«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունը կանի հնարավորն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ կնքելու համար, բայց դա հնարավոր կլինի, միայն եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ Ազատության, ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորման համար անհրաժեշտ է, որ ձևավորվեն միջազգային մեխանիզմներ, հայտարարեց Փաշինյանը. «Հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարեւոր է նաև կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի, և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար»:
Ի՞նչ սահմաններով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը խոսեց հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների սահմանների մասին, սակայն առանց հստակեցնելու, թե բանակցությունների ընթացքում որ թվականի սահմաններն են հիմք ընդունվում։
«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,- շեշտել է նա։
Ինչպե՞ս է կառավարության ղեկավարը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը. այս հարցին վարչապետը հստակ պատասխան չտվեց, սակայն խոսեց ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին՝ դարձյալ ակնարկելով, որ այն իրականում Ղարաբաղի անկախության համար հիմքեր չի ստեղծել. «Եվ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, և այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգի իրացումը»:
Բանակցային բովանդակությունն ու հանրային խոսույթը պետք է համընկնեն իրար, մի բան, որ տասնամյակից ավելի այդպես չի եղել, պնդել է Փաշինյանը, – «Նաև իմ սխալն է, ես եկել եմ 2018 թվին, ես էլ չեմ արել դա, ես էլ եմ սխալ արել, բայց այդպես է, ես այսօր ի՞նչ եմ ասում, ասում եմ՝ եկեք որոշենք՝ կա՛մ առերեսվում ենք, և ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»։
Արխիվային լուսանկար՝ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի հայ համայնքի հետ հանդիպմանը, փետրվար, 2019թ












