Բեյքըրի և մյուս նախարարների միջնորդությունը: Մարեսկայի բարի գործով թուրքերը դադարեցրին վետոյի սպառնալիքը, և Հայաստանն անդամակցեց ԵԱՀԽ-ին՚:
Թուրքերի կողմից` ԵԱՀԽ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը խափանելու փորձերը չխանգարեցին, որպեսզի այդ երկիրը դառնա ղարաբաղյան կարգավորման Մինսկի խորհրդաժողովի անդամ: Պաշտոնական Երևանը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, դեմ չէր Թուրքիայի չեզոք ներգրավմանը ղարաբաղյան բանակցություններին:
Մարտի 21-ին նախագահ Տեր-Պետրոսյանը եւ արտգործնախարար Հովհաննիսյանը հեռախոսազրույցներ ունեցան Ջորջ Բուշի և Բեյքըրի հետ: ՙԶրույցների բովանդակությունն այն էր, որ Մ. Նահանգները, նախօրոք խորհրդակցելով Թուրքիայի հետ, հանգել է եզրակացության, որ Արցախի հարցի շուրջ ԵԱՀԽ շրջանակներում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի միջև: Դա հաստատեց նաև Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՚,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Անկարան հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ, սակայն մինչև 1993թ. ապրիլ բացահայտ թշնամական գործողություն չէր իրականացնում` սահմանը չէր փակել ու շրջափակել Հայաստանը: Ճիշտ է, թուրք-հայկական սահմանի բաց լինելն էլ հարաբերական էր, քանի որ սովորական անցորդների համար փակ էին ինչպես Մարգարա-Ալիջան, այնպես էլ Ախուրյան-Դողուկափը սահմանադռները: Սահմանը մասամբ բաց էր բեռնափոխադրումների ու կարևոր մարդկանց` պատվիրակությունների համար:
Այսպես, 1992թ. փետրվարին Մարգարայի կամրջով ՀՀ անցան Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Հրայր Հովնանյանն ու Վան Գրիգորյանը: Մարտին Ախուրյան կայարան հասավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի 30 վագոն օգնությունը` 400 հազար դոլար արժողությամբ սննդամթերքը:
1992թ. փետրվարի առաջին օրերին Ստամբուլում նախագահ Թուրգութ Օզալը բացեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդաժողովը` Թուրքիա, Բուլղարիա, Մոլդովա, Ռումինիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան կազմով: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին արտգործնախարարի տեղակալ Արման Նավասարդյանը և միջկուսակցական հարաբերությունների գծով Հայաստանի նախագահի խորհրդական, արևելագետ-պատմաբան Վահան Փափազյանը:
ՙԴա եղել է առաջին պաշտոնական պատվիրակությունը, որը սահմանը անցել է ցամաքով` Մարգարա-Իգդիր-Էրզրում, այնտեղից օդանավով` Ստամբուլ: Դժվարանում եմ վերաշարադրել զգացմունքներս, երբ անցանք Արաքսը: Հայացքով անընդհատ ինչ-որ բաներ էի փնտրում, որ կարող էր ինձ հիշեցնել իմ պատմական հայրենիքը: Ինքս ծագումով վանեցի եմ: Ես առանձին հանդիպում ունեցա արտգործնախարար Չեթինի հետ: Իրար լավ հասկացանք, մեր միջև ձևավորվեցին մտերմիկ հարաբերություններ: Առաջին հանդիպման թեմաներից մեկը եղել է արձանագրության կազմումը և սահմանի լիարժեք օգտագործումը, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ բացել-փակել պատվիրակությունների գնալ-գալու համար: Ստամբուլից վերադառնալով Անկարա, երկար զրույց ունեցա Թուրքիայի կողմից Հայաստանի հետ գլխավոր բանակցողի` Ջանդան Ազերի հետ՚,- ասում է Հայաստանի 1993-1996 թթ. արտգործնախարար Փափազյանը:
Հարցրեք այս հատորը Երևանի գրատներում և Հայաստանի գրախանութներում:
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:













