Ստամբուլում հայ համայնքի հետ հունիսի 20-ի հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել, որ երբ «Խաղաղության խաչմերուկը» բացվի, Ադրբեջանն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց:
Կարևոր չէ՝ անունը միջանցք է՞, ճանապա՞րհ կամ անցում: Կարևորը հետևյալն է՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա տանող, Արաքսի երկայնքով, Մեղրիի շրջանում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում կառուցվելիք երկաթուղագիծն ու ավտոմոբիլային մայրուղին:
Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվել էր 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանին պարտադրել համաձայնելու, որ այդ ճանապարհը պետք է դրվի ռուսական սահմանապահ և անվտանգային ուժերի վերահսկողության տակ: Սա, ըստ էության, ոչ հավասարազոր, բայց Լաչինի միջանցի հայելային պատկերն էր: Ռուսաստանը երկու տարի անց Ադրբեջանին զիջեց Լաչինի միջանցքը, երբ ադրբեջանցիները Շուշիի մոտ փակեցին ճանապարհը, իսկ ամիսներ անց՝ 2023թ սեպտեմբերին, արցախահայությունը ստիպված եղավ լքել տները՝ կոտորածների սպառնալիքի տակ:
Հայաստանը բազմիցս հրապարակավ և ոչ հրապարակավ ընդգծել է, որ Մեղրիի միջանցքը կարմիր գիծ է, սակայն այժմ նախնական համաձայնություն է տվել, որ Արաքսի երկայնքով ձգվող մոտ 45 կիլոմետր երկարությամբ հաղորդակցության ուղիները և այլ ենթակառուցվածքներ, դրվեն ամերիկյան, ավելի ճիշտ՝ ամերիկահայկական կազմակերպության կառավարման տակ:
Սա նշանակում է, որ Բաքուն, իրենց ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» վրա չի ունենալու վերահսկողություն, իսկ Երևանը «Խաղաղության խաչմերուկի» գործառույթները պատվիրակելու է ամերիկահայկական կազմակերպության:
Երևանը, սկզբունքորեն, դեմ չէ նման տարբերակին, Բաքուն վերջնական որոշում չունի, և այդ իմաստով, կարևոր նշանակություն է ունենալու առաջիկա օրերին՝ հուլիսի 10-ին, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև նախատեսված երկկողմ հանդիպումը:
Ադրբեջանը պատրաստ չէ նաև խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված չէ: Երևանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Մինսկի խմբի լուծարմանը, որի գործընթացը կարող է սկսվել տարեվերջին կայանալիք ԵԱՀԿ հերթական համաժողովում:
Իր հերթին, Թուրքիան, սպասում է Ադրբեջանին, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանը սկզբում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող հայերի ու թուրքերի համար, ինչպես նաև Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին Ստամբուլ կատարած այցը էական էր:
Մեղրիի հաղորդակցությունների կառավարումը ամերիկահայկական կազմակերպությանը հանձնելու Վաշինգտոնի առաջարկը հավասարազոր է այն հանձնել ամերիկյան կողմին: Հայկական վերջավորությունը դրվել է ռուսական և թուլացած իրանական կողմի զայրույթը մեղմելու ակնկալիքով:
Վաշինգտոնը իր առաջարկը Երևանին և Բաքվին ներկայացրել է նախքան Իրանի վրա Իսրայելի հարձակումը:
Ադրբեջանը Մինսկի խումբը լուծարելու համար Հայաստանի հետ ԵԱՀԿ-ին դիմելու համատեղ առաջարկի հետ առաջ է քաշում երկու այլ նախապայմաններ՝ Սահմանադրության մեջ փոխել, ավելի ճիշտ՝ Հայաստանի Անկախության հռչակագրից հանել Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունը՝ 1989թ դեկտեմբերի 1-ի հղումը, և Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման:
Հավանական է ակնկալել, որ Ադրբեջանը մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններ չստորագրի արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև չդիմի ռազմական նոր ագրեսիայի: Այս պահին Ադրբեջանը Հայաստանի հետ նոր պատերազմի կարիք չունի:
Թաթուլ Հակոբյան
3 հունիսի, 2025, ԱՆԻ կենտրոն













