Հայաստանը աշխարհի 10 ամենառազմականացված երկրների ցանկում երրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին հորիզոնականում է, վկայակոչելով Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC-ի զեկույցը, գրում է Ազատությունը:
Համաշխարհային ռազմականացվածության սանդղակում Հայաստանը աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ռուսաստանը, Հարավային Կորեան, Հորդանանը հաջորդում են Հայաստանին: Տասնյակը փակում են Կիպրոսը, Հունաստանը, Բրունեյը և Բելառուսը:
Հայաստանը, որի ռազմական ծախսերը, ինչպես նշված է փաստաթղթում, կազմում են երկրի ՀՆԱ-ի 6․4 տոկոսը, իսկ 1000 հոգուն բաժին ընկնող զինվորականների թիվը 6.1 է, ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, ապա Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը:
Զեկույցի հեղինակները այս պատկերը ստացել են հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա՝ ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը և պետության ունեցած ծանր սպառազինության քանակը:
BICC-ի փորձագետները Հայաստանի ռազմականացվածության հանգամանքը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտությամբ:
Ադրբեջանն իր ռազմականացվածության ցուցիչով վերջին տարում սկսել է նահանջել՝ 8-րդ հորիզոնականից իջնելով 12-րդ:
Տարածաշրջանի երկրներից առաջին տասնյակում է հայտնվել միայն Հայաստանը: 155 երկրների շարքում Ադրբեջանը 12-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 22-րդ, իսկ Վրաստանը` 52-րդ:
Աշխարհի ամենառազմականացված երկիրը տարիներ շարունակ համարվում է Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Իսրայելը, որտեղ 8 միլիոն երեք հարյուր հազար բնակչությունից 176 հազարը գործող զինվորական է, 465 հազարը պահեստային, ծանր սպառազինությունը անցնում է 9300-ը:
Տասնյակում հայտնված Հունաստանի և Կիպրոսի ռազմականացվածության բարձր մակարդակը բացատրվում է հարևան Թուրքիայի հետ բազմամյա տարաձայնություններով:











