Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝
Ալտեռայի հետ համագործակցությամբ,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և
Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ
Ներկայացնում է
Թաթուլ Հակոբյանի ֆիլմաշարը
ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ 1918-1921
ՖԻԼՄ ԵՐԿՐՈՐԴ
ԹԻՖԼԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ
Մաս առաջին. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ
Հայերի վերջին անկախ պետականության ջահը մարել էր Միջերկրականի ափին՝ Հայկական բարձրավանդակից հեռու՝ ծովի ու լեռների, հովիտների ու գետերի մի անկյունում՝ 1375 թվականին: Դա Կիլիկիայի հայկական թագավորությունն էր, որի հիմնադրումն ու երեքհարյուրամյա գոյությունը հետևել էր հայկական մեկ այլ՝ Բագրատունյաց թագավարության անկմանը: Այս վերջինը հայերի բուն հայրենիքի սրտում էր՝ Ախուրյանի ու Արաքսի ափերին, Կարսի հացառատ սարահարթից մինչև բիբլիական Արարատ, Անիից մինչև Սյունիքի բարձրաբերձ լեռներ ու Լոռվա երկարաձիգ կիրճեր:
Հայոց ցեղասպանությունից հետո, թվում էր, եկել է հայ ժողովրդի վերջը: Սակայն տեղի ունեցավ հրաշքի նման մի բան. 1918-ի կեսերին Հայաստանը վերականգնեց պետականություն: Նախօրեին անկախություն էին ստացել Վրաստանը և Ադրբեջանը:
Սթենդ–ափ – Հունիսի 6-ի կեսօրին Բաթում-Թիֆլիս գնացքով հայկական պատվիրակությունը հասավ անկախ Վրաստանի մայրաքաղաք: Հայաստանի առաջին արտգործնախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը գիտակցում էր, որ թուրքերի հետ ստորագրել է խիստ աննպաստ դաշնագիր: Մինչև Թիֆլիս հասնելը նա իր օրագրում թողել է հետևյալ տողերը. “Մեծ է հայ երկրի ոգին: Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք անկախ պետություն՝ տուն, որտեղ պիտի կոփվի մեր ազգային միտքը: Ես հավատ ունեմ դեպի մեր պետությունը”:
Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը Վրաստանում էր, թուրքերի հետ նրա պատվիրակները բանակցություններ էին վարել Բաթումում, մինչդեռ նորանկախ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն էր, որտեղ գործում էր տեղի Հայոց Ազգային խորհուրդը: Այս խորհուրդն էր հայ զինվորականության և Մայր Աթոռի հետ առաջ տանում հայերի կյանքը նորանկախ հանրապետությունում: Չորս վարչապետներից Սիմոն Վրացյանի ձայնը հասել է մեզ:
“Հանրապետությունը ցնծությամբ չեկավ: Հայ ժողովուրդը սրտի ուրախությամբ չընդունեց, որովհետև ամենից աննպաստ պայմաններում էր գալիս: Հայ ժողովուրդը պատրաստ չէր սեփական պետական կազմակերպությունը ունենալ: Եթե ասեմ, որ ամենքը գոհ էին Հայաստանի Հանրապետության ստեղծումով, ամբողջ ճշմարտությունը ներկայացրած չեմ լինի, որովհետև կար մի տարր, որ չէր կարող գոհ լինել: Մասնավորապես, Թիֆլիսի հարուստները, Թիֆլիսի մտավորականության որակյալ այսպես մասը: Բայց ուրիշ ելք չկար և շուտով հայտնի եղավ, որ ուրիշ ելք այն ժամանակ չկար, բայց հետո եղավ”:
Սթենդ-ափ – Ռիչարդ Հովհաննիսյանը էջ առ էջ ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության պատմությունը: 1918թ. կեսերին հայ ժողովրդի բեկորներին թողնվել էր բզկտված հողի մի փոքր պատառ, որն անվանվեց հանրապետություն: Բայց որքան էլ Հայաստանի Հանրապետությունը 1918-ի մայիսին խղճալի պետություն էր, նրա գոյության փաստը ինքնին զարմանահրաշ նվաճում էր: Հանրապետության անշուք ծննդին նախորդել էին քառամյա ավերիչ աշխարհամարտը, արևմտահայության ոչնչացումը, 1917 թվականի ռուսական առաջին հեղափոխության ներշնչած պատրանքային հույսերը, Լենինի աղետաբեր քաղաքականությունը Բրեստ Լիտովսկում, թուրքական անողոք ներխուժումը, Անդրկովկասի մասնատումը և, վերջապես, հայ ղեկավարների խելահեղ ճիգերը՝ փրկելու ազգը վերջնական ոչնչացումից:
Թեեւ Արամ Մանուկյանը եւ Երեւանի ազգային խորհուրդը դատապարտել էին Բաթումի բանակցությունններն ու դաշնագրի ծանր պայմանները, սակայն ընդունեցին այդ փաստաթուղթը որպես կատարված իրողություն: Առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, նրա կառավարությունը, որտեղ Արամ Մանուկյանը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի աթոռը, չափազանց զգուշավոր էին Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների հարցում: Թուրքերը շարունակում էին վտանգավոր և ճակատագրական ուժ լինել հայերի և հայկական պետականության համար:
Սթենդ-ափ – 1918 թվականի մայիսի վերջին շաբաթվա ընթացքում հայկական ուժերը ներխուժող օսմանյան բանակին կանգնեցրել էին Բաշ-Ապարանում և Սարդարապատում, մինչդեռ հուլիսին թուրքերն արդեն հաստատվել էին Նորագավիթ-Մասիս հատվածում՝ Երեւանից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա՝ թնդանոթների փողերն ուղղելով նորանկախ Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ: Ինչպե՞ս էր ստացվել թուրքական զորքերի առաջխաղացումը Ալեքսանդրապոլից մինչև Մասիս՝ մոտ 100 կիլոմետր:
Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը տարբեր կերպ էին ընկալում և մեկնաբանում Բարեկամության և հաշտություն դաշնագրի բովանդակությունը: Ահա այդ պատճառով՝ Բաթումում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ձևավորել հայ-թուրք խառը հանձնաժողով՝ քննարկելու անորոշ և վիճելի հարցերը: Հայկական կողմից այն գլխավորում էր Երևանի ապագա քաղաքապետ Մկրտիչ Մուսինյանցը, թուրքական կողմից՝ զորահրամանատար Քյազիմ Կարաբեքիրը:
Խառը հանձնաժողովի հիմնական կետերն էին.
Փոխադարձաբար հետ քաշել իրենց զինվորներին Բաթումի դաշնագրով գծված սահմաններից ներս,
Կարգավորել թուրքական զորքի՝ Հայաստանի տարածքով անցումը,
Ապահովել փախստականների վերադարձը,
Իրականացնել ռազմագերիների փոխանակություն:
Սթենդ-ափ- Ալեքսանդրապոլում հայ-թուրքական բանակցությունները շարունակվեցին երեք շաբաթ, սակայն չորս հարցերից և ոչ մեկի շուրջ հնարավոր չեղավ հասնել համաձայնության: Թուրքերը մերժեցին հայերի բոլոր առաջարկները, նրանց հետաքրքում էր Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծը շահագործելու իրավունքը:
Հուլիսի սկզբին թուրքական զորքերը հարձակվեցին Սարդարապատի ուղղությամբ: Զորավար Մովսես Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում: Այսպիսով՝ հաստատվեց Բաթումի դաշնագրի սահմանագիծը: Օսմանյան հարձակումը, որ սկիզբ էր առել Երզնկայից ամիսներ առաջ, կանգ առավ Երևանի պատերի տակ:
Թիֆլիսում Հանրապետության հռչակումից և Բաթումի դաշնագրի ստորագրումից մոտ հիսուն օր անց միայն Հայաստանի վարիչները ժամանեցին Երևան: Կառավարության ղեկավարը շաբաթներ ջանում էր կազմել կառավարություն, սակայն հանդիպում էր ընդդիմադիր Հայ ժողովրդական կուսակցության խոչընդոտներին:
Սթենդ-ափ – Վարչապետ Քաջազնունին մեկ այլ դժվարություն ուներ. Հայաստանի կառավարության և Ազգային խորհուրդի անդամներից ոմանք չէին հաշտվում շքեղ Թիֆլիսը թողնելու և փոշոտ, արևմտահայ գաղթականներով լեցուն Երևան տեղափոխվելու հեռանկարի հետ: Նրանք ցանկանում էին Հայաստանը կառավարել Վրաստանի մայրաքաղաքից:
Երբ դաշնակցական Քաջազնունին առաջադրվեց վարչապետի պաշտոնում, Հայ ժողովրդական կուսակցությունը անընդունելի համարեց նրա թեկնածությունը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ.
Առաջին՝ Դաշնակցությունը, իր վարած քաղաքականությամբ պատասխանատու է հայ ժողովրդի գլխին եկած աղետների համար,
Երկրորդ՝ թուրքերի հետ լեզու գտնելու համար անհրաժեշտ է նոր ուժ և այդ նոր ուժը Հայ ժողովրդական կուսակցությունն է:
Ընդդիմությունը չցանկացավ մաս կազմել Քաջազնունու կաբինետին, և առաջին վարչապետն այլ ընտրութjուն չուներ, քան ձևավորել միակուսակցական կառավարություն: Զինվորական և արդարադատության նախարարներն անկուսակցական էին, մյուսները ներկայացնում էին Դաշնակցությունը:
Հուլիսին թուրքերի կողմից զինադադարի խախտման և ռազմական գործողություններով մինչև Մասիս-Նորագավիթ հասնելու Երևանից ստացված լուրը Թիֆլիսի հայ ղեկավարներին ստիպեց տեղափոխվելու հարցում ավելի վճռական լինել:
Ալեքսանդրապոլով անցնելը վտանգավոր էր. Սանահինից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր: Պետք էր նախ անցնել Ադրբեջան: Մեկնումը կատարվեց շատ տխուր պայմաններում: Հակառակ նախօրոք հայերի կողմից արված դիմումի, վրացիները ո՛չ մի քայլ չէին արել՝ դյուրացնելու ճանապարհորդությունը:
Սթենդ-ափ – Սիմոն Վրացյանը գրում է. Վրաց կառավարության կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եկել կայարան: Երկաթուղային վարչությունը տրամադրել էր մի հին, կեղտոտ ու անհարմար վագոն, կարծես գաղթականներ լինեին ճամփորդողները: Մեծ դժվարությամբ կարելի էր եղել արտոնություն ստանալ՝ մի երկու կիսախարխուլ ինքնաշարժ տանելու: Նվաստացած, դառն զգացումներով մեկնեցին Թիֆլիսից Հայաստանի վարիչները: Հակառակը, ինչքա՜ն տարբեր էր վերաբերմունքը Ադրբեջանում: Սահմանի վրա հայկական կառավարությունը ընդունվեց զինվորական պատիվներով. ընդառաջ էին եկել նահանգապետը և Ադրբեջանում կառավարության ներկայացուցիչները: Աղստաֆայում և Ղազախում արվեց պաշտոնական ընդունելություն՝ ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի:
Հուլիսի 19-ի առավոտյան Հայաստանի կառավարությունը Ղազախից ավտոմոբիլներով շարժվեց դեպի Երևան՝ կարճ կանգառներ տալով և ժողովրդի կողմից ջերմ ընդունելությունների արժանանալով Դիլիջանում, Սևանում, Քանաքեռում: Սուխոյ Ֆանտանում դիմավորելու էր եկել Արամ Մանուկյանը, իսկ Քանաքեռում թեյասեղան էր բացել Հայկական կորպուսի հրամանատար, զորավար Թովմաս Նազարբեկյանը:
Երևանի պարետ Արշավիր Շահխաթունի. «Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. «Ձերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Հպարտությամբ դնում եմ սուրս պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը»: Քաջազնունին շատ հուզված էր, համարյա զսպում էր արտասուքը:
Մաս երկորդ. ԽԱԼԻԼ ՓԱՇԱՅԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ու ՄԱՅՐ ԱԹՈՌ, ԲԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱԼԵԱԹԻ և ԷՆՎԵՐԻ ՀԵՏ
Հայաստանը, ստորագրելով Բաթումի դաշնագիրը, փաստացի դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Օսմանյան կայսրության հետ: Թուրքերն առաջինն էին, որ նշանակեցին դիվանագիտական ներկայացուցչի: Երևանն ուներ անմիջական երեք հարևան, չորրորդի՝ Պարսկաստանի հետ, ընդհանուր սահման պետք է ունենայինք մեկ տարի անց, երբ Սյունիքն ու Նախիջևանը դարձան Հայաստանի Հանրապետության մաս:
Սթենդ-ափ- Օգոստոսի 3-ին վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդին՝ պառլամենտին ներկայացրեց կառավարության ծրագիրը, որի հիմնական կետերից մեկում ասվում էր՝ ամրացնել Օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ Հայաստանը հանձն է առել Օսմանյան կայսրության հանդեպ Բաթումում ու հետևել, որ Օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես լուծել օսմանյան զորքերի՝ մեր երկրից դուրս բերելու և գաղթականների վերադարձի խնդիրը:
Հանրապետության գոյության առաջին վեց ամիսներին հիմնական հարաբերությունները Քառյակ Միության պետությունների և մասնավորապես Օսմանյան կայսրության հետ էին: Հայաստանը շարունակում էր կծկված մնալ նեղ սահմաններում՝ Արագածի, Սևանա լճի ու Արարատյան դաշտի մի մասի շրջանում:
Սթենդ-ափ- Թեև թուրքերը շարունակում էին գրավման տակ պահել Ալեքսանդրապոլը, Շիրակն ու Լոռին, Թիֆլիս-Երևան գնացքներն աշխատում էին: Այդ ճանապարհով էր Հայաստանը կապվում արտաքին աշխարհի հետ, այդ գնացքներով էին Երևան հասնում Քառյակ Միության պետությունների դիվանագիտական և զինվորական ներկայացուցիչները:
Խալիլ փաշան` Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատարը, Արամ Մանուկյանի և Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպելու ցանկություն հայտնեց: Խալիլն ու Արամը միմյանց ճանաչում էին Վանի շրջանից: Խալիլի հետ Երևան էին մեկնում Կովկասում գերմանական կայսրության և Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցիչներ ֆոն Կրեսսն ու բարոն Ֆրենկեշտայնը։ Ուղեկցողների մեջ էին Թիֆլիսի “Հորիզոն” թերթի խմբագիր Վահան Նավասարդյանը և Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանը:
Սթենդ-ափ- Ականատեսներից Վահան Նավասարդյանը գրում է. Ալեքսանդրապոլում գնացքը կանգ առավ: Ի պատիվ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչների` այստեղ ճաշ է տալիս Խալիլ փաշան: Նրանց միանում է Արշակ Ջամալյանը: Գնացքը հասնում է Ուլուխանլու, որտեղից սկսվում էր Հայաստանի Հանրապետությունը: Երևան կայարանում հայկական զինվորական երաժշտախումբը նվագում է: Կայարանի մայթի վրա, քիչ ներս քաշված, կանգնած էր զորավար Սիլիկյանը` իր հետևում ունենալով շքախումբն ու պատվո պահակը: Դեպի ձախ կանգնած էր քաղաքի պարետը` դերասան Արշավիր Շահխաթունին: Այդ ամբողջ խմբից բոլորովին առանձնացված ու առաջ եկած, շքախմբի ճիշտ կենտրոնում, փառահեղ կեցվածքով ու սև հագուստի մեջ, թուխ ակնոցներն աչքերին, թիկնեղ մարմնի վրա գլուխը քիչ դեպի վեր թեքած, կանգնած էր Արամը: Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, ու երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռք թոթվեցին և համբուրվեցին:
Ի պատիվ բարձր՝ հյուրերի հայոց կառավարության կողմից հանդիսավոր ճաշ տրվեց Օրիանտ հյուրանոցի այգում։ Կար զինվորական նվագախումբ։ Քաղաքական նշանակություն ունեցող ճառեր արտասանվեցին Խալիլ փաշայի, բարոն Ֆրենկեշտայնի և գեներալ Ֆոն Կրեսսի կողմից։ Ճաշը վերջացավ, և երբ բարձր հյուրերը դուրս էին գալիս հյուրանոցից, դռան մոտ խռնված ժողովուրդը ողջունեց Խալիլ փաշային և մյուս բարձր հյուրերին որոտընդոստ ուռաներով։
Երևանի կենտրոնում գտնվող Արամի տանը տեղի ունեցավ վարչապետ Քաջազնունու և Խալիլի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց թուրքական զորքերի՝ Լոռու չեզոք գոտուց դուրս բերման հարցը:
