2020 թվականի հոկտեմբերի 14-ն էր կամ 15-ը (44-օրյա աղետի իմ օրագրի մեջ պետք է ճշտեմ, որն այս պահին իմ մոտ չէ):
Ադրբեջանցիները գրավել էին Հադրութը և հարավային ուղղությունից առաջ էին շարժվում դեպի Շուշի: Հայկական բանակի պարտությունը աչքիս առաջ էր, զոհերի ու վիրավորների ահռելի ծավալը ինձ մոտ որևէ հույս չէին թողել, որ կարող ենք աղետալի պատերազմից առանց պարտվելու դուրս գալ:
Ես չէի հասցնում կարդալ քաղաքական տեքստերը, չէի հետևում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներին, բայց հասցնում էի տեսնել, որ անդադար Թուրքիային է մեջբերում, որ Թուրքիան նոր ցեղասպանություն է իրականացնում: Համարում էի և համարում եմ, որ անգամ ամենածանր պահին պետք է խոսել թուրքի հետ, որովհետև եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ռուսն է խոսելու կամ ամերիկացին:
Արցախից, եթե չեմ սխալվում՝ Շուշիի համանուն հյուրանոցից, որտեղ գիշերում էի մինչև հոկտեմբերի 23-24-ը, Whatapp-ով կապվեցի այն մարդու հետ, ով Նիկոլ Փաշինյանի կողքին էր և կարող էր իմ տեսակետը փոխանցել վարչապետին:
– Կարող ե՞ք պարոն Փաշինյանին փոխանցել մի բան, որ ուզում եմ ասել,- հարցերցի:
– Կարող եմ,- լսեցի պատասխանը:
– Կարող ե՞ք պարոն Փաշինյանին փոխանցել, որ անիմաստ է և Հայաստանին/Արցախին որևէ օգուտ չի տալիս Թուրքիայի հասցեին նրա հարցազրույցներում հնչող տեսակետը: Փոխարենը պետք է մարդ ուղարկել Էրդողանի մոտ,- ասացի:
– Այո, կփոխանցեմ,- պատասխանեց նա:
Ես չգիտեմ՝ իմ այս տեսակետը փոխանցվեց վարչապետին, թե՝ ոչ և ինչքանով էր իմ այս կարծիքը տեղին ու կարևոր նրա համար: Ես հեռու էի այն հույսից, որ եթե մարդ ուղարկեինք Էրդողանի մոտ՝ Թուրքիան դադարեցնելու էր մահաբեր Բայրաքթարների փոխանցումը Ադրբեջանին և ամեն տեսակի օգնությունը:
Իմ մտքում ես ունեի նաև երեք մարդու անուն, ովքեր կարող էին կապվել Թուրքիայի նախագահի հետ:
Այս պատմությունը, որ հրապարակային չեմ գրել, ես հիշեցի այսօր, երբ կարդացի, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ:
Ես մտածում եմ, որ փրկարարներ ուղարկելով Թուրքիա՝ Մարաշ ու ավերված այլ վայրեր, մենք առաջին հերթին օգնում ենք մեզ, մնում ենք ՄԱՐԴ և հույս ենք ունենում, որ պահելու ենք մեր պետությունն ու պետականությունը, այսօր՝ կոտրված մեջքով, բայց վաղվա հույսով, որ դուրս ենք գալու այս մղձավանջից:
Թաթուլ Հակոբյան
7 փետրվարի, 2023թ, Լոս Անջելես












