Ամենայն Հայոց Հայրապետության Ազգընտիր տեղակալ Տ. Գեվորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանի 1943 թ. հունվարի 20-ի հեռագիրը ՍՍՌՄ ժողկոմսովետի նախագահ Ի. Վ. Ստալինին
Մոսկվա, Կրեմլ,
Իոսիֆ Վիսսարինովիչ Ստալինին
Մեծարգո Իոսիֆ Վիսսարինովիչ:
Ձեր հանճարեղ ղեկավարությամբ և Աստծո ողորմածությամբ Կարմիր Բանակը հաղթականորեն ջախջախում է արյունռուշտ և ատելի թշնամուն, վռնդելով նրան մեր սրբազան հողից: Կարմիր Բանակի շարքերում, ՍՍՌՄ մյուս ժողովուրդների հետ միասին, մեր հայրենիքի թշնամիների դեմ հերոսաբար մարտնչում են նաև հայ ժողովրդի զավակները:
Կատարելով իմ պարտքը հայրենիքի հանդեպ, աղոթում եմ Ամենաբարձրյալին՝ սովետական զենքի հաղթության համար, փառապանծ Կարմիր Բանակի հզորությունն էլ ավելի ուժեղացնելու և թշնամու վերջնական ջախջախումն արագացնելու համար: Էջմիածնի կաթուղիկոսարանը Սասունցի Դավթի անվան տանկային շարասյուն կառուցելու Ֆոնդին հատկացնում է բրիլիանտներով զարդաված մի թանկարժեք պանակե և այլ թանկարժեք իրեր պլատինից ու բրիլիանտներից՝ ավելի քան 800 հազար ռուբլի արժողությամբ, 1000 անգլիական Ֆունտ ստերլինգ և 50 հազար ռուբլի:
Խնդրում եմ Ձեր կարգադրությունը՝ ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու մասին:
Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհիս բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն Սասունցի Դավթի անվան տանկային շարասյան կառուցմանը: Լիովին հավատացած եմ, որ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հայերը կարձագանքեն մեր հովվական կոչին, ինչպես արձագանքեցին պատերազմի սկզբին մեր կոնդակին, կազմակերպելով հայկական բոլոր գաղութներում Կարմիր Բանակին և տուժած բնակչությանն օգնելու կոմիտեներ, որոնք հավաքեցին և ուղարկեցին ավելի քան 15 հազար դոլլար ու ներկայումս շարունակում են իրենց գործունեությունը:
Թանկագին Իոսիֆ Վիսսարինովիչ, ընդունեցեք մեր օրհնությունը և հավատացյալ հայերի ու հոգևորականության ողջույնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ազգընտիր տեղակալ Գեվորգ Արքեպիսկոպոս Չեորեքչյան
ՍՍՌՄ Ժողկոմսովետի նախագահ Ի. Վ. Ստալինի պատասխան-հեռագիրը
Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի տեղակալ Տ. Գեվորգ արքեպիսկոպոսի հեռագրի 1943 թ. հունվարի 26-ին ստացված է ՍՍՌՄ Ժողկոմսովետի նախագահ Ի. Վ. Ստալինի հետևյալ հեռագիրը.-
Էջմիածին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանին
Խնդրում եմ իմ ողջույնը եվ Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգեվորականությանը, որը միջոցներ է մուծել Սասունցի Դավթի անվան տանկային շարասյուն կառուցելու համար:
ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու համար ցուցում է տրված:
Ի. Ստալին













