Ինչպես հնարավոր եղավ Հայաստանում անարյուն իշխանափոխություն իրականացնել, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին: Այս և այլ հարցերի քննարկումով օգոստոսի 24-ին Գլենդելի Կենտրոնական գրադարանում «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող և Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը լոսանջելեսահայությանը ներկայացավ «Հայաստան․ Թավշյա հեղափոխությունից հետո» դասախոսությամբ:
-Դեռևս ապրիլի 17-18-ին, երբ առաջին անգամ ՀՀ Ազգայն ժողովի 4 պատգամավոր հայտնվեցին ոստիկանական պատի առջև, շատերը մտահոգություն ունեին, որ այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ, բայց, բարեբախտաբար, ավարտվեց հայկական թավշյա, ոչ բռնի, անցնցում հեղափոխությամբ, որը նաև բերեց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանավարությանը վերջը,- ելույթը սկսեց Հակոբյանը:
Բանախոսի կարծիքով՝ ժողովրդի այս հաղթանակը արդյունք էր նրա, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցեց, որ իրենք կարևոր դերակատարում ունեն ընդհանուր գործընթացում և հենց իրենցից է կախված Հայաստանի ապագան:
Այնուամենայնիվ, թավշա հեղափոխության կենտրոնում, ըստ Հակոբյանի, խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր, ով կատարում էր ամենակարևոր դերը: Հեղափոխության հաջորդ կարևոր դերակատարներին էին ժողովրդական շարժումից ամիսներ առաջ ստեղծված «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը՝ իր ազդեցիկ ու շատ ճիշտ ընտրված կարգախոսով, օնլայն մեդիան, որը կանխեց իշխանություների կողմից բիրտ ուժի կիրառումը և ՀՀ քաղաքացիները.
-4-րդ, բայց ամենակարևոր տեղում ես դնում եմ ՀՀ քաղաքացիներին, որոնք դուրս էին եկել փողոց ու պատրաստ չէին տուն գնալու, որոնք մերժում էին Սերժին, ով չէր հրաժարվում վարչապետ դառնալու իր ագահությունից, ով պատասխանատու է Հայաստանը պարտքերի մեջ թաղելու, 400.000 մարդու պանդխտության և երկրի առաջ ծառացած այլ խնդիրների համար,- հանդիպման ընթացքում ընդգծեց Հակոբյանը: – Հեղափոխությունից ամիսներ անց, երբ մարդկանց հարցնում եմ՝ ինձ զգացողոություն ունես, ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, մարդիկ ասում են՝ «Մեր կյանքում բան չի փոխվել, մեր աշխատավարձերը չեն բարձրացել, մեր ընտանիքներում պրոբլեմներ ունեք, բայց հիմա մենք շատ ավելի երջանիկ ենք, որովհետև Հայաստանի օդն է փոխվել»: Մարդիկ շատ դրական սպասումներ ունեն, որ երկիրը հաղթահարել է իր պատմության շատ լճացված շրջան և հիմա թևակոխում է մի նոր փուլ:
Հակոբյանը նշում է՝ հեղափոխական ոգևորությունից հետո այսօր առավել կարեւոր է, թե ինչ է լինելու հետո. «Ճիշտ է, Հայաստանն ազատվեց ավազակապետական վարչակարգից, բայց դրանից հետո ամենադժվարն է գալու. ինչպե՞ս ենք նորմալ պետություն կառուցելու, ինչպես անենք, որ այս սպասումները, այս էյֆորիան կարողանանք վերածել կապիտալի, ինչպես անենք, որ դա չփոշիանա և ամիսներ հետո մարդիկ չասեն՝ լավ, էս՞ էր մեր ուզածը: Ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ դրական փոփոխություններ կլինեն»:
Բանախոսը վստահ է՝ փոփոխություններն առաջիկայում իրատեսական են, բայց ամեն ոք այդ փոփոխությունը պիտի սկսի նախ իրենից, իր տնից, իր թաղից, իր փողոցից: ՀՀ ամեն քաղաքացի իրեն գործընթացի մաս պիտի պատկերացնի, ոչ թե սպասի, թե երբ են երկիրը ծաղկեցնելու, որ իրենք լավ ապրեն:
Հանդիպման ավարտին Հակոբյանը ներկայացրեց իր և իր կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ ՍԴՀԿ նշանավոր գործիչ և կուսակցության հիմնադիրներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գիրքը, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և այլ հատորներ:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր «Նոր սերունդ» մշակութային միությունը: Հակոբյանի այս այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ են նախատեսված նաև ամերիկահայ մյուս գաղթօջախներում՝ Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Նյու Ջերսիում և Տորոնտոյում:
Մարինե Պետրոսյան
https://www.armenianbd.com/news/view/armenia-afrter-velvet-revolution.html











