Շիրակի մարզի Հացիկ գյուղը Մարմաշեն համայնքի մաս է կազմում: Մարմաշեն համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված են՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան/Ջաջուռ կայարան, Վահրամաբերդ, Փոքրաշեն և Քեթի գյուղերը:
Այս բոլոր գյուղերում ընդհանուր առմամբ բնակչության թիվը 10 հազարի սահմաններում է: Համայնքի կենտրոնը Մայիսյան գյուղն է:
Հացիկը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 5-6 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Վանաձոր-Գյումրի երկաթուղու վրա: Տեղադրված է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա:
Հացիկի վարչական տարածքի մեջ մտնում է Մայիսյան կայարանի գյուղը, որը նախկինում կրել է Օրթաքիլիսա անունը: Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան: Կայարանը կառուցվել է 1898 թ-ին:
Հացիկ գյուղը նախկինում ունեցել է Թափառլի, Թեփերլի, Թոփառ, Թոփառլու, Թոփարլու անվանումները: Հացիկ է վերանվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:
Հացիկ գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ:
Հացիկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 327 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 569 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 732 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 864 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 863-ը՝ հայ, 1-ը՝ այլ
1904 թվական – 845 հոգի
1914 թվական – 2050 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1695 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1598 հոգի
1919 թվական – 2229 հոգի
1922 թվական – 852 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 880 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 933 հոգի, բոլորը՝ հայ
Խորհրդային տարիներին Հացիկը ունեցել է.
1939 թվական – 1068 հոգի
1959 թվական – 879 հոգի
1970 թվական – 894 հոգի
1979 թվական – 820 հոգի:
Մայիսյան կայարանի գյուղը ունեցել է.
1922 թվական – 43 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 40 հոգի, որից 36-ը՝ հայ, 4-ը՝ թուրք
1931 թվական – 38 հոգի, բոլորը՝ հայ
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Լուսանկարում՝ Հացիկի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերակները











