«Հայաստան. խաղաղության պարտադրում»․ ԱՆԻ կենտրոնը տպարան է ուղարկում Թաթուլ Հակոբյանի նոր հատորը

1140

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ տպարան է ուղարկում լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր հատորը, որը կրում է «Հայաստան. խաղաղության պարտադրում» հատորը: Գրքի երկրորդ վերնագիրն է՝ «Դեպքեր, դրվագներ, գրություններ ու մտորումներ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ներկայից ու անցյալից»:

Ներկայացնում ենք գրքի առաջաբանը:

Այս հատորում ամփոփված գրություններն ընդգրկում են մեր պատմության հիմնականում երկու՝ 1917-1921թթ և 2023-2025թթ ժամանակաշրջանը:

Հատորի բովանդակությունը գերազանցապես ներառում է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, առաջին հերթին՝ Հայաստանի պարտության ու նրան խաղաղության պարտադրման հատվածները:

Կարճ գրությունները նախապես արել եմ սոցիալական էջերում՝ վաղ առավոտյան առաջին դառը սուրճի հետ և կամ ուշ երեկոյան՝ գյուղական աշխատանքների ավարտին, ինչպես նաև Հայաստանի ճանապարհներին ու արտերկրում շրջագայելու ընթացքում: Հոդվածները հիմնականում հրապարակվել են ԱՆԻ կենտրոնի կայքում:

Այդ գրությունները որոշ (բայց ոչ իմաստային) փոփոխությունների են ենթարկվել՝ ընթերցողին քաղաքական ենթատեքստն ու խորապատկերը հասկանալի դարձնելու, ինչպես նաև՝ կրկնություններից խուսափելու նպատակով: Անհրաժեշտ դեպքերում արվել են կրճատումներ ու հավելումներ, տրվել հավելյալ բացատրություններ ու մեկնաբանություններ:

Այս հատորում ներառել ենք նաև 2023-2025 թվականների գրությունները և ուսումնասիրությունները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Արցախում առևանգված հայ պաշտոնյաների ձերբակալությունների մասին հոդվածաշարը: Տեղեկատվության հիմնական աղբյուրը եղել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, որոնց անունները հոդվածներում չեն նշվել:

«Հայաստան–Ադրբեջան. պատերազմների, խաղաղության և հարևանության 120 տարի» ծավալուն ուսումնասիրությունը գրվել է «Կանանց օրակարգ» հասարակական կազմակերպության պատվերով: 2025թ աշնանը հայկական այդ կազմակերպությունը ուսումնասիրությունը հրատարակել է առանձին գրքույկով:

«Սյունիք՝ Հայաստանի ողնաշարը վտանգի տակ» զեկույցը, որ ընդգրկում է 2021-2023 թվականները, հրապարակվել է ԱՆԻ կենտրոնի կայքում:

Հատորում ներառել ենք նաև «Հայերը և թուրքերը՝ 1918-1921» երեք մասերից կազմված ֆիլմաշարի սցենարը: Այս ֆիլմերը, որ կարելի է գտնել ԱՆԻ կենտրոնի Յութուբի ալիքում, հնարավոր եղավ իրականացնել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ալտեռայի հետ համագործակցությամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Թամար և Արմանդ Գըլըճեաններին Սան Ֆրանցիսկոյից: Նրանք անշահախնդիր կերպով օգնել են ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին և հրատարակություններին: Այս հատորը նվիրում եմ Թամար Գըլըճեանի սիրելի հոր՝ Ժիրայր Սարգիսեանի հիշատակին, որի անունով է ԱՆԻ կենտրոնի հայագիտական գրադարանը:

Շնորհակալություն եմ հայտնում Րաֆֆի Գարիբյանին (Ժնև/Երևան), Մասիս Առաքելյանին (Մոսկվա/Երևան) և Րաֆֆի Յովակիմեանին (Դամասկոս/Բեյրութ)՝ ԱՆԻ կենտրոնի գործունեությանը, ֆիլմերին ու հրատարակություններին օժանդակելու համար: