ՀՅԴ «Զանգ»-ը դատապարտում է Վրաստանը անկախ հայտարարելու քայլը․ 31 մայիսի, 1918թ

3765

ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆ

Անդրկովկասեան Սէյմը արձակւած է և Վրաց Ազգային Խորհուրդը յայտարարել է Վրաստանը անկախ դեմոկրատիկ հանրապետութիւն:

Այդ նշանակալից քաղաքական ակտը վրաց պետական գործիչների քաղաքական վաղեմի ձգտումների իրականացումն է և կատարւում է ճիշտ այն օրերին, երբ մեր ազատութեան կռիւը թևակոխում է իր ամենավճռական և օրհասական շրջանը:

Վրաց դեմոկրատիայի անւանի պարագլուխները, որոնք ռուս Մեծ Յեղափոխութեան առաջին շրջանում անձնւիրութեամբ փարել էին Ինտերնացիոնալի դրօշակին և իրենց սոցիալիստական հուժկու ճառերով թնդացնում էին Տաւրիկեան պալատը, այսօր իրենց հայրենիքում, աշխատաւորութեան գոյամարտի այս ողբերգական օրերին, երբ Անդրկովկասեան ժողովուրդները մահու և կեանքի կռիւ են մղում տմարդի և իմպերիալիստական Տաճկաստանի [Թուրքիա, Օսմանյան կայսրություն- ԱՆԻ] հետ, հանգիստ խղճով և անամօթաբար դաւաճանելով սոցիալիզմի հիմնական սկզբունքներին, պարտութեան փողը հնչեցին նաց.-դեմոկրատների շովինիստական քաղաքականութեան հանդէպ:

Անկախ Վրաստանի շլացուցիչ հեռանկարը այնքան էր կուրացրել վրաց իշխաններին և ազգայնականներին, որ նրանք Հաննիբալեան երդում էին տւել անդադար, մինչև յաղթանակը կռւել յեղափոխութեան իդէալներից և ազգերի եղբայրութիւնից բարբառող իրենց սոցիալիստ հայրենակիցների դէմ: Եւ նացիոնալիզմը յաղթանակեց: Գեգեչկորիները, Ժորդանիաներն ու Չխենկելիները միանալով Գւազաւաններին, Վրաստանը անկախ յայտարարեցին:

Վրաց սոցիալ-դեմոկրատիան յայտարարելով Վրաստանի անկախութիւնը, Անդրկովկասեան դեմոկարտիայի մահւան դատավճիռը կարդաց և երկրային ֆեդերալ իշխանութեան գերեզմանում թաղեց նաև ազգերի համերաշխութեան գաղափարը ու բազմատանջ աշխատաւորութեան իղձերն ու ձգտումները:

Մենք բազմիցս ենք շոշափել մեր թերթի էջերում ազգամիջեան յարաբերութիւնների ցաւոտ և էական խնդիրը, ըստ արժանաւոյն ենք գնահատել մեր դրացի ժողովուրդների բախտը տնօրինող խմբակցութիւնների վարած քաղաքականութիւնը. մենք առիթ ունեցել ենք մատնանշել այն տխուր փաստը, որ Անդրկովկասում պետական ֆրոնտի միութեան գաղափարը լոկ մի ֆիկցիայ է, իրական արժէքից զուրկ, շնորհիւ այն հանգամանքի, որ կառավարութեան մէջ եղած երեք ազգութիւնների ներկայացուցիչները չեն ունեցել ընդհանուր լեզու, մի ընդհանուր քաղաքական պլատֆորմ, որից պէտք է լինի պետական ներքին կեանքի բարգաւաճման գլխաւոր երաշխիքը:

Անդրկովկասի անփառունակ ապագան ու տխուր վախճանը նախատեսելի էր դեռ այն օրերին, երբ շնորհիւ կենտրոնական իշխանութեան անորոշ ու դիմազուրկ քաղաքականութեան, Անդրկովկասեան ժողովուրդների մէջ առաջ եկան տարբեր քաղաքական ձգտումներ:

Վրաստանի անկախութեան յայտարարումը ու ամբողջ երկրի պառակտումը, միայն վրաց սոցիալ-դեմոկրատիայի և թուրքական Մուսաւաթի կերտած պատմութեան վերջին ամօթալի խաղն է:

Եւ թող վրաց ժողովրդի դաւաճանութեան և հայ ժողովրդի մեկուսացման դատապարտելի փաստը կարմիր տառերով արձանագրւի Անդրկովկասի պատմութեան էջերում:

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ Երևանի Կենտրոնական և Քաղաքային կոմիտեների օրգան, թիւ 38, ուրբաթ, 31 մայիսի, 1918

Դիտել նաև Թաթուլ Հակոբյանի փաստագրական ֆիլմերը.