Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, տրակտորիստ Գոռ Կարապետյանն անելանելի վիճակում է: Մի գիշերվա ընթացքում կորցրել է ապրուստի միջոցը:
Գոռ Կարապետյանը սեպտեմբերին խոտի հունձ է արել հայ-թուրքական սահմանի մոտակայքում, Գտաշեն համայնքին պատկանող հողատարածքում: Ինչպես Գոռն է նշում՝ գործը հեշտացնելու համար ամեն անգամ տեխնիկան չի տարել գյուղ եւ հետ բերել, իր МТЗ-82 մակնիշի տրակտորը եւ հակավորման սարքը թողել է սահմանին՝ ուղեկալի մոտ:
«Ամեն անգամ անցաթղթով հատել եմ հայ-թուրքական սահմանը, սահմանապահները ուղեկալում գրանցել են իմ եւ տեխնիկայի մուտք եւ նոր միայն թույլ տվել խոտհարքում խոտի հունձ իրականացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Գոռը:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան Գոռ Կարապետյանը եկել է աշխատանքը շարունակելու եւ տեսել է, որ տեխնիկան չկա:
«Անմիջապես դեպքի մասին հայտնեցի ռուս սահմանապահներին: Սկզբում կատակով վերաբերվեցին ասածիս, բայց երբ պնդեցի՝ սկսեցին խառնվել իրար: Այդ մասին հայտնեցին ավելի բարձրաստիճան սպաների, նրանք եւս ժամանեցին»:
Ըստ Գոռ Կարապետյանի՝ տեխնիկան տարել են Թուրքիայի ուղղությամբ, այդ մասին վկայում են հետքերը:
«Ուղեկալում պարտադիր գրանցում են տեխնիկայի մուտքը եւ ելքը: Հիմա մուտքը գրանցված է, ելքը՝ ոչ, այսինքն տեխնիկան ուղեկալի տարածքից դուրս չի բերվել դեպի Հայաստան: Հողի վրա հետքերը մատնանշում էին տրակտորի ուղղությունը, որը դեպքի Թուրքիայի կողմն էր»,-նշում է նա:
Գոռ Կարապետյանի խոսքով, ռուս սահմանապահները կապ են հաստատել իրենց գործընկեր թուրք սահմանապահների հետ:
«Թուրքական կողմում տեղադրված է տեսախցիկ, որը հավանաբար ֆիքսել է, թե ինչ է կատարվել իրականում: Թարգմանչի միջոցով խոսակցություն ծավալվեց, բայց ինձ հեռացրին տարածքից, թույլ չտալով ներկա լինել խոսակցությանը: Ընդամենը ասացին, որ կտեղեկացնեն զրույցի մանրամասներից»:
Գոռ Կարապետյանին հետագայում հայտնել են, որ Թուրքիայում որոնողական աշխատանքները շարունակվում են եւ տրակտորը գտնելուն պես հետ կվերադարձնեն, բայց նա վաղուց է հույսը կտրել:
Գոռը մեղադրում է ռուս սահմանապահներին՝ պնդելով, որ թերացել են աշխատանքում:
«Ոնց կարող էին նրանց քթի տակից ծանր տեխնիկան տանել: Իսկ եթե հակառակորդը գար եւ մարդ սպաներ, էլի չէին նկատելո՞ւ, այդպե՞ս են պահում մեր պետական սահմանը»:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն: Ըստ մեր զրուցակցի, իրեն հասցված վնասի չափը մեծ է՝ 7,3 մլն դրամ տրակտորը եւ 2,5 մլն դրամ հակավորման սարքը:
«Իմ տունը այդ տրակտորով էի պահում, նաեւ գյուղին էի օգուտ տալիս: Հիմա չգիտեմ ինչ եմ անելու, նույնիսկ քաղած խոտը մնաց դաշտում, բերել չկարողացա: Հիմա մտածում եմ անասուները մորթելու եւ վաճառելու մասին»:
Գոռ Կարապետյանն ակնկալում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ եւ ուժային կառույցների միջամտությունը:












