Արցախի ղեկավարության առևանգումը/հանձնումը 2023 թվականի ողբերգական իրադարձությունների ֆոնին, մեծ հաշվով, անուշադրության մատնվեց:
Խոսքը ոչ միայն հայերի՝ Բաքվի բանտ տանելու մասին է, ինչն ինքնին պետք է լիներ օրակարգային, այլ այն մասին, թե ի՞նչ պայմաններում և որտե՞ղ են նրանց ձերբակալել/առևանգել:
Տպավորություն կա, թե իբր Բաքվի բանտում գտնվող հայ մարդկանց չվնասելու մտահոգությունն է, որ բոլորին ստիպում է չխոսել, ինչից օգտվում են Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողները, որոնք Արցախում իրականացրեցին հեղաշրջում՝ արագացնելով Արցախի հայաթափումն ու կորուստը:
Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի և ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը:
Հայտնի է, որ ապօրինաբար առևանգված և Բաքվում պահվող երկու հայեր ձերբակալվել են, երբ փորձում էին անցնել Հայաստան՝ բռնի արտագաղթի հոսքի մեջ:
Հայտնի է նաև, թե որտեղից է առևանգվել Արայիկ Հարությունյանը:
Բայց չի խոսվում այն մասին, թե ովքե՞ր են Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մյուսներին հորդորել թողնել օդանավակայանի տարածքը, որտեղ նրանք ռուսների մոտ էին, մեկնել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից ադրբեջանական հատուկ ծառայությունները ուղղակի եկել ու առևանգել են:
Արդյոք դա չի՞ եղել պայմանավորված հանձնում Արցախում հեղաշրջում իրականացնողների և Բաքվի իշխանությունների միջև, որով և հայերին ադրբեջանցիներին հանձնողները, ինչպես Դավիթ Բաբայանի դեպքում, ուղղակի վճարել են իրենց փրկության գինը, փրկվել են ադրբեջանական գերությունից և հարգով-պատվով Ստեփանակերտի օդանավակայանից տարվել Սիսիանի օդանավակայան:
Հարցեր են, որոնց պատասխաններ պետք է տան այս անբարո գործարքի մասնակիցները, ովքեր այսօր Երևանում խոսում են Արցախ հավաքական վերադարձի մասին:
Շարունակում է տաբու մնալ Սարգիս/Սարխան Գալստյանի թեման:
Սերժա-քոչարյանա-ՀՀԿ-հայրենասիրական ուժերը, ինչպես նաև ժամանակին Նիկոլ Փաշինյանին հավատարիմ, այսօր ընդդիմադիր խաղացող մի քանի լրագրող/պատգամավոր/նախարար այլանդակ ու թիրախավորված քարոզարշավ սկսեցին նվաստիս դեմ, երբ գրեցի, որ Սամվել Շահրամանյանի ու Բակո Սահակյանի մտերմագույն, քավոր-սանիկ հարաբերություններ ունեցող Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի ժամանակավոր պարետ:
Հիմա, երբ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ նրան Բաքվից պաշտոն է առաջարկվել, իսկ Շահրամանյանը միաժամանակ նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պարոն Գալստյանը չունի և ոչ մի պաշտպան: Պապանձվել են բոլորը:
Հրապարակային որևէ մեկը, որ իմ վրա կրակ էին թափում, չեն խոսում Գալստյանի մասին: Բայց սա չէ կարևորը, այլ հետևյալը.
ա/ ինչո՞ւ է պարոն Գալստյանը համաձայնվել մնալ Ստեփանակերտում,
բ/ ի՞նչ խնդիր էր դրված նրա առաջ,
գ/ ինչո՞ւ չկարողացավ կատարել,
դ/ ինչո՞ւ որոշեց տեղափոխվել Հայաստան ամիսներ հայաթափված Արցախում մնալուց հետո,
ե/ արդյոք չգիտե՞ր, որ սպասվում է ձերբակալություն և արդյոք չէ՞ր կարող իրեն պաշտպանող ադրբեջանցիներին խնդրել՝ անձնել երրորդ երկրի,
զ/ այս ամենի հետ ի՞նչ կապ ունեն Արցախում հեղաշրջում իրականացրածներն ու ռուսները:
Հարցերը բազմաթիվ են, իսկ թեմայի շուրջ սրբազան լռություն է:
Սարգիս Գալստյանը հոկտեմբերի սկզբին Ստեփանակերտից զանգահարում էր բռնի տեղահանված և Երևանում հաստատված իր բարեկամներին, ասելով, որ՝
ա/ ինքը նշանակվել է Խանքյանդիի (իր ձայնային հաղորդագրություններում պարոն Գալստյանը հենց Խանքյանդի է ասում) պարետի պաշտոնակատար,
բ/ իր բարեկամներին և ծանոթներին հորդորում էր վերադառնալ Ղարաբաղ,
գ/ որ Ղարաբաղում հանգիստ է ու շատ լավ,
և երբ տողերիս հեղինակը այդ ձայնագրությունների (որ իր բարեկամներն ու ծանոթներն էին փոխանցում) հիմքով նյութ պատրաստեց, Սարգիս Գալստյանի եղբորորդին սպառնում էր իմ դեմ դատական հայց ներկայացնել, իսկ նրա խոսքերը լայնորեն տարածում էին ռոբա-սերժա-հայրենասիրական ուժերն ու նրանց քարոզչամեքենան:
Հարցեր կան Սամվել Շահրամանյանին՝
ա/ սեպտեմբերի 27-ի հրամանագրով ինչո՞ւ էիք Սարգիս Գալստյանին նշանակում Արցախի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երբ մեկ օր անց ստորագրելու էիք ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր,
բ/ Սարգիս Գալստյանի նշանակումը ևս պարտադրված էր Բաքվից…
Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն
19 հուլիսի, 2024թ
—-
2024թ հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հետևյալ հաղորդագրությունը.
«Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․Գ․–ն, 2018-2023թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները, և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ–հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս․Գ․–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։
Այնուհետև, Ս․Գ․–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ–ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն:
2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Ս․Գ․–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:
Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս․Գ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»:












