«Բագուի ձայն» օրաթերթը լույս է տեսել 1913-1914 թվականներին այսօր Ադրբեջանի մայրաքաղաք, այն տարիներին՝ Ռոմանովների Ռուսաստանի Բաքվի նահանգի Բաքու քաղաքում:
Գրական, հասարակական, քաղաքական օրաթերթի հրատարակիչը Կոստանդին Հովհաննեսի Խատիսյանն էր: Օրաթերթի խմբագիրներ են եղել Մ. Մ. Մանդինյանը և Գևորգ Վարշամյանը:
Կոստանդին Խատիսյանը ՀՀ առաջին արտգործնախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի եղբայրն էր, եղել է ՀՅԴ հիմնադիր անդամներից: Ծնվել է 1864 թվականի հունիսի 9-ին Թիֆլիսում, մահացել 1913 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում:
Կոստանդին Խատիսյանը ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Սանկտ Պետերբուրգի լեռնային ինստիտուտը: Լեռնային ճարտարագետ Խատիսյանը Բաքվում հիմնադրել է «Խատիսյան-Տուզբաշյան և ընկերություն»-ը: Նրա գործուն մասնակցությամբ է ստեղծվել «Բաքվի հայոց կուլտուրական միությունը», եղել է այդ միության ցկյանս նախագահը: 1912-ին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի պատգմավոր:
«Բագուի ձայն» օրաթերթի առաջին համարը լույս է տեսել 1913 թվականի հունվարի 1-ին: Հայաստանի Ազգային գրադարանի արխիվում օրաթերթի առաջին համարը բացակայում է: Թերթի երկրորդ համարում (տե’ս լուսանկարը) ասվում է, որ թերթը ունենալու է առաջադիմական-անկուսակցական ուղղվածություն, գլխավորապես ծառայելու է Բաքվի տեղական շահերին, լուսաբանելու է Բաքվի հասարակական և առևտրա-արդյունաբերական կյանքի դեպքերն ու երևույթները:
Օրաթերթը լույս է տեսել Շահբաղովի տպագրատանը, հեռախոսի համարը եղել է 19-85:
—
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













