Հունաստանը դարձել է նախընտրելի ուղղություն հայ զբոսաշրջիկների համար: Աթենքից Երևան ու հակառակ ուղղությամբ թռիչքներ կան ամեն օր, իսկ վերջերս նույն ուղղության վրա սկսել է չվերթեր իրականացնել հունական մեկ այլ ավիաընկերություն:
Աթենք սա իմ երկրորդ այցելությունն էր: Առաջինը եղել էր մոտ քսան տարի առաջ՝ ՆԱՏՕ-ի մի ծրագրի շրջանակներում: Թեև մեկ շաբաթ մնացել էի Հունաստանի մայրաքաղաքում, սակայն շատ բան չէի հիշում: Անշուշտ, հիշում էի կապույտ ծովն ու Աթենքի հինգհարկանի սպիտակ շենքերը: Այն ժամանակ չէի հասցրել այցելել հայկական համայնքային կառույցներ, ծանոթանալ հունահայ գաղութի հետ, լինել դեսպանությունում:
Չորսօրյա իմ այցը կազմակերպել էին Աթենիք Հայ Իրավանց Խորհուրդը և Ռամկավար Ազատական կուսակցության Հունաստանի Շրջանային մարմինը: Երևանից Աթենք թռիչքը երկուսուկես ժամ է՝ հաճախակի ճամփորդողի համար՝ մի ակնթարթ: Օդանավակայանում ինձ դիմավորելու էր եկել ՀԲԸՄ կառույցի պատասխանատուներից Համբիկ Աղազարյանը:
Վենիզելոսի անվան օդանավակայանից մինչև հյուրանոց բավարար ճանապարհ էր, որպեսզի հիմնական տեղեկություններ ստանամ Հունաստանի, հունահայ համայնքի, ֆուտբոլային ակումբների մասին: Համբիկը ֆուտբոլի սիրահար է, նրա թիմը Հունաստանի ամենատիտղոսակիր ակումբն է՝ Պիրեյի Օլիմպիակոսը: HAYtravel ծառայության հիմնադիրը՝ Ռոբերտը, նույնպես մեծ ֆուտբոլասեր է, բայց նրա թիմը Հունաստանի մյուս տիտղոսակիր ակումբն է՝ Աթենքի Պանատինաիկոսը: Հիմնական դերբին այս երկու թիմերի միջև է:
Այցելության առաջին օրը հյուրընկալվեցի Հունահայոց թեմի առաջնորդարանում: Թեմի առաջնորդ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանի, ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության ատենապետ Սևակ Փանոսյանի և Հայ Իրավանց Խորհրդի նախագահ Լևոն Աղազարյանի հետ զրուցեցինք Հայաստանի և Սփյուռքի ցավերից ու հոգսերից:
Հունաստանը այն երկրներից է, որտեղ եկեղեցին բաժանված է երկու մասի՝ Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայության: Աթենքում Էջմիածինն ունի մեկ, Անթիլիասը՝ երեք եկեղեցի: Այս բաժանումը տեղի ունեցել 1958-ին՝ Սառը պատերազմի հետևանքով, երբ անգամ եկեղեցիները կատարեցին աշխարհքաղաքական ընտրություն: Աթենքում գործում են նաև Հայ կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները՝ փոքրաթիվ համայնքներ:
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, Լևոնի և Ռոբերտի հետ այցելեցի Աթենքի Օլիմպիական ստադիոն, որտեղ կայացել են ժամանակակից առաջին խաղերը 1896 թվականին։ Նույն օրն առավոտյան եղա ՀԲԸՄ Գալփաքյան դպրոցում: Այստեղ սովորում են հիսունից ավելի երեխաներ: Աթենքում ևս երկու դպրոց կա, որոնք մոտ են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և ՀՅԴ-ին: Միասին երեք դպրոցներ է հաճախում 200-ից մի քիչ ավելի երեխա, ինչը փոքր թիվ է Աթենքի մոտ 10 հազար հայության համար: Սա նշանակում է, որ հայերի մեծ մասը երեխաներին տալիս է հունական դպրոց:
ՀԲԸՄ Գալփաքյան վարժարանում ծանոթացա տնօրինության և ուսուցչական կազմի հետ: Երեխաները անակնկալ էին պատրաստել՝ երգ ու ասմունք, ինչպես նաև՝ թանկարժեք նվեր՝ Ա4 ձևաչափով թղթի ալբոմ, որտեղ Հայաստանի տարբեր վայրերի պատմաճարտարապետական հուշարձաններն են՝ իրենց կողմից արված նկարազարդումներով:
Երեկոյան Լևոն Աղազարյանը, Սևակ Փանոսյանը և ես հյուրընկալվեցինք Աթենքում Հայաստանի դեսպանությունում: Օգտակար զրույց ունեցանք և տարբեր տեղեկություններով փոխանակվեցինք մեր լավագույն դիվանագետներից, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ:
Նոյեմբերի 23-ի առավոտյան Սևակ Փանոսյանի հետ, իր մեքենայով անցանք մոտ 70 կիլոմետր՝ Ատտիկա թերակղզու ծայր հարավ, որտեղ Պոսեյդոնի տաճարն է: Պոսեյդոնը հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից էր։ Նրա տիրապետությունը օվկիանոսն էր։ Հաճելի էր Աթենքից դուրս լինելը, երեք կողմերից տեսնել ծովը, քար կղզիները:
Նոյեմբերի 23-ի երեկոյան «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ եւ վտանգներ» թեմայով ելույթ ունեցա Աթենքի ՀԲԸՄ «Արարատ» սրահում: Մոտ վեց տասնյակ մարդ էր հավաքվել: Երեկոն բացեց ՌԱԿ Հունաստանի Շրջանային վարչության ատենապետ Սեւակ Փանոսյանը, որից հետո ներկայացրեցի Հայաստան-Ադրբեջան, Հայստան-Թուրքիա և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ ամփոփ տեղեկատվություն: Անդրադարձավ նաև Արցախ հայ ժողովրդի վերադարձի հնարավորություններին, Հայաստանի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը: Ելույթի ավարտից հետո պատասխանեցի բազմաթիվ հարցերի, իսկ վերջում ստորագրեցի իմ հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:
ՀԲԸՄ Հունաստանի շրջանի ատենապետ Արիս Խաչատուրյանը և ՀԲԸՄ «Արարատ» մարզամշակության միության ատենապետ Հակոբ Առաքելյանը հիշատակի նվեր հանձնեցին ինձ՝ ձիթենու փոքր արձան: Հաջորդ օրը Լևոն Աղազարյանն ու Աթենքի հայերից Հուսիկ Առաքելյանը ինձ նվիրեցին մեկական ձիթենի: Այն արդեն տնկվել է գյուղի իմ այգում:
Դասախոսական երեկոյի ընթացքում ծանոթացա Հայ Իրավանց խորհրդի անդամ, Հունահայոց թեմի ատենապետուհի Լյուսի Բերբերյանի և ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության քարտուղար Զավեն Գրիգորյանի, ինչպես նաև տեսա ծանոթ դեմքեր:
Կիրակին իմ այցելության վերջին օրն էր: Առավոտյան ներկա գտնվեցի Աթենքի եկեղեցում մատուցված պատարագին: Եպիսկոպոս օծվելուց հետո, որ տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ Մայր Աթոռում, սա Խորեն սրբազանի առաջին պատարագն էր: Այս արարողությունից հետո Լեւոն Աղազարյանի հետ եղանք Հունաստանի հայ Ավետարանական եկեղեցում, որտեղ ծանոթացա և զրույց ունեցա վերապատվելի Վիգեն Չոլաքյանի հետ:
Ընդհանրապես, ինձ միշտ հիացրել է մեր պատվելիների ու վերապատվելիների համեստությունը, պարզությունն ու ժուժկալ կյանքը: Ճիշտ նույնպես, Հայ ավետարանական եկեղեցին է շատ համեստ՝ զերծ ավելորդ ճոխությունից և շռայլությունից:
Օրվա երկրորդ կեսին Լևոնի ուղեկցությամբ եղանք Ակրոպոլիսի թանգարանում, ինչպես նաև՝ նավահանգստում: Երեկոյան, նախքան օդանավակայան մեկնելը, հրավիրված էի եպիսկոպոսկան սեղանի՝ ի նշանավորումն Խորեն սրբազանի օծման, որը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում:
Հաճելի և օգտակար չորս օրեր անցկացրեցի Աթենքում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ ծանոթանալու, զրուցելու, սուրճ խմելու, Աթենքում և մայրաքաղաքից դուրս քայլելու, զբոսնելու, ընթրելու հնարավորություն ունեցա: Երևան հասա հարուստ տպավորություններով ու կրկին Հունաստան այցելելու փափագով:
Թաթուլ Հակոբյան
Աթենք, 21-24 նոյեմբերի, 2024