Սթենդ-ափ- Հայաստան ժամանած Խալիլ փաշան՝ ուղեկցությամբ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի, զորավար Դանիել Բեկ Փիրումյանի, Երևանի պարետ Շահխաթունու, գերմանացի զորավարի և այլ անձնավորությունների, այցելություն տվեց Մայր Աթոռ՝ Վեհափառ հայրապետին։ Շահխաթունին, որ նաև հայտնի դերասան էր, այսպես է նկարագրում. “Բարձրացանք Վեհափառի մոտ: Փառահեղ դեմքով բազկաթոռի մեջ նստած էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Հինգերորդը: Նախապես մոտեցավ և ներկայացավ գերմանացի զորավարը: Նրան հետևեց Խալիլը: Ես նայում էի կաթողիկոսի դեմքին և զարմանում էի, թե ինչպես նրա աչքի բարձր հայացքը փոխվեց և արտահայտեց դառնություն ու բարկություն”:
Սուրճ խմելուց հետո հյուրերը նայեցին վանքի հնությունները, որից հետո հրավիրվեցին ճաշի, իսկ մինչև ճաշը, եթե նրանք ցանկանում են, կարող են այցելել Մայր Տաճարը և թանգարանը: Երբ այցելեցին լճի ափը, չորս կողմը` ծառերի տակ սարսափելի տեսքով ահագին թվով հայ գաղթականներ էին, որոնք ոչ մի ուշադրություն չէին դարձնում, թե ովքեր են եկողները: Վեհափառը հյուրերին առաջարկեց մնալ ճաշի, սեղանապետը հրավիրեց յուրաքանչյուրին գրավել իր տեղը: Կաթողիկոսը նստած էր ճակատին: Նրա աջ թևի վրա տեղ գրավեց գերմանացի զորավարը, նրա մոտ ավստրիական զորքերի ներկայացուցիչը, ձախ կողմը Խալիլը և նրա կողքին` Արամը:
Սթենդ-ափ- Երևանի պարետ Շահխաթունին գրում է. Ճաշը լավ անցավ: Խալիլ փաշան և գերմանացի զորավարը հիացած էին սպասեղենի և ափսեների վրա, որոնց վրա դրոշմված էր Սուրբ Էջմիածնի նկարը և գրված. “Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Բ-ից ընծա Ամենայն Հայոց Վեհափառ կաթողիկոսին”: Վեհափառը հարցրեց Խալիլին. “Ինչպե՞ս Ձեզ դուր եկավ Էջմիածնի շրջակայքը, մանավանդ լճի տեսարանը: Տեսա՞ք անթիվ հայ գաղթականներին, որոնք ձեր քաղաքացիներն են եղել”: Խալիլ փաշան շատ հուզված էր: Որպեսզի փոխեր խոսակցությունը, ասաց. “Ձեր կենացն եմ խմում, Վեհափառ Տեր, հրաշալի գինի է”:
Արամի անձնական կապի շնորհիվ Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25 հազար փութ ցորեն գաղթականների համար և հրահանգ տվեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալ` հայ գաղթականների համար տեղ բացելու նպատակով: Եկած ցորենը բաժանվեց սովահարներին, իսկ Միլլի ձորը դատարկվեց թաթարներից:
Հայ-թուրքական շփումները շարունակվեցին հետագա ամիսներին ևս՝ մինչև Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը: Թուրքերը Երևանի կենտրոնում բացել էին դիվանագիտական ներկայացուցչություն, դեսպան Մեհմեթ Ալի փաշան հանդիպումներ էր ունենում Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, այցելություններ տալիս տարբեր բնակավայրեր:
Երբ հայկական պատվիրակությունը Երևանից մեկնում էր գրավված Ալեքսանդրապոլ՝ բանակցելու Կարաբեքիրի հետ, նույն օրերին Թիֆլիսից մեկ այլ պատվիրակություն ուղևորվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք: Հայերից բացի, Կոնստանդնուպոլիս խորհրդաժողովի էին մեկնում վրացական և ադրբեջանական պատվիրակությունները: Խորհրդաժողովի առանցքային խնդիրը անդրկովկասյան երեք հանրապետությունների միջև սահմանների և տարածքային հավակնությունների խնդիրն էր:
Նավահանգիստ դիմավորելու էր եկել արտգործնախարարության ներկայացուցիչ Մուխթար բեյը: Թուրքերը հայերի համար ընտրել էին Թոքատլյան պանդոկի ութ սենյակ, իսկ վրացական և ադրբեջանական պատվիրակությունների համար՝ Փերա պալատը:
Սթենդ-ափ – Հյուրանոցում մեզ համար լավ սեղան էին պատրաստել: Ճաշելուց ու մի քիչ հանգստանալուց հետո Մուխթար բեյի հետ պայմանավորվեցինք, որ մեր առաջին այցելությունը պետք է տանք Խալիլ բեյին, ով արդարադատության նախարարն էր և եղել էր օսմանյան պատվիրակության ղեկավարը Բաթումի խորհրդաժողովում: Խալիլը մեզ ընդունեց շատ սիրալիր, հիշում է Խատիսյանը:
Հայկական պատվիրակության ղեկավարը Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանն էր: Պոլսի խորհրդաժողովը այդպես էլ չկայացավ, քանի որ Առաջին աշխարհամարտում պարտվող Օսմանյան կայսրությունը զբաղված էր իր համար ավելի կարևոր խնդիրներով: Հայերը Պոլսում մնացին չորս ամիս: Խատիսյանի հուշերը և պատվիրակության քարտուղար Հակոբ Քոչարյանի գրությունները մանրամասնորեն նկարագրում են ստորացուցիչ դիվանագիտական աշխատանքը, այդ թվում Հայոց ցեղասպանությունը իրականացնողների՝ Թալեաթի ու Էնվերի, ինչպես նաև սուլթանի հետ՝ մզկիթում:
Սթենդ-ափ – Ադրբեջանի պատվիրակությունից հետո եկան հայերը՝ Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան և Միքայել Պապաջանյան։ Ահարոնյանը դիմելով Սուլթանին՝ արտասանեց հետևյալ ողջույնի խոսքը․ Հայկական պատվիրակության և Հայաստանի Հանրապետության Ձերդ մեծության թագադրությունը և ցանկանում եմ Օսմանյան պետության բարգավաճումը և բարօրությունը։ Հայ ժողովուրդը իր կողմից և Հայկական Հանրապետությունը երբեք չեն մոռանա, որ իր անկախությամբ պարտական են օսմանական կայսրության բարեհաճ ցանկությանը։ Ահարոնյանի խոսքը ֆրանսերենից թուրքերն էր թարգմանում Էնվեր փաշան:
Հայերը՝ վրացիների ու ադրբեջանցիների հետ, ճաշի հյուրընկալվեցին Էնվերի տանը: Ահարոնյանի պատվիրակությունը փորձում էր Օսմանյան կայսրության միջնորդությամբ զսպել Ադրբեջանին:
Բաթումի դաշնագրով նշվել էր հայ-թուրքական սահմանային գիծը, մինչդեռ Վրաստանի և Ադրբեջանի հետ հստակ սահման չկար: Հայկական պատվիրակությունը Օսմանյան կայսրության ու դաշնակից պետությունների պաշտոնյաներին առաջարկում էր Հայաստանին տրամադրել Անդրկովկասի տարածքի 29, Վրաստանին՝ 33, իսկ Ադրբեջանին՝ 38 տոկոսը: Վրացիներն ու ադրբեջանցիները դեմ էին, ավելին՝ նրանք ներկայացնում էին տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:
Էնվերը Ահարոնյանի պատվիրակությանն ասում էր, որ Հայաստանի Հանրապետության ստեղծումով լուծվել է Հայկական հարցը: Նա հիշեցնում էր, որ Հայաստանը հիմնադրվել է ռուսական հողի վրա՝ Օսմանյան կայսրության տարածքներից դուրս և դա էր այն գինը, որին համաձայնվել են իրենք, այլապես այդ հանրապետությունը գոյություն ունենալ չէր կարող: Ղարաբաղի և Բաքվի հայության վիճակը, թուրք-ադրբեջանական սպասվող հարձակումները մտահոգում էին հայ բանագնացներին:
Սթենդ-ափ – Հետևյալ օրը մենք եղանք Թալեաթ փաշայի մոտ, գրում է Խատիսյանը: Երբ մենք մեր բողոքը հայտնեցինք, որ Ադրբեջանում մնացած թուրքական զորքերը պատրաստվում են հարձակվել Ղարաբաղի վրա, Թալեաթը վերցրեց հեռախոսը, զանգեց Էնվերին, ինչ-որ բան խոսեց, ապա մեզ հավաստիացրեց, որ նման հարձակում չի լինի: Այս խոսակցությունից հետո մենք զգացինք, որ պետք է մեկ այլ հանդիպում, այս անգամ Էնվերի փաշայի հետ: Էնվերը կրկնեց նույնը՝ Ադրբեջանում մնացած թուրքական զորքերը Ղարաբաղի վրա չեն հարձակվելու:
Գետնի վրա իրավիճակն այլ էր. Ադրբեջանի և Օսմանյանի բանակի զինված խմբավորումները մայրաքաղաք Գյանջայից շարժվում էին Բաքվի և Ղարաբաղի ուղղությամբ: Բաքվում իշխանությունը բոլշևիկ Ստեփան Շահումյանի ձեռքում էր: Շահումյանի հետ համագործակցում էին հայկական զինված խմբերն ու Դաշնակցությունը: Սեպտեմբերի կեսերին Բաքվում շուրջ տասը հազար հայեր կոտորվեցին, ինչը սարսափեցրեց Շուշիի հայ ղեկավարներին: Ադրբեջանցիները, Բաքուն գրավելուց և այն իրենց նոր մայրաքաղաք հռչակելուց հետո, թուրքերի օգնությամբ 1918-ի հոկտեմբերին մտան Ղարաբաղ և առանց դիմադրության գրավեցին Շուշին: Արցախի գյուղական բնակչությունը, սակայն, չհպատակվեց և շարունակեց զինված պայքարը:
Այս ընթացքում Երևանից Կոնստանդնուպոլիս հասավ Հայաստանի ապագա նախարարներից Արտաշես Բաբալյանը և ներկայացրեց երկրում տիրող սարսափելի պատկերը: Ահարոնյանի պատվիրակությունը ստիպված էր Օսմանյան կառավարությանը խնդրելու, որ նրանք ազդեն Ադրբեջանի վրա, որպեսզի Հայաստանը կարողանա ալյուր և նավթ ձեռք բերել Բաքվից:
Սթենդ-ափ – 1918 թվականի մարտին Տրապիզոնում, մայիսին՝ Բաթումում, ապա այստեղ՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, հայ բանագնացները աղերսողների դերում էին: Ճակատագրի ընթացքը, սակայն, փոխվել էր և Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան հեռանում էր Անդրկովկասից և գրավյալ հայկական հողերից… Բեռլին մեկնած և վերադարձած Թալեաթ փաշան Ահարոնյանի պատվիրակությանը տեղեկացրեց, որ թուրքերը պատրաստ են հեռանալ մինչև 1914 թվականի սահմաններ:
Արտգործնախարար Ահմեդ Նեսիմի բեյը անձամբ եկավ Թոքատլյան պանդոկ հայտնելու, որ թուրքերը շուտով պետք է հեռանան Անդրկովկասից: Թոքատլյան պանդոկը դարձել էր հայկական ներկայացուցչությունը, իսկ Ֆերդինանդ Թախթաջյանը նշանակվել Հայաստանի դեսպանը Օսմանյան կայսրությունում:
Մաս երրորդ. ՕՍՄԱՆՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԱՀԱՆՋԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ
10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեկ տարվա ընթացքում ընդարձակվեց դեպի հյուսիս, հարավ և արևմուտք: 1919-ի գարնանը Կարսը դարձավ Հայաստանի մաս, իսկ ամռանը՝ Նախիջևանը:
Սթենդ-ափ – Հուլիսին Ալեքսանդրապոլում, երբ շարունակվում էին հայ-թուրքական խառը հանձնաժողովի բանակցությունները, թուրքական զորքերը կրկին շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Հայկական բանակը նահանջեց մինչև Մասիս կայարան: Կես տարի անց՝ դեկտեմբերին, երբ արդեն Օսմանյան կայսրությունը իրեն պարտված էր ճանաչել Առաջին աշխարհամարտում, Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվեցին Էջմիածնից մինչև Սարդարապատ ամբողջ տարածությունը, ինչպես նաև՝ Մարգարայի կամուրջն ու Իգդիր-Սուրմալուն:
Օսմանյան կայսրությունը զորքերը դուրս էր բերում Հայաստանից, իսկ նահանջի ճանապարհին իր հետ տանում հայ գյուղացու վերջին ունեցածը:
ՆԱՏԱ, գրաֆիկա- Թուրքերը հեռանալիս խլել են 125 հազար գլուխ անասուն, 30 հազար գյուղատնտեսական գործիք, 6000 սայլ ու վագոն, 18 հազար տոննա հացահատիկ ու այլ պարենամթերք: Փամբակի շրջանից ավելի քան 8000 երիտասարդներ քշվել էին Էրզրումի ուղղությամբ, որպես ստրկական աշխատուժ: Բազմաթիվ գյուղերում կանայք բռնաբարվել էին:
Օսմանյան զորքերը 1918 թվականի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հետ քաշվեցին Արարատյան դաշտից ու շրջակա հատվածներից՝ Ալեքսանդրապոլից, Սարդարապատից, Արաքս և Մասիս կայարաններից, Արտաշատից, Իգդիրից:
Սթենդ-ափ – Դեկտեմբերի 4-ի երեկոյան հայկական զորքերը՝ հրամանատարությամբ փոխգնդապետ Նեստերովսկու, մտան Ալեքսանդրապոլ: Թեև կայարանում մնացել էին որոշ թուրքական ուժեր, երկաթուղային հաղորդակցությունը Երևանից դեպի Ալեքսանդրապոլ ու Սանահին արդեն վերականգնվել էր:
Երևանում թուրք դեսպան Մեհմեդ Ալի փաշան հայտնեց, որ դեկտեմբերի 6-ից ոչ մի թուրք զինվոր չպիտի մնա Հայաստանի սահմաններից ներս: Պոլսում Ռաուֆ բեյը հայկական պատվիրակությանը համոզում էր միասին մեկնել Մուդրոս՝ ի նշան հայ-թուրք հաշտության: Ամիսներ առաջ, Տրապիզոնում, նա վերջնագրերով էր խոսում, այժմ, սակայն, պատրաստակամություն էր հայտնում Հայաստանին հանձնել Կարսն ու Արդահանը: Հայկական պատվիրակությունը հրաժարվեց Ռաուֆ բեյի հետ նավարկել դեպի Լեմնոս:
Սթենդ-ափ – Չորսուկես ամիս Բոսֆորի ափերին մնալուց հետո հայկական պատվիրակությունը վերադառնում էր տուն: Սուլթանը մի սպա էր ուղարկել՝ հրաժեշտ տալու Ահարոնյանին, Խատիսյանին և Պապաջանյանին: Նավի վրա գերի հայ զինվորներ կային, նրանք «Մեր Հայրենիքը» երգեցին, թուրք ասկյարները բարևի կանգնեցին, ապա նավը շարժվեց դեպի Բաթում:
Բաթումի ճանապարհին Ռեշիդ փաշա նավը կանգառ տվեց Տրապիզոնում: 200-ի չափ հայ կանայք էին մնացել թուրքերի տներում, պատվիրակությանը տեղեկացնում է նահանգի թուրք վալին: Չորս տարի առաջ՝ 1914-ին, հայերի թիվը Տրապիզնում շուրջ 14 հազար էր: 1915-ին՝ Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին, նրանք խեղդամահ էին արվել Սև ծովի ջրերում:
Մուդրոսում ստորագրած վերջնագիրը Օսմանյան կայսրության դատավճառն էր, բայց վերջը չէր: Առաջին աշխարհամարտից հետո մինչև 1922 թվականի նոյեմբեր կողք կողքի երկու Թուրքիա կար՝ Կոնստանդնուպոլսի կառավարությունը և քեմալական շարժումը: Թալեաթ փաշայի հրաժարականից հետո Օսմանյան կայսրությունը ունեցավ ևս հինգ վարչապետ՝ մեծ վեզիր: Ահմեդ Թեվֆիկ փաշա Օքտայը 1922 թվականի նոյեմբերին հրաժարական տվեց, որով և ավարտվեց Օսմանյան կայսրության հոգեվարքը:
Սթենդ-ափ – 1919 թվականից սկիզբ էր առել քեմալական շարժումը, որը պետք է դառնար ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմքը: Այն ղեկավարում էր Մուստաֆա Քեմալը, հետագայում՝ Աթաթուրք: 1908 թվականին նա մասնակցել էր երիտթուրքերի հեղափոխությանը, նրանց իշխանության տարիներին եղել զինվորական: Մուդրոսի զինադադարից հետո Քեմալը լքել էր կայսրության մայրաքաղաքը և ուղևորվել երկրի կենտրոնական ու արևելյան շրջաններ:
1919 թվականի հուլիսին Քեմալը ելույթ ունեցավ Էրզրումի կոնգրեսում: Այն, ճակատագրի հեգնանքով, տեղի էր ունենում Սանասարյան վարժարանի շենքում: 1881 թվականից մինչև 1915-ը, մեծահարուստ և բարերար Մկրտիչ Սանասարյանի նվիրատվությամբ հիմնադրված այս դպրոցը արևմտահայ մշակույթի և կրթության կարևորագույն կենտրոններից էր:
Ամիսներ անց՝ սեպտեմբերին, տեղի ունեցավ համաթուրքական երկրորդ կոնգրեսը: 1919-ի վերջերին Քեմալի համակիրների շարժման կենտրոնը դարձավ Անկարան, որտեղ հաջորդ տարվա ապրիլին բացվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը Քեմալի նախագահությամբ իրեն հռչակեց միակ կառավարությունը Օսմանյան կայսրության տարածքի վրա:
Սթենդ-ափ – Այս ընթացքում Ռուսաստանը քաղաքացիական կռիվների մեջ էր: Իշխանության պայքարը հիմնականում երեք ուժերի միջև էր՝ Դենիկինի, Կոլչակի և Լենինի: Հայաստանի իշխանությունները փորձում էին երեքի հետ էլ հաստատել կապեր: Իշխանության պայքարում հաղթող դուրս եկան բոլշևիկները Լենինի գլխավորությամբ և սկսեցին բարեկամական հարաբերություններ հաստատել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ: 1920 թվականի աշնանը Արևմուտքի կրտսեր դաշնակից Հայաստանը պետք է դառնար քեմալ-բոլշևիկյան համագործակցության զոհը:
Քեմալական շարժումը, ըստ էության, ուղղված էր Հունաստանի դեմ արևմուտքում և Հայաստանի Հանրապետության դեմ՝ արևելքում: Երկու պատերազմներում էլ թուրքերը հաղթական դուրս եկան 1919-22 թվականներին: Օսմանյան կայսրության ավերակների վրա վեր էր բարձրանում Թուրքիայի Հանրապետությունը:
Մաս չորրորդ. ՍՅՈՒՆԻՔԸ, ԿԱՐՍԸ և ՆԱԽԻՋԵՒԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ
Հայաստանի և Ադրբեջան միջև տարածքային վեճերի հիմքում նաև ցարական ժամանակների վարչատարածքային բաժանումներն էին: Նախիջևանը 1828 թվականից Հայկական մարզի, ապա և Երևանի նահանգի մաս էր կազմում: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել էր հիմնականում Երևանի նահանգի տարածքում, Նախիջևանը պետք է միացվեր Հայաստանին:
Կարսի մարզը 1870-ական թվականներից ցարական Ռուսաստանի ծայրագավառներից էր: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, Կարսը ևս պետք է միացվեր Հայաստանին: Ադրբեջանը, սակայն, հավակնություններ ուներ և՛ Նախիջևանի, և՛ Կարսի նկատմամբ: Եթե Կարսում հայերը համեմատական մեծամասնություն էին կազմում, ապա Նախիջևանում նրանք փոքրամասնություն էին:
Սթենդ-ափ – Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի էին ևս երեք շրջաններ՝ Ղազախի, Ղարաբաղի և Զանգեզուրի: Նախ բրիտանացիների, ապա ռուս բոլշևիկների քաղաքականության արդյունքում Ղարաբաղը մաս կազմեց Խորհրդային Ադրբեջանի, իսկ Զանգեզուրը կիսվեց: Գավառի մեծ մասը արդեն 1918 թվականի վերջերից Հայաստանի Հանրապետության կազմում էր: Այստեղ էր զորավար Անդրանիկը իր 3000-անոց զորքով: Ղազախի հայկական գյուղերը մնացի Հայաստանի Հանրապետության, իսկ մուսուլմանականները՝ Ադրբեջանի կազմում:
Այդպես գծվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը Տավուշ-Ղազախի հատվածում: Բրիտանացիները նպատակ ունեին Ղարաբաղն ու Զանգեզուրը միացնել Ադրբեջանին, փոխարենը խոստանում էին, որ Նախիջևանն ու Կարսը կլինեն Հայաստանի կազմում: Զորավար Անդրանիկի ներկայությունը, սակայն, բրիտանացիներին ստիպեց նահանջել իրենց մտադրությունից: 1919-ի վաղ գարնանը Երևանի ներկայացուցիչ Արսեն Շահմազյանը հասավ Գորիս, որով և Զանգեզուրը մինչև Աղավնո և Հակարի գետերը դարձավ Հայաստանի մաս նաև դե յուրե: Շաբաթներ անց Հայաստանին միացվեց Կարսը, ինչպես երաշխավորել էին բրիտանացիները:
Սթենդ-ափ – 1918-ի ապրիլին, ժամերի ընթացքում, տասնյակ հազարավոր հայեր ստիպված էին եղել լքել իրենց տները Կարսի մարզում, երբ Անդրկովկասյան Հանրապետության ղեկավար Ակակի Չխենկելին թուրքերի պահանջով Հայկական կորպուսին հրաման էր տվել դատարկել Կարսի մարզը: Երբ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը սկսեց զորքերը դուրս բերել Անդրկովկասից և Երևանի նահանգից, այդ հայերը հավաքվեցին այստեղ՝ Ալեքսանդրապոլում՝ Կարսի սահմանաբերանին, սպասելով, թե երբ են կարողանալու վերադառնալ տներ: Չորս-հինգ ամիս, Շիրակի ցրտաշունչ ձմռանը, նրանք ստիպված եղան անցկացնել բաց երկնքի տակ և կիսաքաղց վիճակում, քանի որ Կարսի մուսուլման ղեկավարությունը, Ադրբեջանի օժանդակությամբ, հրաժարվում էր կատարել բրիտանացիների պահանջները:
Օսմանյան զորքերի նահանջին զուգահեռ՝ Կարսի մուսուլման ղեկավարները հռչակել էին Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը, որն ընդգրկելու էր Բաթումից մինչև Նախիջևան տարածքները: Ինքնահռչակ այդ միավորումն ստանում էր Ադրբեջանի աջակցությունը: Կարսի մարզը Հայաստանին միացնելու համար անհրաժեշտ եղավ անգլիացիներով, շոտլանդացիներով և հնդիկներով համալրված գումարտակների՝ մոտ երեք հազար բրիտանական զորքերի միջամտությունը: Ադրբեջանը մի քանի բողոքի նոտարներ հղեց Երևան և դատապարտեց Կարսը Հայաստանի հետ միավորելու հայ-բրիտանական ծրագիրը: Կարսի մուսուլմանները ընդվզեցին, որին ի պատասխան բրիտանացիները նրանց ձերբակալեցին և աքսորեցին Մալթա:
Սթենդ-ափ – Ապրիլի կեսերից հետո Կարս վերադարձավ և նահանգապետի պաշտոնը ստանձնեց Ստեփան Ղորղանյանը: Անմիջապես սկսեց աշխատել Ալեքսանդրապոլ-Կարս-Սարիղամիշ երկաթուղին: Մայիսի 10-ին վարչապետ Խատիսյանն ու բրիտանացի գեներալ Դեյվին շրջեցին Կարսում, իսկ հաջորդ օրը Առաքելոց վանքում մատուցվեց պատարագ:
Կարսի մարզը, այդ թվում Արդահանը, Կաղզվանը, Սարիղամիշը, Հայաստանի կազմում էին: Տեղահանված հայերը վերադարձել էին տներ, վարչապետ Խատիսյանն ու հայ պաշտոնյաները շրջագայում էին մարզում:
Բրիտանացիների անմիջական օգնությամբ մայիսին Հայաստանին միացվեց նաև Նախիջևանը: Վարչապետ Խատիսյանը, Դրոն և նահանգապետ Գևորգ Վարշամյանը գնացքով ուղևորվեցին Ջուլֆա, այնտեղից Հայաստանի առաջնորդը ողջույնի հեռագիր հղեց Պարսկաստանի ղեկավարությանը: Հայկական կառավարությունը Նախիջևանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Թուրք-ադրբեջանական հարվածների տակ 1919-ի ամռանը հայկական բանակը զգալի կորուստներով նահանջեց դեպի Շարուր, նույն տարվա դեկտեմբերին իրականացվեց հայերի կոտորածը Ագուլիսում:
Սթենդ-ափ – Դաշնակիցները ակնարկում էին, որ Օսմանյան և Ռուսական կայսրությունների հայկական շրջանները կարող են միավորվել մեկ, միասնական պետության մեջ: Թուրքերը պարտվել էին Առաջին աշխարհամարտում, ստորագրել Մուդրոսի զինադադարը, զրկվել Բոսֆորի և Դարդանել կարևոր ռազմավարական կետերից ու ամրություններից: Այդուհանդերձ, Օսմանյան կայսրությունը, որքան էլ լիներ պարտված ու բարոյազրկված, շարունակում էր խորը մտահոգություններ առաջ բերել Հայաստանում:
1919 թվականի մայիսի 28-ին վարչապետ Խատիսյանի կոալիցիոն կառավարությունը ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստանի ակտը: Վարչապետն ընթերցեց Արևելյան և Արևմտյան Հայաստանների միավորման հայտարարությունը: Մայրաքաղաք Երևանը զարդարված էր եռագույնով, խորհրդարանի առաջ կանգնած էին զորքեր: Աստաֆյան փողոցից ժողովուրդը շարժվում է դեպի խորհրդարան: Շքերթի առաջին շարքում սևազգեստ կինը խորհրդանշում է Հայաստանի արյունոտ անցյալը, իսկ սպիտակազգեստ կինը՝ ազատագրված Հայաստանի ներկան: Ձեռք-ձեռքի տված գնում են արևմտահայ և արևելահայ երկու տղամարդ, որպես միավորման խորհրդանիշ: Ժողովուրդը վեր է հանել Մուշ, Սասուն և Արևմտահայաստանի այլ տեղանուններով պաստառներ: Շարասյան երկու կողմերում արևմտահայ որբերն ու զինվորականներն են:
Ուղիղ մեկ տարի առաջ հանրապետության տարածքը ընդամենը տասը-տասերկու հազար քառակուսի կիլոմետր էր, 1919-ի մայիսին այն հնգապատկվել էր: 1920-ի ուշ աշանը վաթսուն հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը ռուս-թուրքական հարվածերի տակ կորցրեց իր տարածքի կեսը, մյուս կեսը խորհրդայացվեց:
ՎԵՐՋ
Ֆիլմի հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան
Ռեժիսոր՝ Լևոն Քալանթար
Դիզայն և գրաֆիկա՝ Նատալի Հարությունյան
Օպերատորներ՝ Հակոբ Հովհաննիսյան, Ռոբերտ Խարազյան, Արտակ Ղևոնդյան
Երաժշտությունը՝ Աշոտ Մանսուրյան
Ֆիլմում օգտագործվել են մեջբերումներ հետևյալ հատորներից և արխիվներից՝
Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները»
Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն»
Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»
Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն»
Հովհաննես Քաջազնունի, «Երկեր»
Ռուբեն Տեր-Մինասյան, «Հայաստանի Հանրապետություն»
Մայքլ Բաբայան, «Հուշամատյան անկախության»
Յուշամատեան. Օսմանեան Հայերու Բնաշխարհը Վերականգնելու Ծրագիր
Վրաստանի Ազգային արխիվ
Հայաստանի Ազգային արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի արխիվ
Հայաստանի Ազգային գրադարան
Ժողովուրդ օրաթերթ
Յառաջ օրաթերթ
Ազատություն ռադիոկայան
Նկարահանումներին օժանդակելու համար շնորհակալություն
Հրանտ Դինք հիմնադրամի Երևանի և Ստամբուլի գրասենյակներին
Սևան Տէյրմենճեանին, Ստամբուլ
Մասիս Առաքելյանին, Երևան
Մայր Աթոռին
Սարդարապատի թանգարանին
Իջևանի երկրագիտական թանգարանին
Գյումրիի Շիրակ կենտրոնին
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2025











