Փետրվարի 18-ի երեկոյան Երևանի ԱԿՈՒՄԲ (The Club) սրճարանում կայացավ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի «Էրդողանը և Քրդական հիմնախնդիրը» հատորի շնորհանդեսը, որին ներկա էր շուրջ 60 մարդ:
Շնորհանդեսը կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, որը նաև գրքի հրատարակիչն է: Բացման խոսք ասաց ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը: Հատորի հեղինակ Հայկ Գաբրիելյանի կողմից գիրքը համառոտ ներկայացնելուց հետո ներկաները նրան հարցեր տալու հնարավորություն ունեցան:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն՝ սուրճ, թեյ, գինի:
Սա Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությանը, հարևան երկրների հետ հարաբերություններին վերաբերող Գաբրիելյանի հինգ հատորներից առաջինն է:
Առաջին, ինչպես և երկրորդ հատորը վերաբերում է ժամանակակից Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին՝ ընտրական գործընթացներ, քրդական հարց, ռազմական ոլորտի բարեփոխումներ, էներգետիկ խնդիրներ, Էրդողանի «Նոր Թուրքիան», պայքար «Հին Թուրքիայի» դեմ: Արտաքին քաղաքականության մասը կազմված է երեք հատորից:
Հնգահատոր այս ժողովածուն ընդգրկում է Հայկ Գաբրիելյանի՝ 2016-2023թթ․ Միջազգային անվտանգության ու հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կայքում, 2013-2017թթ․ «Նորավանք» ԳԿՀ-ի «21-րդ Դար» և «Գլոբուս», ինչպես նաև այլ պարբերականներում («Փոփոխվող աշխարհ», «Տարածաշրջանային խնդիրներ») հեղինակի հրապարակած գիտական ու վերլուծական հոդվածները։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա զուտ «ծաղկաքաղ» է Թուրքիայի վերաբերյալ այս կամ այն տեղում տպագրված հոդվածներիցս, զուտ միավորել ու դրանք վերածել ենք հատորների։ Սակայն իրականությունն այլ է։ Նախ հատորներում տեղ են գտել նաև չհրապարակված նյութեր, որոնք ներկայացված են որպես հավելվածներ։
Բացի այդ, հատորները հարստացվել են մի քանի տասնյակի հասնող (նոր) գրքերով ու զեկույցներով, որոնք հրատարակվել են հիմնականում թուրքերենով, ինչպես նաև անգլերենով ու ռուսերենով։ Հավելումներն առնչվում են թե՛ ժամանակակից, թե՛ նաև պատմական իրադարձություններին։
2024 թվականի ընթացքում հրատարակվելու են Գաբրիելյանի բոլոր հինգ հատորները: Ավելին, ապրիլից հասանելի կլինի նաև հեղինակի դոկտորական ատենախոսության գրքային տարբերակը՝ տպագրված գերմանական Springer հրատարակչատան կողմից, որը կրում է հետևյալ խորագիրը՝ “Turkey’s Water Policy as Part of the Political Strategy: The Evolution of Turkey’s Water Policy”, հայերեն թարգմանաբար՝ «Թուրքիայի ջրային քաղաքականությունը՝ որպես քաղաքական ռազմավարության մաս։ Թուրքիայի ջրային քաղաքականության էվոլյուցիան»։
Հայկ Գաբրիելյանի «Էրդողանը և Քրդական խնդիրը» հատորը արդեն հասանելի է Երևանի գրախանութներում:
Այն կարող եք ձեռք բերել նաև ԱՆԻ կենտրոնից:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
18 փետրվարի, 2024թ












