Ե՞րբ են հայերը ընդունել քրիստոնեություն՝ Ստ․ Մալխասյանի հոդվածը, «Էջմիածին», 1944թ

2318

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է հրապարակումների շարքը՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալների գործունեությանը Խորհրդային Միության տարիներին, ինչպես նաև՝ հայագիտական, պատմագիտական, եկեղեցական, կրոնական հոդվածներ: Առանց մեկնաբանությունների՝ կներկայացնենք հրապարակումներ, որոնք տեղ են գտել Մայր Աթոռի ԷՋՄԻԱԾԻՆ պաշտոնական ամսագրում՝ 1944-ից ի վեր:

ԱՆԻ կենտրոն

Ե՞րբ են հայերը ընդունել քրիստոնեություն

Այս հարցին պատասխանելու միակ ապահով աղբյուրը Խորենացու պատմությունն է, որովհետև Խորենացին միակ հին պատմագիրն է, որ հետաքրքրվում է ժամանակագրությամբ, սիստեմատիկորեն և հետևողաբար տալիս է բոլոր հայ թագավորների և հայրապետների գահակալության տարիները՝ նշելով գահակալության սկիզբն ու տևողությունը: Եվ Խորենացու ժամանակագրական տվյալները, սկսած Տրդատ թագավորից, ճշտիվ համապատասխանում են իրականությանը: Այս պատճառով բանասերները վերոգրյալ հարցին պատասխանելու համար դիմում են Խորենացուն:

Խորենացին (Բ,82) ասում է. «Որովհետև պատմությունն առանց ժամանակագրության ստույգ չէ, ուստի մանրամասն հետազոտությամբ գտանք, որ Տրդատը թագավորել է Դիոկղետիանոսի երրորդ տարում»: Իսկ Բ, 91 գլխում ասում է. «Մենք գտանք, որ սուրբ Գրիգորը… սուրբ Թադեոս առաքյալի աթոռը բարձրացավ Տրդատի թագավորության տասնյոթերորդ տարում»: Արդ՝ Դիոկղետիանոսը, ստույգ տվյալներով, թագավորել է 284-րդ տարում, ուրեմն ըստ Խորենացու, նրա երրորդ տարում, այսինքն 286-7-ին թագավորած պետք է լինինՏրդատը, իսկ նրա տասնևյոթերորդ տարում, այսինքն 302-303-ին, հայրապետական աթոռը նստած  պիտի լինի Գրիգոր Լուսավորիչը, որ և կլինի Հայոց քրիստոնեական դարձի թվականը: Այսպես էլ առհասարակ ընդունված է մեր պատմության մեջ, մի փոքրիկ տարբերությամբ, Հայոց դարձի սկիզբը դնելով 300-303-ին [որովհետև բանասերներից ոմանք Խորենացու հիշած 17 տարու փոխարեն ընդունում են Ագաթանգեղոսի վկայությունը, թե Գրիգորը Խոր-Վիրապում մնաց 13 կամ 15 տարի]: Այս խնդրի վերջին հետազոտողը, Մ. Օրմանյանը, Հայոց դարձը համարում է տեղի ունեցած 303 թվին: Նա նույնիսկ փորձում է որոշել Տրդատի և հայոց զորքի մկրտության ամիսն ու օրը՝ 303 թվի հունվարի 6-ը: Էջմիածնի շինությունը նա ավարտված է համարում 303 թվի օգոստոսի 15-ին (Ազգապատում, էջ 97):

Բայց որքան առերևույթ  հիմնավորված ու ճիշտ է այս թվականը, որ մինչև այժմ ընդունված է իբրև անկասկածելի, գիտական հետազոտությունները, այնուամենայնիվ, պարզում են, որ նա ճիշտ չէ: Սխալը երևան է գալիս, երբ մենք փորձում ենք այս թվականն ստուգության ենթարկել պատմական և ժամանակագրական ստույգ տվյալներով: Այսպես՝ 303 (կամ 301) թվականն ընդունելով իբրև հայերի դարձի առաջին տարի՝ հայրապետների հաջորդությունը հաշվում ենք Լուսավորչից մինչև Ս. Սահակի մահը, որ տեղի ունեցավ 438-ին, գտնում ենք, որ մինչև 438 թվականը նստել են հայրապետական աթոռը (ըստ Խորենացու) Գր. Լուսավորիչ -30 տարի, Արիստակես-7 տ., Վրթանես -15տ., Հուսիկ-6 տ․, Փառներսեհ -4 տ., Ներսես Մեծ-34 տ., Շահակ-4 տ., Զավեն-4 տ., Ասպուրակես-5 տ., Ս. Սահակ-51 տ.-գումարը 160 տարի: Բայց եթե այս 160 տարին ավելացնենք Լուսավորչի գահակալության կամ Հայոց դարձի վերոհիշյալ 301-303 թվականի վրա՝ կհասնենք մինչև 461-463 թ., այսինքն Ս. Սահակի մահը իրական ժամանակից հեռանում է 23-26 տարով, որ անընդունելի է: Իսկ եթե Ս. Սահակի մահվան ստույգ թվականից, այսինքն 438 թվականից հանենք այդ 160 տարին՝ այս դեպքում Հայոց դարձի տարին կլինի 278 թվականը: Նույն կերպով հաշվելով թագավորների տարիները, գտնում ենք, որ ըստ Խորենացու՝ Տրդատը թագավորել է 56 տարի, Խոսրով փոքր-9 տ., Տիրան-11 տ., Արշակ Բ- 30տ., Պապ-7 տ., Վարազդատ-4 տ., Արշակ-Վաղարշակ-8 տ., Խոսրով 5 տ., Վռամ-Շապուհ-21 տ., Խոսրով (երկրորդ անգամ) -1 տ., Շապուհ պարսիկ-4 տ., անիշխանություն -3 տ., Արտաշիր – 6 տարի, որով վերջանում է Արշակունյաց հարստությունը 428 ստույգ թվականին: Այս թագավորների գահակալության տարիների գումարը և անիշխանության 3 տարին տալիս են 165 տարի: Եթե Տրդատի թագավորության ենթադրյալ 386 թվականի վրա ավելացնենք այս թիվը, դուրս կգա, որ Արշակունյաց թագավորության բարձումը տեղի է ունեցել 451 թվին, իրականից 23 տարի հետո: Իսկ եթե այս 165 տարին հանենք Արշակունյաց բարձման ստույգ թվականից, այսինքն 428-ից, կստանանք իբրև Տրդատի թագավորության առաջին տարի՝ 263 թվականը, ենաթադրվածից 23 տարի առաջ:

Մի երրորդ ստուգություն: Արտաշիր Սասանյանը Արտավանին սպանեց և նրա տեղ ինքը թագավորեց: Ճիշտ հայտնի է այս միջադեպի թվականը-226 թիվը: Արդ՝ Հայոց Խոսրով թագավորը Արտավանի վրեժը լուծելու համար Արտաշիրի դեմ տասը տարի պատերազմներ է մղում, մինչև որ դավաճանաբար սպանվում է նա Արտաշիրի ուղարկած Անակի ձեռքով, ուրեմն 236-ին: Ապա Արտաշիրը, ըստ Խորենացու, մտնում ու նվաճում է Հայաստանը 26 տարի, հետո Շապուհը մի տարի, մինչև Տրդատի գալն ու պարսիկներին Հայաստանից դուրս վանիլը: Եթէ Տրդատը թագավորած լիներ 287-ին, ապա այս թվականից դուրս գալով Հայաստանի նվաճման 27 տարին և Խոսրովի պատերազմների 10 տարին՝ Արտաշիրի գահակալությունը կհանդիպեր 250 թվին, իսկական ժամանակակից 24 տարի հետո (երբ Արտաշիրն արդեն մեռած էր): Իսկ եթե ճիշտ համարենք 226 տարին, Խոսրովի պատերազմների 10 տարին և Հայաստանի նվաճման 27 տարին ավելացնելով 226-ի վրա՝ Տրդատի թագավորության առաջին տարվա համար դարձյալ կստանանք 263 թվականը:

Երեք ստուգություններն էլ մեզ բերում են միևնույն եզրակացության՝ կամ սխալ են Արտաշիրի գահակալության 226 թվականը և ս. Սահակի մահվան 438 թվականը, կամ սխալ է Տրդատի թագավորության համար ընդունված 286 թվականը: Քանի որ առաջին երեք թվականներն անտարակուսելի ճիշտ են, մենք հարկադրված ենք ընդունելու, որ ուրեմն սխալ է երկրորդը-286 թվականը՝ իբրև Տրդատի թագավորության առաջին տարի:

Ժամանակագրական այս անստուգությունը նկատել են մի քանի բանասերներ, մասնավորապես Գարագաշյանը և Օրմանյանը, բայց չկարողանալով սխալի բուն հիմքը գտնել՝ աշխատել են մի կերպով պարտակել սխալը, իրենց կողմից նոր սխալներ ավելացնելով և աղավաղելով Խորենացու ժամանակագրությունն ու պատմությունը: Նրանք երկուսն էլ անխախտ պահում են Տրդատի թագավորության առաջին տարին՝ 286 կամ 287 թվականը, Արշակունյաց բարձման 428 թվականը և ս. Սահակի մահվան 438 թվականը: Սրանով ստացվում է ավելորդ 23 տարի: Եվ նրանք այս ավելորդը վերացնում են՝ խուզելով այս կամ այն թագավորի կամ կաթուղիկոսի տարիների թիվը: Այսպես՝ Գարագաշյանը (Քնն. պատմ., մասն Գ, էջ 4) Տրդատին տալիս է 49 տարվա թագավորություն, փոխանակ Խորենացու 56 տարվան, Արշակ երկրորդին տալիս է 15 տարի, փոխանակ Խորենացու 30 տարվան: Այս փոփոխությունները նա անում է կամայականորեն, ծայրը ծայրին հասցնելու նպատակով: Նույն կերպ է վարվում և Օրմանյանը կաթուղիկոսների նկատմամբ: Նա ասում է (Ազգապատում, հատ. Ա, էջ 116). «Վասն զի Խորենացիին հաշիվը թե՛ կաթողիկոսներու, թե՛ թագավորներու և թե՛ կայսրներու տարիներուն մեջ հաստատապես և հավասարապես 24 տարիներու հավելվածական սխալ մը ունի, այդ 24 տարիները պետք կըլլայ համեմատական զեղչերով ուղղել»: Այսպես էլ նա ուղղում է Վրթանեսի կաթողիկոսության տարիները, տալով նրան 8 տարի, փոխանակ Խորենացու 15-ի (անդ, էջ 126): Ներսես Մեծին տալիս է 20 տարի, փոխանակ Խորենացու 34-ի (անդ, էջ 220) և այլն: Նրա բերած պատճառաբանությունները ևս համոզիչ չեն և հակասում են պատմության:

Տեսնում ենք, որ այս «ուղղումները»  իրապես նորանոր սխալներ են առաջացնում և ոչ թե ուղղում սխալը: Իսկ այս սխալը, ինչպես ասացի, գտնվում է Տրդատի թագավորության տարեթվին՝ 286 (կամ 287)  թվականի մեջ: Այս թվականը գտել են բանասերները: Խորենացին սրանում մեղք չունի. նա ասել է միայն, թե Տրդատը թագավորել է Դիոկղետիանոսի երրորդ տարում. բայց թե ո՞ր թվականին է Դիոկղետիանոսը թագավորել, նա չի ասում: Խորենացու ժամանակ, և դեռ շատ հետո, դեռ սովորություն չկար փրկչական տարեթիվը գործածելու. մի որևէ տարի նշանակելու համար գործ էին ածում այսինչ հայտնի թագավորի կամ կայսրի թագավորության այս-ինչ տարին: Այսպես էլ վարվել է և Խորենացին: Իմանալու համար, թե ըստ Խորենացու փրկչական ո՛ր թվին է թագավորել Դիոկղետիանոսը, պետք է օգտվենք նույն Խորենացու տվյալներից՝ հիմնված Տրդատի թագավորության առաջին տարվա թվականի վրա, որ ստացվեց երեք ստուգություններից, այսինքն՝ 263 թվականը, որից և եզրակացնում ենք, թե ըստ Խորենացու՝ Դիոկղետիանոսը թագավորել է 261 թվականին, իրական ժամանակակից 23 տարի առաջ: Այս թվականը մեզ համար սխալ է, բայց ուղիղ է Խորենացու համար, որովհետև սրա վրա է հիմնվում նրա ժամանակագրությունը:

Բարեբախտաբար Դիոկղետիանոսի թագավորության առաջին տարին 261 թվականով նշանակված ենք գտնում և մի ուրիշ պատմական վավերագրի մեջ: Սեբեոսի պատմության մեջ (գլ. ԻԳ,էջ 132) հիշվում է, թե Հայոց եկեղեցական ժողովը Կոստանդ կայսրին ուղարկվելիք թղթում գրել է. «Յամին երեքտասներորդի կենարարին և փրկչին մերոյ Յիսուս Քրիստոսի թագաւորէ Դիոկղետիանոս»: Սեբեոսի նախկին հրատարակիչներն այս «տասներեքերորդ» տարին չկարողանալով բացատրել՝ դեն են ձգտել և իրենց կողմից դրել ճիշտ թվականը-յամի երկերիւրութսուն և չորրորդի (= 284-րդ տարում): Սակայն բնագրի տասերեքերորդ տարին ճիշտ է հունաց թվականով: Արևմուտքում իբրև տարեթիվ երկար ժամանակ գործածական էր Հռոմի շինության թվականը, որը սկսվում է 757 թվին ն. Ք. Մեր թվականի 247 թվին, Փիլիպոս կայսեր ժամանակ, լրացավ Հռոմի շինության տարեթվի (ab urbe condita) առաջին հազարամյակը և 248 փրկչական թվականով սկսվեց երկրորդ հազարամեակը, որը գրում էին ո՛չ թե 1001, 1002…, այլ կարճության համար 1,2… և սա կոչվեց հունաց թվական. ահա այս հունաց թվականի 13-րդ տարին է, որ համապատասխանում է փրկչական 261 թվականին. ուրեմն՝ յոթներորդ դարի քառասնական թվականներին էլ Հայոց եկեղեցական ժողովը Դիոկղետիանոսի թագավորության առաջին տարին դնում է Քրիստոսի 261 թվականին, ինչպէս Խորենացին: Սրանից հետևում է, որ Հայաստանում երկար ժամանակ գործածության մեջ է եղել մի ժամանակագրական աղյուսակ, որի մեջ Դիոկղետիանոսի թագավորության տարին նշանակված է եղել իրականից 23 տարի առաջ:

Բայց Խորենացու պատմության ուշադիր քննությունը ցույց է տալիս, որ միայն Դիոկղետիանոսի թագավորության մեջ չէ պատահում այս ժամանակագրական սխալը, այլ նաև ուրիշ Հռոմ-Բյուզանդական կայսրների տարեթվերի մեջ: Դեռ Գուտշմիդը յուր «Խորենացու հայոց պատմության արժանահավատության մասին» հմտալից քննության մեջ նկատել էր. «Խորենացին հռոմեական կայսրների պատմությանը բոլորովին անգետ է և նրանց բոլորի տարիները մոտ 18 տարի վեր է բարձրացնում» (առանձին արտատպություն, էջ 7)․ պետք էր ասել՝ «18-ից մինչև 24 տարի վեր է բարձրացնում»): Օրմանյանն էլ, ինչպես տեսանք, նկատում է, որ Խորենացու մոտ թե՛ կաթուղիկոսների, թե՛ թագավորների և թե կայսրերի տարիները հաստատապես և հավասարապես 24 տարվա հավելվածական սխալ ունին (պետք էր ասել միայն կայսրների, որովհետև կաթուղիկոսների և հայոց թագավորների տարիների մեջ Խորենացու մոտ սխալներ չկան): Բերեք Խորենացու պատմությունից մի քանի օրինակ, որոնցից երևում է, որ Խորենացու պատմության մեջ կայսրների ժամանակներն արդարև իրականից 18-24 տարի առաջ են նշանակված:

Խորենացին պատմում է (Բ. 71), թե երբ Խոսրով թագավորը (Տրդատի հայրը) լսեց, որ Արտաշիր Սասանյանն սպանել է Արտավանին և ինքը թագավորել, իսկույն դիմեց հռոմայեցոց  Փիլիպպոս կայսրին՝  նրանից օգնություն խնդրելով, որպեսզի հարձակվի Արտաշիրի վրա:

Թվանշանների վեր ածենք այս տեղեկությունը: Արտաշիրը Արտավանին սպանեց և ինքը թագավորեց 226 թվին, իսկ Փիլիպպոսը գահակալեց 245 թվին (երբ Արտաշիրն արդեն մեռած էր): Որպեսզի Փիլիպպոս կայսրը ժամանակակից դառնա Արտաշիրին, պետք է նրա թագավորության տարեթիվը գոնե 20 տարով վեր բարձրացնել:

Խորենացին պատմում է (Գ, 5), թե Վրթանես կաթուղիկոսը թուղթ գրեց Կոստանդ կայսրին՝ խնդրելով օգնել զորքով Տրդատի փոխարեն նրա Խոսրով որդուն թագավորեցնելու համար:

Թվականների վեր ածենք: Վրթանեսը կաթուղիկոսություն է արել 315-333 թվականներում, իսկ Կոստանդը կայսր է նստել նրա մահից հետո, 337-ին: Որպեսզի Կոստանդը ժամանակակից դառնա Վրթանեսին՝ պետք է նրա թագավորության տարեթիվը բարձրացնել 18-20 տարով: Սա պարզ երևում է մանավանդ Խորենացու պատմության մի այլ հատվածից (Գ, 8), որտեղ ասում է, թե Խոսրով (Փոքր) թագավորեց Կոստանդի թագավորության ութերորդ տարում: Խոսրովը ըստ Խորենացու ժամանակագրության, թագավորել է 319 թվին. իսկ Կոստանդի թագավորության ութերորդ տարին լինում է 344  թվականը: Որպեսզի այս երկու տարիները իրար զուգընթանան՝ հարկավոր է Կոստանդին թագավորության տարեթիվը 25 տարով վեր բարձրացնել:

Ըստ Խորենացու տեղեկության (Բ, 12, 13), Տիրան թագավորը ժամանակակից է Հուլիանոս կայսրին, նրա հետ գործեր է ունեցել:

Թվականների վեր ածելով տեսնում ենք, որ Տիրանը թագավորել է, ըստ Խորենացու տեղեկության, 328-333 թվականներին, իսկ Հուլիանոսը կայսր է նստել 361-ին: Որպեսզի Տիրանը և Հուլիանոսը իրար ժամանակակից դառնան՝ պետք է վերջինիս ժամանակը վեր բարձրացնել մոտ 30 տարով:

Նույն երևույթը նկատվում է ամեն անգամ Խորենացու պատմության մեջ, երբ Հռոմ-Բյուզանդական կայսրները գործ են ունենում Հայոց թագավորների հետ. կայսրների տարիները իսկական ժամանակից միշտ վեր են բարձրացրած լինում 18-30 տարով: Բերել այստեղ բոլոր օրինակները-ավելորդ է: Բերվածները բավականչափ ապացուցանում են այս: Նրանք ապացուցանում են նաև, որ Խորենացին «Դիոկղետիանոսի երրորդ տարու» տակ հասկանում է ո՛չ թե 284 թվականը, ինչպես ընդունել են բանասերները և նրանից սխալ հետևանքի հասել, այլ 263 թվականը:

Այս անկասկածելի հիմք ունենալով, մենք հասնում ենք հետևյալ ճիշտ եզրակացություններին.- 1) ըստ Խորենացու Տրդատը թագավորել է 263 թվին. 2) Լուսավորիչը հայրապետական աթոռ է նստել Տրդատի թագավորության 17-րդ տարում, այսինքն՝ 279-ին: Ուրեմն՝ քրիստոնեությունը Մ. Խորենացու ժամանակագրական տվյալների հաշվով, Հայաստանում իբրև պետական կրոն ընդունվել է փրկչական թվականի 279 տարում:

Ակադեմիկոս Ստ. Մալխասյան  

Էջմիածին ամսագիր, թիվ 1, 1944 թ