20 հնչակյանների կախաղանը Պոլսի Բայազետ հրապարակում. հունիս 15, 1915թ.

8235

1915-ի այս օրը՝ հունիսի 15-ին, Պոլսի Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին երկու տասնյակ հնչակյան գործիչներ:

Ահա նրանց անունները՝

  • Փարամազ
  • Տքթ. Պէննէ (Պետոս Թորոսեան)
  • Արամ Աչըգպաշեան- (Գրիգոր Գարապետյան)
  • Գեղամ Վանիկեան (Վան)
  • Մուրատ Զաքարեան (Մուշ)
  • Երուանդ Թօփուզեան
  • Յակոբ Պասմաճեան
  • Սըմբատ Գըլըճեան
  • Ռուբէն Կարապետեան
  • Արմենակ Համբարձումեան
  • Աբրահամ Մուրատեան
  • Հրանդ Եկաւեան
  • Գառնիկ Պօյաճեան
  • Յովհաննէս Տ. Ղազարեան
  • Մկրտիչ Երէցեան
  • Երեմիա Մանուկեան
  • Թովմաս Թովմասեան
  • Գարեգին Պօղոսեան
  • Մինաս Քէշիշեան
  • Պողոս Պողոսեան

Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։

1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։

Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ` կուսակցությունը կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով՝ կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության, կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը:

Համագումարում կայացված որոշումների մասին լրտեսների միջոցով տեղեկանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է 140 հնչակյան։

Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Պոլսի Բայազետ հրապարակում։