Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղը 1981-ին լուծարվել է և կցվել է Իսահակյան (նախկինում՝ Ղազարապատ) գյուղին:
Գյուղը, ավելի ճիշտ մի քանի ընտանիքներ, այսօր էլ ապրում են այստեղ: Գյուղը կա նաև քարտեզների վրա: Գյուղում կանգուն է 7-րդ դարի Պողոս Պետրոս եկեղեցին:
Բարձրաշեն անունով գյուղ կա նաև Արարատի մարզում:
Անիի շրջանի Բարձրաշենը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձրության, Իսահակյան գյուղի և Մարալիկ քաղաքի միջև, առաջինից մոտ 4, երկրորդից՝ մոտ 13 կիլոմետր հեռավորության վրա: Սահմանակից է նաև Աղին գյուղին:
Բարձրաշենը Իսահակյան գյուղի կազմում Անի համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Բարձրաշենը նախկինում ունեցել է Բաբըռլի, Բայբուռլի անունները:
Բաբըռլիից Բարձրաշեն է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Բարձրաշենի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – ավերակ
1873 թվական – 366 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 445, բոլորը՝ հայ,
1897 թվական – 502 հոգի, բոլորը՝ հայ,
1904 թվական – 589 հոգի,
1914 թվական – 630 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 648 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 602 հոգի,
1919 թվական – 850 հոգի,
1922 թվական – 505 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 598 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 616-ը՝ հայ, 2-ը՝ ռուս,
1931 թվական – 793 հոգի, բոլորը՝ հայ:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Դիտել նաև՝
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:












